Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Ազատիչն էլ կարող է իր առաջարկն անել»

Մարտ 30,2015 14:30

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը՝ Աստանայի հանդիպմանը Սերժ Սարգսյանի չմասնակցելու,  ԵՏՄ-ում միասնական արժույթի եւ Թուրքալեզու պետությունների ալյանսի մասին:

Հայկական մամուլում շատ քննարկվեցին ու քննադատվեցին մարտի 20-21-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած ԵՏՄ երեք երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի, Նուրսուլթան Նազարբաեւի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպում-քննարկումները, որին չմասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ հանդիպումը, հիշեցնենք, պետք է կայանար ավելի վաղ՝ ամսի 10-11-ին, սակայն այն հետաձգվեց Վլադիմիր Պուտինի խորհրդավոր անհետացման պատճառով: Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը սխալ է համարում այս հանդիպման առումով Հայաստանում հնչած հիմնական հարցադրումը՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանին չէին հրավիրել այդ հանդիպմանը: «Առավոտի» հետ զրույցում պարոն դեսպանն ասաց. «Չի կարելի հարցն այդ կերպ դնել՝ չեն հրավիրել: Հանդիպման ֆորմատը «եվրասիական» չէր: Այդ հանդիպման ֆորմատը զուտ Ղազախստանի, Բելառուսի եւ ՌԴ-ի միջեւ երկկողմ եւ եռակողմ հարաբերություններին էր վերաբերում: Հանդիպման ընթացքում քննարկման առարկա էին հարցեր, որոնք ընդհանուր առմամբ չէին առնչվում Եվրասիական տնտեսական միությանը: Այդ պատճառով ես ճիշտ չեմ համարում նման հարցադրումը»: Հիշեցնենք. լրագրողների հարցերին համանման պատասխան էր տվել նաեւ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Առավոտի» դիտարկմանը, որ այդ հանդիպման ընթացքում, այնուհանդերձ, քննարկվեցին հարցեր, որոնք չէին էլ շրջանցում Եվրասիական տնտեսական միությունը, պարոն դեսպանը նկատեց. «Աստանայի հանդիպման ժամանակ որոշումներ չեն կայացվել: Ես կարծում եմ, որ երբ Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող որոշումներ ընդունվեն, դրանք նախօրոք կնախապատրաստվեն, դրա մասին կիմանա ոչ միայն Սերժ Ազատիչը, այլեւ մարդիկ, ովքեր Հայաստանում, այսպես ասած, պատասխանատու են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության առումով: Ես նկատի ունեմ, որ տեխնիկական անձնակազմի միջոցով կկազմվեն փաստաթղթերը եւ կներկայացվեն ստորագրման»: Հիշեցնենք, որ այդ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը խոսեց Ղազախստանի, ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ միասնական արժույթի անցնելու մասին: Մինչ այդ իր երկրի Կենտրոնական բանկի պատասխանատու մարմիններին Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ստուգել ԵՏՄ տարածքում միասնական արժույթի անցնելու հնարավորությունները:

Մեր դիտարկմանը, որ Աստանայում ՌԴ նախագահը շեշտեց ԵՏՄ անդամ երեք երկրների անունները՝ կրկին բաց թողնելով Հայաստանի անունը, Այիմդոս Բոզժիգիտովը հակադարձեց. «Ոչ ոք Հայաստանին չի բացառել: Դա պարզապես առաջարկ էր նախագահներից մեկի կողմից՝ այնպես, ինչպես Սերժ Ազատիչն էլ կարող է իր առաջարկն անել»: Հստակեցնող հարցին՝ եթե ԵՏՄ-ում չորս պետություններ են ընդգրկված, ինչո՞ւ է առաջարկ հնչում երեք՝ ՌԴ, Ղազախստան, Բելառուս, պետությունների մասով, դեսպանը խուսափողական պատասխան տվեց. «Մենք միշտ էլ հայտարարում ենք, որ այս պահին ԵՏՄ-ն կազմված է չորս պետությունից»: «Առավոտի» պնդմանը, որ միասնական արժույթի անցնելու հարցում ՌԴ նախագահը հնչեցրել է հենց ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի անունները, դեսպանը հակադարձեց, որ նման բան չի եղել. «Լրագրողներն են իրենց տեսությունները գրում: Եղել է պարզապես զուտ առաջարկ, հնարավոր է՝ Պուտինից… Ես ինքս պաշտոնապես չեմ տեսել նման առաջարկ: Դրանք զուտ լրագրողական հնարքներ են»:

Հատկապես ռուսական մամուլում շատ գրվեց, որ Ղազախստանի նախագահը նախաձեռնում է Թուրքալեզու պետությունների ալյանս: Արդյոք խնդիրը կրոնակա՞ն արմատներ ունի ու ուղղված է տարածաշրջանի մյուս պետությունների դե՞մ` մեր հարցին դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը պատասխանեց. «Թուրքերը, ադրբեջանցիները եւ մյուս թուրքալեզու ժողովուրդները բնականաբար օգտագործում են իրենց լեզվի, ավանդույթների ընդհանրությունները: Մենք ունենք Թուրքական խորհուրդ: Այս ամենն արվում է նրա համար, որպեսզի ընդհանրություններն առավել դյուրին օգտագործվեն, զուտ պրագմատիկ քայլ է: Ոչ ոք ոչ մի այդպիսի պետություն չի պատրաստվում կառուցել: Ղազախստանի բնակչության 40 տոկոսը այլ էթնոսների ներկայացուցիչներ են, իսկ որպեսզի պետությունն ամուր լինի, երկրում կայունություն է պետք: Ղազախստանը թուրքալեզուների ալյանս է նախաձեռնել, միաժամանակ ԵՏՄ-ի հիմնադիրներից է, միաժամանակ սերտ եւ երկարաժամկետ համագործակցության ծրագրեր ունի ԵՄ-ի հետ: Այսինքն՝ Ղազախստանն այդ հարցերում շատ տոլերանտ է ու երբեւէ իրեն անհարմար վիճակի մեջ չի դնի զուտ նրա համար, որ մի էթնիկ ժողովրդի մտադրություն կա: Ղազախստանն այսօր զարգացած պետություն է, տարածաշրջանում դոմինանտ դերակատարում ունեցող, ինքնաբավ տնտեսական զարգացում ունի եւ բավարար ուժ եւ հնարավորություններ՝ նախեւառաջ սեփական շահերն առաջ տանելու»:

Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում հրապարակային դժգոհություն հայտնեց, որ ՌԴ-ն շարունակում է սպառազինել Ադրբեջանին: Հետաքրքրվեցինք՝ ՀՀ նախագահի այս հայտարարությունը ի՞նչ ազդեցություն կունենա ԵՏՄ շրջանակներում Հայաստանի համագործակցությունների վրա: Դեսպանն ասաց, որ հարցը ԵՏՄ-ի շրջանակներից դուրս է եւ բացառապես ՀՀ-ՌԴ բազմակողմանի համագործակցությունների տիրույթում է: Այն, որ այժմ Հայաստանն ակտիվ շփումներ է վերսկսել Եվրոպական միության հետ, դեսպանը խնդիր չի համարում: Նա որեւէ կերպ չի տեսնում, թե ՀՀ-ի ակտիվ համագործակցությունը Եվրոպայի հետ ինչպես պետք է խանգարի ԵՏՄ-ում համագործակցությանը. «Ղազախստանն ու Բելառուսն էլ ակտիվ աշխատում են Եվրոպայի հետ, ու դա չի խանգարում»:

Այիմդոս Բոզժիգիտովն, ով ավարտում է մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունը եւ մեկնելու է Ղրղըզստան, լավ տպավորություններով է հեռանում Հայաստանից. «Իմ պաշտոնավարման շրջանում կառուցողական երկխոսություն ծավալվեց իմ երկրի եւ ՀՀ քաղաքական իշխանությունների միջեւ, տնտեսական համագործակցություն ծավալվեց, Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին: Ես բավարարված եմ հայաստանյան աշխատանքով: ՀՀ ղեկավարությունն աշխատանքային բոլոր պայմաններն ապահովել է, մենք բավական սերտ ենք աշխատել ՀՀ կառավարության հետ»:

Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031