Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկեր Հեյդար Ալիեւի կուսակցական 7 (եօթ) մեղքերը

Ապրիլ 03,2015 12:30

2001 սեպտեմբեր 11-ի Նիւ-Եորքեան աղետեալ զոյգ աշտարակներից մէկում էր գտնւում «Բիզնես եւ թուրիզմ» ռուսատառ թերթի խմբագրութիւնը, որի անձնակազմը հայեր էին: Թերթը հիմնականում արծարծում էր Անդրկովկասի տարածաշրջանի քաղաքական-տնտեսական կացութիւնն ու Հայաստանին առնչուող կարեւոր հարցերը եւ պատրաստւում էր իր բովանդակութեանը աւելի յարմար անուն ընտրել, սակայն 9\11 աղէտը կանխեց այդ ամենը եւ թերթը դադարեց գոյութիւն ունենալուց: Ի յիշատակ հայորդի կորուստների, թարգմանաբար եւ աննշան կրճատումներով  ներկայացնում ենք թերթի` 2001 թ. թողարկման նախավերջին ստորեւ յօդուածը՝  հիմնուած ռուսական հանդէսներից մէկի հետազօտական նիւթերի եւ փաստերի հիման վրայ: Մեր նպատակն է նաեւ ընթերցող լայն զանգուածներին ցոյց տալ հայկական թեմաներով՝ ընդհանրապէս ադրբեջանական եւ մասնաւորապէս Ալիեւների կեղծարարական ու զրպարտչական քարոզներին հակադարձելը՝ իրական փաստերով ներկայացնելով այդ քաղաքականութեան հեղինակներ ալիեւեան կլանի ստոր նկարագիրը:

Ալիեւների ընտանիքը ծագել է 19-րդ դարի վերջերին Հայաստանում ապրած, իսկ հետո Նախիջեւան տեղափոխուած քրդական ցեղերից: Հեյդարի հայրը եղել է բանուոր (ոչ հասարակ), հօրեղբայրը՝ Հասանը 30-40-ականներին եղել է Ադրբեջանի կոմունիստական կուսակցութեան քարտուղար: Եղբայրներից մէկը եղել է ակադեմիկոս, միւսը՝ գեղանկարիչ: Իսկ ինքը՝ Հեյդարը, իր ժառանգական խորամանկութեամբ ու ճարպկութեամբ ընթացաւ իշխանական գագաթներ տանող անհարթ ու ոչ ուղիղ ճանապարհներով:

Առաջին մեղքը-–Զեղծարարութիւն, կեղծարարութիւն

Ըստ պաշտօնական կենսագրութեան, ծնուել է 1923 թ. մայիսին: 14 տարեկանում ընդունուել է երկամեայ ուսուցմամբ մանկավարժական ուսումնարան, սակայն երբէք չի աշխատել որպէս ուսուցիչ: 1939-ին նրան ուղարկում են ճարտարապետութիւն ուսանելու: Սկսւում է 2-րդ Համաշխարհային պատերազմը, բայց նա ճակատ չի գնում, որովհետեւ թոքախտաւորի կեղծ տեղեկանքներ է ներկայացնում զինկոմիսարիատին: Հետագայում, Մոսկուային ուղղուած բողոքների հիման վրայ եղած ստուգումը պարզել է, որ նրա ծննդեան եւ այլ փաստաթղթերը անհետացած են եւ միայն մանկավարժական ուսումնարանում իր ձեռքով գրած դիմումից պարզուել է, որ ծնուել է 1922-ին, իսկ իր թղթապանակը այստեղ նոյնպէս անհետացել էր՝ ստուգողների ժամանումից մի փոքր առաջ:

Երկրորդ մեղքը-–Անբարոյականութիւն

1941-ին, Հասան հօրեղբօր շնորհիւ, Հեյդարը տեղաւորուել է Պետական անվտանգութեան կոմիտէում (ՊԱԿ- KGB): 1948-ին ամուսնացել է Դաղստանի քարտուղարի դստեր՝ գեղանի, խելացի, դոկտորական տիտղոսով աղջկայ հետ: Կէս տարի հետո, Ալիեւը դաւաճանում է կնոջը՝ կապուելով մի ուկրաինուհու հետ, ով ժամանակին քարշ էր եկել գերմանացի զինուորների հետ եւ փորձել էր փախչել Գերմանիա: Այդ կնոջը հետագայում հաւաքագրեց KGB-ն, որտեղ աշխատում էր Ալիեւի հետ միասին, միաժամանակ պահելով գաղտնի բնակարան՝ սեռական հանդիպումների համար: Ալիեւին գործից հեռացնելուց փրկեց Հասան հօրեղբայրը: 1969-ից սկսած, 14 տարի եղաւ Ադրբեջանի առաջին դէմքը, մինչեւ որ KGB-ի նախկին պետ Անտրոպովը դարձաւ (Բրեժնեւից հետո) կուսակցութեան գլխաւոր քարտուղար եւ Ալիեւին տարաւ Մոսկուա՝ որպէս քաղբիւրոյի (պոլիտբիւրոյի) անդամութեան թեկնածու:

Երրորդ մեղքը–– Կեղծ տուեալներ, յաւելագրումներ ներկայացնելը

Ադրբեջանի առաջին քարտուղար եղած ժամանակ, գիտենալով, որ Մոսկուան աւելի շատ բամբակի պահանջ է ներկայացնում երկրին, սկսեց շարքից հանել Ադրբեջանի բոլոր գիւղատնտեսական ճիւղերը, անասնապահութիւնը եւ այլն, տեղի-անտեղի ընդարձակելով բամբակի դաշտերը: Բայց արդիւնք չկար եւ երբէք 1 միլիոն տոննայից աւել բերք չի ստացուել (նաեւ տեսականօրէն հնարաւոր չէր): Սակայն Ալիեւը Մոսկուա զեկուցեց 2 միլիոն տոննա բերքի մասին: Վերջիվերջոյ, կեղծիքը մէջտեղ ելնելուց հետո, բամբակացան 6 շրջանների ղեկավարներին, որոնց Ալիեւը ստիպել էր սուտ տուեալներ ներկայացնել, բանտ նետեցին՝ Ալիեւի կարգադրութեամբ:

Չորրորդ մեղքը-— Կաշառք եւ նուէրներ

Ալիեւի երկրորդ քարտուղարները ռուսներ էին, որոնց շատ յաճախ էր նա փոխում (գործ տալու համար կարելի էր դրամ շորթել, ինչպէս որ անում էր շրջանի ղեկավար, նոր դատախազ, ոստիկանապետ եւ այլ պաշտօններ բաշխելիս): Շատերը խուսափում էին նրա մոտ աշխատանքի գնալ. այդպիսիններին առատ նուէրներ էր տրւում՝ սկսած (ռուսների սիրած)՝ թուզի ու պտուղների մատակարարումից, մինչեւ անհատական հաւաքածոյի հարստացմանը օգնելով: Եթէ Ադրբեջանի ակադեմիայի նախագահը Մոսկուա գնար գնացքով՝ ապա եւս յատուկ վագոն էր կցւում գնացքին՝ ձկնկիթ (խաւիար) եւ թառափ ձուկ (օսետրինա) ուղարկելու համար: Լ. Բրեժնեւի՝ մահուանից երեք շաբաթ առաջ իր տիկնոջ հետ Բաքու եղած ժամանակ, Ալիեւը տիկնոջը նուիրել էր ադամանդէ եւ թանկարժէք քարերով ոսկեայ նուէր, որի պատրաստելը եւ վերցնելը չէր գրանցուել գործարանում: Իրանից ժամանող բարձրաստիճան հիւրի համար շտապ կերպով կառուցել էր ընդունելութեան տուն՝ մէկ միլիոն դոլարի արժէքով: Դրա մէջ հիմա ինքն է նստում:

Հինգերորդ մեղքը-— Հովանաւորչութիւն եւ խնամիութիւն

Նկատելով, որ բանակում ադրբեջանցի երիտասարդներին միայն շինարարական բատալիոններում են ծառայեցնում (հաշուի առնելով զինուրական գործում նրանց անկարողութիւնը), յանուն ազգային հպարտութեան՝ Ալիեւը իր երկրում ստեղծել էր զինուրական ուսումնարան, հետագայում դրա շրջանաւարտներին տեղաւորելով Մոսկովեան եւ ռուսական բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում՝ դարձնելով հրամանատարներ եւ ձրիօրէն, իր հաշուին, օգնում էր նրանց բոլոր հարցերում, նաեւ տեղաւորելով կեդրոնական մարմիններում, մամուլի լրատուական ասպարէզներում ու նաւթարդիւնաբերութեան ճիւղերում: Սրանց ցուցակները նա պահում էր իր գանձարկղում: Անկախացումից հետո, 1993-ին, նրանք փոխյատուցելով իրենց հովանաւորին՝ օգնեցին նրան բռնի զաւթելու իշխանութիւնը եւ դառնալու նախագահ:

1960-ականներին, նաւթը (քարիւղը) ցամաքում վերջանալուց հետո, խիստ պակասել էր նաեւ 1970-ականներին արդէն ծովից կատարուող հանոյթը: Ադրբեջանին սպառնում էր նավթարդիւնաբերութեան գործարանների փակումը: Ալիեւը շահագործելով ծանօթ ու խնամիական կապերը, հասաւ այն բանին, որ Չեչնիայի Գրոզնի քաղաքից դէպի Բաքու գնացող նավթատար կառուցուեց: Իսկ կաշառակեր Բրեժնեւի հետ մօտիկութեամբ՝ Ուկրաինայում նախատեսուած օդափոխիչ օդորակիչների (air-condition) գործարանը կառուցել տուեց Բաքւում:

Վեցերորդ մեղքը-— Հաւատափոխութիւն

Կոմկուսի գլխաւոր քարտուղար Անտրոպովի օրօք, Ալիեւը դարձաւ քաղբիւրոյի (պոլիտբիւրոյի) անդամ եւ ԽՍՀՄ վարչապետի առաջին տեղակալներից մէկը, ում ենթակայ էին 14 նախարարութիւններ եւ երկրի տրանսպորտն ու սոցիալական հարցերը (Անտրոպովը Ադրբեջանի ու Վրաստանի KGB-ականներ Ալիեւի եւ Շեւարդնաձէի միջոցով փորձում էր պետանվտանգութեան ղեկավարներին հանրապետութիւնների առաջին դէմքեր նշանակելու հնարաւորութիւնը-Ն.Ո.):

Սակայն Գորբաչովի օրօք, Ալիեւը որքան էլ որ ձգտում էր իր մեթոդներով մօտիկանալ նոր ղեկավարութեանը, չկարողացաւ: Անընդհատ նկատողութիւններ էր ստանում Գորբաչովից՝ Սիբիրում կառուցուող Բայկալ-Ամուրեան երկաթգծի անյաջողութիւնների ու վնասների համար: Իր ելոյթների ժամանակ ստորացւում էր Գորբաչովի ռեպլիկներով, մինչեւ որ կաթուած ստացաւ, չորս ամիս պառկեց եւ հենց հիւանդանոցում գրեց իր հարկադրական հրաժարականը, զրկուելով բոլոր ծառայական արտօնութիւններից, ամառանոցից, աւտոմեքենայի սպասարկումից եւ այլն: Սրանցից բացի, երեք տարի մնաց տնային կալանքի տակ: 1991թ. Մոսկուայում կատարուած յայտնի յեղաշրջումից մէկ ամիս առաջ, Ալիեւը իր մարքսիստական հաւատից եւ կուսակցութիւնից հրապարակաւ հրաժարուեց, հետո ուխտագնաց եղաւ դէպի Մեքքա եւ մեկնեց Նախիջեւան:

Եօթներորդ մեղքը-— Արիւն եւ նավթ

Ալիեւը Նախիջեւանում տեղական պառլամենտի խօսնակն էր, ինչը բաւարար չէր իր համար: Նրա նախիջեւանեան կլանը՝ տոհմային կլիկը Ադրբեջանում միշտ ուժեղ է եղել եւ Բաքւում եղած ժամանակ պաշտօնների 3\4-ը նախիջեւանցիներինն էր: Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ՝ Էլչիբէյը պայմանագրեր էր պատրաստում աշխարհի խոշոր ընկերութիւնների հետ՝ տարեկան 50 միլիոն տոննա նավթի հանոյթի համար, որին ռուսները չէին մասնակցում: Պայմանագրերը դեռ չստորագրած, Ադրբեջանի Գեանջա (Գանձակ) քաղաքից խռովութիւն բարձրացաւ. խռովարարները ռուսական զէնքով մտան Բաքու. նրանց հետ նաեւ Ալիեւը: Էլչիբէյը փախաւ: Ալիեւը իր ձեռքը վերցրեց նավթի գործը եւ վրէժ լուծելու համար Ռուսաստանին մասնակից չդարձրեց: 1994-ին յուսախաբ ռուսները երկրորդ անգամ կազմակերպեցին նոյն խռովութիւնը, բայց Ալիեւը իր հովանաւորած զինուորական ու ոստիկանական կադրերով արեամբ ճնշեց խռովութիւնը: 1995 թ., երբ պիտի կնքուէին մինչեւ 1994 թիւը գաղտնի պահուած եւ չհրապարակուած պայմանագրերը, դարձեալ խռովութիւն ծագեց՝ այս անգամ Բաքւում, սա էլ ճնշուեց արեամբ: Մէջտեղ դրուեց Թուրքիայից սկսուող՝ Ջէյհան- Բաքու խողովակաշարի առաջարկը (գծի ճանապարհը չէր ճշտւում. Արեւմուտքը դէմ էր Իրանով անցնելուն, Թուրքիան՝ Հայաստանի վրայով՝ թէեւ դա ամենակարճն էր, Ռուսաստանը ձգտում էր իր տարածքով անցնելուն, ինչին էլ դէմ էր Արեւմուտքը – Ն.Ո.): Այս անգամ խանգարեց այն, որ Ռուսաստանը մէկ միլիարդ դոլարի զէնք ծախեց Հայաստանին, ինչի մատակարարները մնացին անյայտ (բայց դրանով վտանգուեց այդ գծի կառուցման Նախիջեւանեան ուղղութիւնը, քանզի հայերը Ղարաբաղի Ֆիզուլի քաղաքից իջան հարաւ՝ մինչեւ Արաքս գէտը-Ն.Ո.): Այս անգամ Ալիեւը զիջեց, նախնական համաձայնութիւն տալով նավթատարը Ռուսաստանի տարածքով կառուցելուն, սակայն այն ժամանակ դեռ ամէն ինչ հարցական էր (վերջնականը, ինչպէս գիտենք արդէն, դարձաւ թէեւ շատ երկար ու ծախսատար, բայց չեզօք Վրաստանով անցնելու տարբերակը- Ն.Ո.):

Այսպիսով, խռովութեան շնորհիւ, յեղաշրջումով իշխանութեան եկած Ալիեւը տիրացաւ նավթին, երկրի հիմնական հարստութիւնը նուիրելով որդուն՝ Իլհամին, իսկ երկրորդ հարստութիւն համարուող բամբակը՝ դստերը-Սեւիլին, դարձնելով նրան բամբակի ընկերութեան գլխաւոր ղեկավար:

Այստեղ չեն բերուած հանցագործ Ալիեւի ծանրագոյն մեղքերը՝ Նախիջեւանի ու Ղարաբաղի հայաթափման մասին, որոնք առանձին նիւթ են:

ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ
ԱՄՆ

Հետ գրութիւն
Այս նիւթը գրուել էր տարիներ առաջ, սակայն Հեյդարի որդու՝ կրտսեր Ալիեւի՝ Իլհամի կողմից շարունակուող քաղաքական ցինիկ ղեկավարութիւնը արդիական դարձրեց շարադրուած նիւթը:

«Առավոտ» օրաթերթ
02.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930