Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները Կիպրոսում

Ապրիլ 04,2015 14:07

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 3-ին հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետություն այցելելու համար եւ վստահեցրել, որ երկու երկրների՝ դարերից եկող բարեկամական հարաբերություններն ավելի կզարգանան փոխայցելությունների արդյունքում: Նախարար Կասուլիդեսն իր խոսքում նշել է, որ Կիպրոսը ջանք չի խնայի, որպեսզի աշխարհը ճանաչի Թուրքիայի կողմից իրագործված ոճրագործությունը: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նախարարն ասել է, որ երկու ժողովուրդներն ունեն ճակատագրական ընդհանրություն. երկուսն էլ տուժել են Թուրքիայի անմարդկային գործողություններից:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, վստահեցրել է, որ երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակի երկխոսություն: Նա նշել է, որ հայ-կիպրական միջպետական հարաբերություններում հատուկ դեր է վերապահված օրենսդիր մարմիններին: Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա միջխորհրդարանական հարաբերություններն առանձնանում են իրենց շարունակական ակտիվությամբ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ակնկալում է, որ երկու խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջեւ համագործակցությունը կծավալվի նույն արդյունավետությամբ:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը, սակայն դրանց կարգավորման միջոցների առումով ընդհանուր մոտեցումը նույնն է՝ առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: Արցախյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է: Հայաստանի համար այս ձեւաչափը չունի այլընտրանք, եւ սա է մեր սկզբունքային դիրքորոշումը»:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը եւս մեկ անգամ փաստել է, որ Հայաստանը դեմ է պատերազմին, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է դրան: Խոսելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին՝ Գալուստ Սահակյանն անդրադարձել է նախորդ տարի իրականացված լայնամասշտաբ ռազմական գործողություններին ու նշել, որ այդ օրերին Հայաստանում ազգը եւ բանակը միավորվել էին մեկ գաղափարի շուրջ: Նա նշել է նաեւ, որ Ադրբեջանը հրաշալի գիտակցում է հնարավոր պատերազմում իր ջախջախիչ պարտությունը:

Katoxikos-(4)

ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը, հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի եւ անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությունը եւ համատեղ ծրագրերի արդյունավետությունն առավել զարգացնելու ուղիները:

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանն ընդունել է նաեւ Համայն Կիպրոսի եւ Նովա Յուստինիանիի արքեպիսկոպոս Խրիստոմոս Երկրորդը: Այցելություն է եղել նաեւ Բյուզանդական թանգարան, որտեղ Գալուստ Սահակյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում:

Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն: Պատվիրակությունը Երեւանում կլինի ապրիլի 5-ին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930