Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հասկանում եմ, որ ձեր ծնողներն ինձ չեն կարող ներել». Արմեն Աշոտյանը՝ աշակերտներին

Ապրիլ 13,2015 15:27

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (ՀՀ ԿԳՆ) նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենախելացին» հեռուստանախագծի կիսաեզրափակիչ փուլի մասնակիցներին:

«Խոստովանեմ, որ ուշի-ուշով հետևում եմ ձեր խաղին: Կան հարցեր, որոնց պատասխանները ես էլ չգիտեմ և շատ եմ ուրախանում, երբ դուք պատասխանում եք դրանց: Հիշեք, որ ձեր հաջողությունը մեր հաջողությունն է: Շնորհակալ եմ այն բավականության համար, որ մենք ստանում ենք ձեր խաղին հետևելիս»,- երեխաներին ողջունելով՝ ասաց Ա. Աշոտյանը:

-Ձեզ արդեն ճանաչո՞ւմ են փողոցներում,- հանկարծ հարցրեց նա:

-Այո,- պատասխանեցին երեխաները:

-Մոտենում ու լուսանկարվո՞ւմ են,- շարունակեց նախարարը:

Երեխաների «ոչ» պատասխանին Ա. Աշոտյանն արձագանքեց. «Ոչինչ, մի քիչ էլ կմեծանաք, ձեզ հետ էլ կլուսանկարվեն: Դե իմ գործին հո միանգամից չե՞ք խփի: Վստահ եմ, որ հաղթողին փողոցում տեսնելիս միանգամից կշրջափակեն երկրպագուները»:

ԿԳ նախարարը ցանկացավ «Ամենախելացին» հեռուստանախագծի կիսաեզրափակիչ փուլի մասնակիցներից լսել նաև նրանց կարծիքը ինչպես խաղի, այնպես էլ դպրոցի և ընդհանրապես կրթության մասին:

Նրանցից Եգորը, որը Երևանի Գ. Նժդեհի անվան համար 161 հիմնական դպրոցի աշակերտ է, նախարարին դիմեց հետևյալ հարցով. «Կլինի՞ մենք 12 տարի սովորենք մեր դպրոցում, ոչ թե գնանք ավագ դպրոց»:

«Եգո´ր ջան, քո թեման Ռոնալդոն էր: Ես Ռոնալդոյից շատ բան չեմ հասկանում, բայց կրթությունից մի քիչ հասկանում եմ: Կթողնե՞ս՝ ես զբաղվեմ իմ գործով, իսկ դու՝ քո»,- եղավ նախարարի պատասխանը:

Եգորը համաձայնեց՝ նկատելով, որ դա խնդրանք է:

Իսկ ահա Նարեկը կարծում է, որ 12-ամյա կրթությունը շատ երկար է, հատկապես տղաների համար. «Նրանք ավարտելուց անմիջապես հետո գնում են բանակ և ժամանակ չեն ունենում համալսարան ընդունվելուն պատրաստվել»,- նշեց Նարեկը:

«Դա ձեզ համար է արվել, էրեխեք ջան,- պատասխանեց Ա. Աշոտյանը.- արված է, որպեսզի ձեր կրթական փաստաթղթերը ճանաչելի լինեն դրսում, արված է, որպեսզի ձեր ստացած կրթությունը համադրելի լինի միջազգային կրթական ստանդարտների հետ: Ուրիշ բան, որ մենք դեռ ամբողջությամբ չենք կայացրել համակարգը բովանդակության տեսակետից:

Ինչ վերաբերում է ընդունվելուն, տղաները համալսարան ընդունվելու ժամանակ ունենում են: Այնպես չէ, որ դպրոցն ավարտում են ու միանգամից գնում են բանակ, թեպետ բանակ գնալն էլ տղաների համար է:

Եկեք այսպես պայմանավորվենք. երբ դուք լինեք 10-12-րդ դասարաններում, ես էլ դեռ կրթության նախարար լինեմ, այն ժամանակ կգաք և ինձ կոնկրետ կասեք, թե ինչից եք գոհ, ինչից եք դժգոհ, ինչ եք առաջարկում փոխել: Շատ լավ է, Նարե´կ ջան, որ հասարակության կարծիքի վրա հիմնվելով՝ հարց ես տալիս (դե, երևի, ինչ-որ մի տեղից լսել ես այդպիսի դժգոհություն), բայց հավատա՝ ավելի կարևոր է, որ մաշկիդ վրա զգաս և´ դրականը, և´ բացասականը, որովհետև հանրային կարծիքը երբեմն կարող է նաև տեղին չլինել: Մենք շատ հետաքրքիր հասարակություն ունենք: Երբևէ լսե՞լ եք, որ քննարկեն՝ այս կամ այն դեղն արդոք ճի՞շտ դոզայով են տվել, թե՞ ոչ, կամ, ասենք, իրենց հարևանի նշիկները ճի՞շտ են հանել, թե՞ ոչ: Չեք լսել, որովհետև դա վերապահում են մասնագետներին, իսկ ահա կրթության հարցերում բոլորը կարծում են, որ իրենք մասնագետ են…

Ես հասկանում եմ ձեր ծնողների դժգոհությունը, որ մեր 12-ամյա կրթության պատճառով դուք երկու տարի ուշ եք ավարտում, երկու տարի ուշ եք գնում բանակ, երկու տարի ուշ եք ընդունվում աշխատանքի, երկու տարի ուշ եք ամուսնանում, երկու տարի ուշ եք թոռ ունենում… Ծնողն ուզում է իր կենդանության օրոք հասցնել այդ ամենը ձեզ տալ, և երբ կրթության նախարարությունը երկու տարի հետ է գցում ձեր ծնողների պլանները, ես հասկանում եմ, որ նրանք ինձ չեն կարող ներել, բայց հուսով եմ՝ ժամանակի ընթացքում կհասկանան, որ դա արված է հենց ձեզ համար»:

Ինչ վերաբերում է կրթության որակին, Ա. Աշոտյանն ընդգծեց, որ այս հարցում չի պատրաստվում վիճել. «Ես ինքս եմ բազմիցս շեշտել, որ 12-ամյա կրթության ծրագիրն ամբողջությամբ կայացած չէ Հայաստանում: Բովանդակային առումով շատ մեծ գործ կա անելու»,- նշեց ԿԳ նախարարը:

Խաղի մասնակիցներից Հռիփսիմեի հարցն էլ հենց ԿԳՆ-ի՝ կրթության որակի բարձրացմանը միտված քայլերին էր վերաբերում. արդյոք ի՞նչ է անում նախարարությունն այս ուղղությամբ:

Ի պատասխան՝ Ա. Աշոտյանը նախ նկատեց, որ այդ քայլերի մասին խոսելը երկար ժամանակ կպահանջի, և ապա հավելեց. «Երբ ասում եք՝ Հայաստանում կրթության որակը լավը չէ, ես նեղանում եմ, որովհետև կրթական համակարգում ձեր ծնողներն են աշխատում, ձեր բարեկամները, հարևանները, ծանոթները… Այնպես չէ, որ մեր կրթության ոլորտում այլմոլորակայիններն են դաս տալիս. մերոնք են, չէ՞: Քառասուն հազար ուսուցչի, տասը հազար դասախոսի, երեք հարյուր հիսուն հազար աշակերտի, հարյուր հազար ուսանողի ես իմ տանից չեմ բերել, չէ՞: Քննադատությունը մի քիչ էլ նպատակային պետք է լինի: Ես համոզված եմ, որ եթե ամեն մեկն անի այն գործը, որը պետք է անի, խնդիրների ճնշող մեծամասնությունը կվերանա: Մի´ սպասեք, որ նախարարությունը ձեր փոխարեն աշխատի. նախարարությունը հազիվ իր փոխարեն է աշխատում»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “… բայց կրթությունից մի քիչ հասկանում եմ: Կթողնե՞ս՝ ես զբաղվեմ իմ գործով, իսկ դու՝ քո:”

    Վայ եդ ոնց խանգարեց, որ զբաղվես քո գործով: Եվ իրոք եդ ինչով չթողեց որ? ընդամենը հարց տվեց, ավելի ճիշտ խնդրանք, իր ցանկությունը հայտնեց: Դրա տրմաբանական պատասխանը չունես թե ինչու ես հասուն աշակերտներին իրենց հարազտ դպրոցից կտրում տանում ուրիշ տեղ? կարծում եմ եթե դու քո գործը իրոք գիտես, ապա շատ հանգիստ այդ հարցերի պատասխաննենրն էլ գիտես:

    վերջ ի վերջո կրթությունից հասկացողը պետք է առաջին հերթին հասկանա մանկավարժությունից ու աշակերտին միայն չկոպտի ու չբոթի երբ հարց են տալիս: նախարար ես, մի հատ ուսուցչի չափ համբերություն չունեցար աշակերտի հարցին պատասխանես: բա որ դասարան մտնես առանց նախարարական “պագոնների”:

  2. Armine says:

    *Ձեր համար է 12 տարի սովորելը,որ դրսում ճանաչելի լինի* ?Իսկ ինչ անպայման է նրանք դուրս գնան?Որ Ռուսաստանի դպրոցը որ 11 տարի էԱշոտյանի կարծիքով նրանք թերի զարգացած են?
    Повесил лапшу на уши детям,вместо того,что б прислушаться.

  3. Հարցն այն չէ, թե ծնողները ներում են կամ չեն ներում նախարարներին (և ոչ միայն), դա նախարարներին առանձնապես չի էլ հուզում: Հարցն այն է, որ մինչև 12-ամյա պարտադիր կրթական համակարգը ներդնելը հարկ էր մտահոգվել այդ համակարգի ծրագրային և նյութական ապահովման մասին: Իսկ ավագ դպրոցի ինստիտուտը պարզապես ձախողվել է: Ավագ դպրոցներում դասավանդում են նույն դպրոցում նախկինում դասավանդած ուսուցիչները, որոնց մի մասի մասնագիտական և մանկավարժական արժանիքները մեղմ ասած չեն ապահովում ապագա դիմորդին առանց լրացուցիչ վարժեցման քննություններ հանձնելու հնարավորություն: Այդ դեպքում ինչու չվերապատրաստել բոլոր դպրոցների ուսուցիչներին, և ինչու ամեն դպրոց իր ավագը չունենա: Դեռ քանի սերունդ, մասնակի կամ ամբողջովին, պետք է խոտանվի, որպեսզի վերջապես կայանա մեր կրթական համակարգը, կամ մենք ուշքի գանք ձևամոլությունից:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/04/13/560512/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  4. ՄԱՆՎԵԼ says:

    Պարոն նախարար.առաջարկում եմ մի այսպիսի փորձ կատարել. Համեմատել 1960-1970թթ 8- րդ դասարանը ավարտած քաղաքացիների գիտելիքները, Ձեր նախարար եղած տարիների բուհերում սովորող ուսանողների գիտելիքների հետ: Այդ ժամանակ կերևա ինչքան եք հասկանում կրթությունից

  5. նենե says:

    Նախարա՛ր,լավ էլ գիտես ,որ ոչ մեկի սրտով էլ չէ տասներկուամյան։Հարցրու՛ ծնողներին ,ուսուցիչներին և աշակերտներին։Գաղտնի հարցաթերթիկներով թող պատասխանեն;իրականը ցցուն կերևա։

  6. david says:

    Պատը էլի կմնա պատ,
    Կպակասի մի լավ ճակատ….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930