Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս նվիրեցին Նախիջեւանն ու Արցախը

Մայիս 02,2015 16:30

ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա Գուրգեն Եղիազարյանի վարկածը

սկիզբը՝

– Մի զրույցի ժամանակ ասացիք, որ հրեաների ձեռքով են Արցախն ու Նախիջեւանը տարանջատվել Հայաստանից: Ի՞նչ նկատի ունեք՝ ովքե՞ր եւ ինչպե՞ս են դա կազմակերպել ու իրականացրել:

– Մեր նախորդ զրույցում ես խոսել էի Իսրայել Լազերի Գելֆանդ-Պարվուսի մասին, ով երեք երկրի գործակալ էր: Այդ անձի գործունեությունը սկսվել է Ցյուրիխում՝ Պլեխանովի եւ Վերա Զասուլիչի հետ ծանոթությունից: Վերա Զասուլիչը երիտասարդ` 23-ամյա Պարվուսին Գերմանիայում ծանոթացնում է սոցիալ-դեմոկրատների հետ: Ու քանզի ներկայացնողը Վերա Զասուլիչն էր, Պարվուսն անխոչընդոտ դառնում է կուսակցության անդամ: Գիտեք, Վերա Զասուլիչի պայծառ կերպարը սոցիալ-դեմոկրատների շրջանում:

Սոցիալ-դեմոկրատների մի հսկայական մասը` չունենալով եկամտի ոչ մի աղբյուր, շատ բարվոք ապրում էին Եվրոպաներում՝ բնակվում էին լավագույն բնակարաններում, սնվում էին լավագույն ռեստորաններում, նրանցից եւ ոչ մեկը սովամահ չէր լինում: Հարց է առաջանում` ինչպե՞ս: Չէ՞ որ ցարի դեմ պայքարողները այնտեղից եկամտի ակնկալիք պետք է չունենային: Բազում օրինակներ կան, թե ինչպես էր ցարը պատժում այլախոհներին. ճիշտ անպես, ինչպես այսօր մեզ մոտ: Մնում է կասկածել, որ մարդիկ միգուցե հատուկ ծառայությունների գումարներո՞վ էին ապրում: Ի դեպ, գաղտնիք չէ, որ սոցիալ-դեմոկրատների մի գերակշիռ մասն անցել է տարբեր գործակալական ցանցերով: Պարվուսը լինելով գոնե հայտնի երեք երկրի գործակալ՝ միգուցե ավելի, որոնց մասին պատմությունը լռում է, այն դեմքերից էր, որը գերմանական ռազմական հետախուզությունում հավաքագրող գործակալի կարգավիճակ ուներ: Եվ ինչպես հետագայում պարզվեց, Եվրոպայում նրա հավաքագրած սոցիալ-դեմոկրատների մի զգալի մասը դարձան բոլշեւիկյան Ռուսաստանի կարկառուն դեմքեր: Նրանցից էին նաեւ Տրոցկին եւ Ռադեկը:

– Ճի՞շտ եմ հիշում` Պարվուսը եւ Տրոցկին ցարական Ռուսաստանում միեւնույն քրեական գործո՞վ էին անցնում:

– Այո: 1906 թվականին ցարական դատարանը նրանց դատապարտեց` Պարվուսին (Ռուսաստանում նա հանդես էր գալիս որպես Ալեքսանդր Լվովի Պարվուս) երեք տարի աքսոր` Հեռավոր Արեւելքում, իսկ Տրոցկուն` 15 տարի աքսոր` գույքի բռնագրավմամբ: Ճանապարհին նրանց «հաջողվեց» փախչել ժանդարմներից, եւ կրկին հայտնվեցին Շվեյցարիայում: Հայտնի է, ինչպես Պարվուսի, այնպես էլ Տրոցկու հետ աշխատել էր «Օխռանկայի» հավաքագրող սպա Զուբկովը, եւ նրանց հանդեպ դատավարությունն, ամենայն հավանականությամբ, օպերատիվ խաղ էր: Դրա համար էլ բարեհաջող կարողացան փախչել:

Մի փոքր անդրադարձ կատարեմ «արյունոտ կիրակիի» հայտնի դեպքերին: Պարվուսը ցարի տապալման հատուկ կոչեր էր գրում. հայտնի է նրա կոչը սոցիալ-դեմոկրատներին եւ մնացած «առողջ ուժերին», որոնք ցարիզմի դեմ էին դուրս եկել:

– Խնդիրը ցա՞րն էր:

– Խնդիրը միայն ցարը չէր: Հատուկ ծառայությունների գերխնդիրը ցարի տապալումն էր եւ Ռուսաստանի մասնատումը երկու տասնյակից ավելի փոքր պետությունների՝ ըստ ազգային պատկանելության: Արեւմտյան տերությունների գործակալական ցանցը խնդիր էր լուծում` ցանկացած գնով տապալել ցարին, եւ դրա ավանգարդում կանգնած էր Պարվուսը:

– Իսկ ինչո՞ւ էր ցարին պետք «արյունոտ կիրակին»:

– Դա ցարին հարկավոր չէր: Դրա կազմակերպիչը կիսագրագետ Գապոն քահանան չէր, այլ Պարվուսը` Տրոցկու հետ միասին: Փոխադարձ կրակոցներով մոտ 200 մարդ զոհվեց: Համար առաջին խնդիրն էր` ատելություն սերմանել դեպի ցարը, որը հաջողվեց. մարդիկ Նիկոլային արյունարբու անվանեցին:

Այդ նույն Պարվուսն էլ ուղղակի ճակատագրական եղավ հայ ազգի համար: Արդեն անդրադառնամ ձեր առաջին հարցին: Նա մեր ազգի հանդեպ իր դավադիր գործունեությունը շարունակեց նաեւ Աթաթուրքի օրոք: Պարվուսի շրջապատի մարդիկ, նրա ցանցով անցնող գործակալները արդեն լրջագույն դերակատարություն ունեին բոլշեւիկյան Ռուսաստանում: Փաստորեն, Մոսկվայի, Ղարսի տխրահռչակ պայմանագրերը կյանքի են կոչվել գործակալական մշակման արդյունքում: Այսքանով չավարտվեց հայ ազգի դեմ դավադրությունը: Այն շարունակվեց Արցախի եւ Նախիջեւանի պարագայում: Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիան մեզանից հողեր ստացավ: Լենինը մեկ միլիոն ռուբլու, որը հսկայական գումար էր, օգնություն ցուցաբերեց Թուրքիային: Իհարկե, Պարվուսի ուղիղ միջամտության արդյունքում: Քանզի դոնմե երիտթուրքերին փոխարինելու էր եկել դոնմե Աթաթուրքը:

1921 թվականին Պարվուսի եվրոպական շրջապատից Տրոցկին, Ռադեկը, Կամենեւը, Զինովեւը, Բուխարինը, Տոմսկին, Ռուզուտակը եւ այլք ընտրվել էին Կենտրոնական կոմիտեի անդամներ: Նույն թվականի հունիսի 5-ի Կովկասյան բյուրոյի որոշումը` Արցախը Հայաստանի անքակտելի մասի վերածել, ապրեց ընդամենը մեկ ամիս, քանզի Պարվուսին հաջողվեց օգնել Աթաթուրքին: Կենտկոմի որոշմամբ Արցախը հանձնեցին Ադրբեջանին, երբ ադրբեջանցիներն Արցախում յոթ տոկոս չէին կազմում: Նույն բախտին արժանացրին նաեւ Նախիջեւանը` այնտեղ էլ ունենալով հինգ տոկոս ազգաբնակչություն:
– Սեւրի պայմանագրի մասին ոչինչ չասացիք:

– Գիտեք, Վուդրո Վիլսոնն իրավարար վճիռ կայացնելու մանդատը կարողացավ իրացնել: Հիվանդության պատճառով այն չկարողացավ կյանքի կոչել: Մինչ օրս էլ այդ փաստաթուղթն իրավական ուժ ունի: Ո՞վ գիտի, միգուցե այդ պարվուսատիպերի ամենակարող ցանցը միջնորդեց նախագահի հիվանդությանը, որպեսզի իրավարար վճիռը չիրականանա:

– Ճի՞շտ է, որ Լենինն էլ է անցել Պարվուսի ցանցով, ինչպես Կերենսկին է բնութագրել:

– Գիտեք, ստույգ ասել չեմ կարող: Նման նյութերը մի 100 տարի հետո նոր կբացահայտվեն: Բայց Կերենսկին գիմնազիայում եղել է Լենինի տրամաբանության դասատուն եւ միակ չորսը, որ ստացել է նա, եղել է Կերենսկու նշանակած թվանշանը: Թե ուսուցիչն ի՞նչ է ասել գիմնազիստի համար` պատմությունը դեռ պետք է ճշտի:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
01.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարատ says:

    ՛՛Սոցիալ-դեմոկրատների մի հսկայական մասը` չունենալով եկամտի ոչ մի աղբյուր, շատ բարվոք ապրում էին Եվրոպաներում՝ բնակվում էին լավագույն բնակարաններում, սնվում էին լավագույն ռեստորաններում, նրանցից եւ ոչ մեկը սովամահ չէր լինում: Հարց է առաջանում` ինչպե՞ս:՛՛

    Այն, որ ուժային կառույցի նախկին բարձրաստիճան սպան չի նշում նշված զեխության հիմնական աղբյուրը՝ բանդիտների, այդ թվում՝ տխրահռչակ Կամոյի առեւանգած փողերը, տարօրինակ չէ, քանզի այդ փաստը դուրս է մնում իր կողմից հրամցվող, սակայն ո՛չ իր կառուցած վարկածի ենթատեքստից:

  2. Տիգրան says:

    Ռուսաստանում նա հանդես էր գալիս որպես Ալեքսանդր Լվովի Պարվուս: Լվովի՞, թե՞ Լվովիչ: Մի կողմ թողնենք, որ այդ Պարվուսը հայ չէ, նա անգամ ՀՀ քաղաքացի էլ չէ: Հետեւաբար, ի՞նչ անհրաժեշտությամբ է Ալեքսանդր Լվովիչ Պարվուս անունը ներկայացվում հայրանվամբ հանդերձ, եւ այն էլ սխալ, թե՛ իրավական, եւ թե՛ լեզվաբանական տեսակետից: Իրավականից՝ որովհետեւ մարդու անունը, քանի բաղադրիչից էլ որ այն կազմված լինի, անփոփոխ պետք է անկախ լեզվից: Որքան էլ ոմանց դուրը չգա եւ ժխտողաբար գլուխները տարուբերեն՝ մարդու անունը պետք է անփոփոխ լինի՝ Ալեքսանդր Լվովիչ Պարվուս, Александр Львович Парвус, Պետրոս Կիրակոսի Մարտիրոսյան, Петрос Киракоси Мартиросян, եւ ոչ երբեք Петрос Киракосович Мартиросян կամ Мартиросов: Իսկ լեզվաբանականից՝ որովհետեւ այդ Պարվուսի հոր անունը (ոչ թե հայրանունը) Լեւ է, ոչ թե Լվով: Հետեւաբար, եթե այդքան անհրաժեշտ էր նրա հայրանունը, այն էլ չգիտես ինչու, բայց հայկական ձեւով շեշտելը, ապա պետք է լիներ Ալեքսանդր Լեւի Պարվուս: Ու անունը դառնում է ծիծաղելի եւ անլուրջ: Թեպետ ծիծաղելի եւ անլուրջ է հենց նյութում ներկայացված ձեւով: Այս ամենը չէի գրի, եթե այդ Պարվուսի հայրանունը կամ գրված չլիներ, կամ ճիշտ գրված լիներ:
    Հ.Գ. Ըստ ՀՀ Կառավարության բազմաթիվ անհեթեթ որոշումներից մեկի՝ որը չգիտես որտեղ օգտագործելու համար է, հայրանունը պետք է գրել ուղիղ ձեւով՝ այսինքն՝ որ թե Ալեքսանդր Լեւի Պարվուս, այլ Ալեքսանդր Լեւ Պարվուս, ինչպես օրինակ, Գոհար Արշակ Վարդանյան, Վլադիմիր Վլադիմիր Պուտին, Օմար Իբրահիմ Խայամ: Բա ոնց: Բա հո չես ասի Գոհար Արշակի Պետրոսյան կամ Օմար իբն Իբրահիմ ալ Խայամ կամ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին: Կիքս կիքսի վրա: Բայց որ բացատրեիք, թե այս կիքսը ինչպես է տեղ գտել Առավոտում….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031