Լրահոս
Օրվա լրահոսը

Ձուկը հոտում է գլխից, բայց մաքրում են պոչից

Մայիս 29,2015 14:30

Ինչո՞ւ ընդդիմադիրները չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին

Հունիսի 7-ին քաղաքապետ են ընտրելու Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Սա տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքի ղեկավար կամ ավագանի) այս տարվա 70-րդ (յոթանասուներորդ) ընտրությունն է: Մինչ այս նման ընտրություն եղել է բոլոր 10 մարզերում: Ընդդիմադիր ոչ մի կուսակցություն այս ընտրություններին չի մասնակցել: 70 ընտրությանը թեկնածու է առաջադրվել ավելի քան 100 մարդ: Ընդդիմադիր ոչ մի կուսակցություն որեւէ ընտրության որեւէ թեկնածու չի առաջադրել: Նշված ավելի քան 100 թեկնածուների մեջ եղել են երկու ԲՀԿ-ական եւ երկու ՀՅԴ-ական, որոնք, սակայն, ինքնաառաջադրվել են:

Տեղական ինքնակառավարման այս համակարգը Հայաստանում գործում է 1996 թվականից: Անցած 19 տարում ընդդիմությունը երբեք չի կարեւորել եւ ակտիվ չի եղել ՏԻՄ ընտրություններում: Սա առնվազն զարմանալի է: 2003 թվականին ՀՀ նախագահի ընտրության ժամանակ իշխանություն եւ իշխանության թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Շիրակի մարզի Ձորակապ գյուղում 0 (զրո) ձայն ստացավ: Այդկերպ ձորակապցիները իրենց բողոքը հայտնեցին ձորակապցի նախկին բարձրաստիճան ոստիկան Մուշեղ Սաղաթելյանի ազատազրկման դեմ: Տան խոհանոցում բողոքող մարդուն ընտրատեղամաս բերելու «առիթ» է պետք: Մնացածը կանեն հենց բողոքավորները` իրենց քվեով: Ու արեցին: 2003-ին, ինչպես այսօր, Ձորակապի գյուղապետը իշխանության կուսակցությունից է: Համախմբված եւ միակամ համայնքի պարագայում պաշտոնապես արձանագրվեց քվեարկության իրական պատկերը: Մի՞թե այդքան դժվար է պատկերացնել, ընկալել, հասկանալ, ըմբռնել, թե ինչ կանեն համայնքի բողոքավոր քաղաքացիները, եթե համայնքի ղեկավարն իրենցից մեկը լինի: Ամենաքիչը ոչ մի կեղծիք թույլ չեն տա` լինի դա համայնքային, համապետական ընտրություն կամ պետության հատկացրած օգնություն՝ սերմնացուի բաշխում կարիքավորներին: Բայց ընդդիմադիրները ՏԻՄ ընտրությունը չեն կարեւորում, չեն մասնակցում: Ախր վաղուց է հայտնի, որ չկոտրվող ցախավելը բարակ ճյուղերի ամբողջություն է, Երկիր մոլորակի մակերեւույթի 30 տոկոս Խաղաղ օվկիանոսը փոքրիկ կաթիլների ամբողջություն է: Համայնքը, տեղական իշխանությունն այնքան կարեւոր է, որ Եվրոպայի խորհրդում վաղուց ստեղծվել է տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրես: Հայաստանն այդ կոնգրեսի անդամ է: Մի՞թե ձեւական: Իսկ այ, Թուրքիայի քրդերը հասկացել են տեղական իշխանության նշանակությունն ու ՏԻՄ ընտրություններին մասնակցելով՝ փայլուն արդյունքների հասել («Առավոտ», 7 փետրվար, 2009` «Համայնքը ուժ է եւ հզոր գործոն»):

ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի համաձայն՝ մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են հանրապետության նախագահի կողմից: Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Ոչ մի օրենք մարզպետին չի արտոնում միջամտել տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքին: Մի՞թե այդքան դժվար է պատկերացնել, ընկալել, հասկանալ, ըմբռնել, թե ուր կարող է ուղարկել իր գործին միջամտող մարզպետին բողոքավոր քաղաքացիների ընտրած եւ նրանց անվերապահ աջակցությունը վայելող համայնքապետը:

Մի՞թե այդքան դժվար է պատկերացնել, ընկալել, հասկանալ, ըմբռնել, թե ինչքան կոգեւորվեն համայնքի բողոքավոր քաղաքացիները, եթե որեւէ ընդդիմադիր կուսակցություն համայնքապետի թեկնածու առաջադրի, իսկ կուսակցության առաջնորդը համայնքի բնակիչներին հանդիպի, քարոզչություն անի, քվեարկության օրն էլ վստահված անձ լինի: Հայաստանում կա ավելի քան 900 համայնք: Այս տարի ՏԻՄ ընտրություն է եղել համայնքների 7 տոկոսում: Եթե ընդդիմությունը մասնակցեր ու ներկայացված լիներ ՏԻՄ-երում, իսկ ներկայացված լինելու հավանականությունը բարձր է, ապա 7 տոկոսով կնվազեր համապետական ընտրությունը կեղծելու տեղական իշխանության հնարավորությունը, 7 տոկոսով կաճեին բողոքավոր հայաստանցիների լավատեսությունն ու հույսը: Ու այսպես՝ 7-ը կդառնար 17 տոկոս, 27… 50 տոկոս գումարած մեկ համայնք` մեծամասնություն: 2008-ի մարտի մեկից հետո` մինչեւ տարեվերջ, համայնքի ղեկավարի ընտրություն է եղել Հայաստանի ավելի քան 700 համայնքում: Ընդդիմության մասնակցություն չի եղել, քաղաքացիների զայրույթ-բողոքը «տեղայնացնելու» փորձեր չեն եղել, մինչդեռ դա այն ժամանակաշրջանն էր, երբ ընդդիմադիր ՀԱԿ-ը բավական բարձր վարկանիշ եւ ժողովրդականություն ուներ: Դա նշանակում է, որ ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ի համակարգված եւ համախմբված մասնակցությունը բավական մեծ դրական արդյունք կտար, ու դրան համապատասխան չափով կնվազեր իշխանության վերարտադրության հնարավորությունը: Ընդդիմադիրները, սակայն, ՏԻՄ ընտրությունը չեն կարեւորում, չեն մասնակցում: Եվ շատ իզուր: Եվ ի վերջո՝ ձուկը հոտում է գլխից, բայց մաքրում են պոչից:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031