Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Շողակաթի վանք տարվեց Ս. Հովհաննես Կարապետի մասունքը

Հունիս 04,2015 16:19

Հունիսի 4-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Հովհաննես Կարապետի, Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը համընկնում է նաև Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի օրվա հետ:

Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների դասը հանդիսավոր թափորով և ուխտավորների ուղեկցությամբ Սուրբ Շողակաթ վանք բերեց Ս. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը: Սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

4-1 4-5

Ս. Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազում ուխտավորներ` գլխավորությամբ Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի:

Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ս. Շողակաթի վանահայր Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը:

Հայր Իգնատիոսն իր քարոզում մասնավորապես անդրադարձավ տոնի խորհրդին և Ս. Մարիանեի նահատակության վայրում կառուցված Ս. Շողակաթ եկեղեցու պատմությանը: «Մեր դարաշրջանում չի պահանջվում նահատակություն, պարզապես պետք է ընդունել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին մեր սրտերից ու հոգիներից ներս, ապրել Իր իսկ պատգամներին և ունեցած կյանքին համարժեք», – պատգամեց պատարագիչ Հայր Սուրբը:

Ս. Պատարագի ավարտին կատարվեց նաև Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով հավատացյալների օրհնություն:

Տոնի առիթով տեղի ունեցավ նաև Ս. Շողակաթ վանքին հարակից փողոցի ցուցանակի բացումը. Էջմիածին քաղաքի ավագանու որոշմամբ օրեր առաջ փողոցը վերանվանվել էր Ս. Մարիանեի անունով: Բացման արարողությանը իր սրտի խոսքն ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն Հոգեշնորհ Տ. Մկրտիչ աբեղա Կարապետյանը:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930