Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը Վրաստանի համար նույնքան կարեւոր, եթե ոչ՝ ճակատագրական նշանակություն ունի»

Հունիս 06,2015 15:30

Ստեփան Դանիելյանը՝ հայ-վրացական հարաբերությունների մասին

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կարեւոր է հարեւան պետությունների հետ համագործակցության եզրեր գտնելը, սակայն հաշվի առնելով, որ դրանցից երկուսի հետ այդպես էլ չեն ստացվում հարաբերություններ ստեղծելը, միշտ էլ շրջանառվում է այն կարծիքը, որ համագործակցության եզրեր պետք է փնտրել մյուս հարեւանների՝ Իրանի եւ Վրաստանի հետ: Վերջինի հետ հարաբերությունները երբեմն-երբեմն տարբեր երանգներ են ընդունում. մեկ մենք համագործակցող հարեւաններ ենք, մեկ էլ եւ ավելի հաճախ՝ միմյանց հետ շահերի բախում ունեցող պետություններ: Որքանո՞վ է կարեւոր Վրաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը, այժմ ի՞նչ մակարդակում են դրանք, եւ ո՞ւմ է հատկապես ձեռնտու այդ հարաբերությունների լավացումը. այս մասին «Առավոտը» խոսել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ:

«Պարզ է, թե Վրաստանը ինչ նշանակություն ունի մեզ համար կոմունիկացիաների առումով: Իսկ եթե հարցնեք Հայաստանի շարքային քաղաքացուն, թե ինչին է պետք Հայաստանը Վրաստանին, պատասխանը միարժեք չի լինի՝ հատկապես եթե հաշվի առնենք Ռուսաստանի հետ ունեցած իրենց բարդ խնդիրները եւ հակառակը` Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական սերտ համագործակցությունը, ինչը Վրաստանում, բնականաբար, լավ չի ընդունվում: Սակայն իմ կարծիքով՝ Հայաստանը Վրաստանի համար նույնքան կարեւոր, եթե ոչ՝ ճակատագրական նշանակություն ունի: Մի կողմ դնենք տնտեսական դիվիդենդները, որոնք Վրաստանը ստանում է Հայաստանից: Կա նաեւ կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն, որը Վրաստանի համար կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: Նախ՝ Վրաստանն իր հերթին ունի թշնամական հարաբերություններ Ռուսաստանի, նաեւ՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ: Ունի բարդ հարաբերություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Պարզ է, որ ոչ միայն Հայաստանն է թյուրքական աշխարհի համար կատարում սեպի դեր, այլեւ Վրաստանը՝ անկախ նրանից, որ այս պահին հակառակը` կապող օղակ է»,- ասում է պարոն Դանիելյանը՝ նշելով, որ Ադրբեջանը եւ Թուրքիան վարում են այնպիսի քաղաքականություն, որ Վրաստանի կախվածությունը դառնա անշրջելի:
«Այս պահին Վրաստանը փորձում է հավասարակշռել Ռուսաստանի եւ թուրք-ադրբեջանական ազդեցությունները եւ դիվիդենդներ ստանալ դրանից: Այսինքն՝ Վրաստանում լավ են հասկանում, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից չափից ավելի մեծ կախվածությունը իրենց համար անվտանգության խնդիր կարող է դառնալ: Հատկապես պետք է հաշվի առնել Վրաստանի վտանգավոր դեմոգրաֆիական վիճակը` մուսուլմանների աճը եւ վրացիների արտագաղթը: Այս առումով Հայաստանը Վրաստանի համար կարեւոր թիկունք է: Նույնպես կարեւոր խնդիր է, որ իսլամական ֆունդամենտալիզմը, որը նույնպես կարող է շատ լուրջ սպառնալիք դառնալ: Հայաստանը աշխարհի միակ երկրներից է, որտեղ իսլամական բնակչություն չկա: Դա նույնպես կարեւոր գործոն է»,- ասում է պարոն Դանիելյանը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությանը՝ մեր զրուցակիցը նշում է. «Էներգետիկայից հիմա շատ են խոսում, սակայն ես կարծում եմ, որ տարածաշրջանում ռազմական անվտանգության խնդիրը գնալով ավելի կարեւոր է դառնում՝ հատկապես, որ տարածաշրջանի երկրների հիմնական վտանգը չունի դասական արտաքին սպառնալիքներ: Սպառնալիքները գալիս են երկրների ներսից` իսլամական ֆունդամենտալիզմի տեսքով: Վտանգը զինված խմբավորումներից են, որոնք կոնկրետ պետություն չեն ներկայացնում: Ինչ վերաբերում է Ռուսաստան-Իրան-Վրաստան էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցությանը, ապա կարող է հետաքրքիր լինել օրերս իրանական կողմի հայտարարությունը, որ գազային ոլորտում իրենք ցանկանում են համագործակցել Ռուսաստանի հետ: Իրանը այն երկրներից է, որը գազային ոլորտում ունակ է Ռուսաստանին դուրս մղել եվրոպական շուկայից: Կարծում եմ, որ Իրանի համար անվտանգության խնդիրը ավելի կարեւոր է, եւ իրենք ցանկանում են այստեղ համագործակցել, այլ ոչ թե հակադրվել Ռուսաստանին: Իրանցիները առաջարկել էին գազի արտահանման 4 տարբերակ, որոնցից մեկը, որքան հասկանում եմ, Հայաստանով եւ Վրաստանով Սեւ ծով գազամուղ կառուցելն է: Ըստ երեւույթին, իրենք առաջարկում են ռուսական մասնակցություն: Սա ընդամենը տարբերակներից մեկն է: Դա որքանով ընդունելի կլինի Արեւմուտքի համար՝ այլ խոսակցության թեմա է»,- ասում է պարոն Դանիելյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930