Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հիվանդության աղբյուր կարող են լինել վերին շնչուղիների հիվանդությունները

Օգոստոս 29,2015 11:00

Անգինայի, տոնզիլիտների, վերին շնչուղիների հիվանդությունների, ստրեպտոկոկային այլ վարակների բարդության հետեւանքով, իսկ երբեմն էլ՝ պատվաստումների, մարդ ունենում է սուր գլոմերուլոնեֆրիտ: Այն համարվում է մանրէածին-ալերգիկ բնույթի հիվանդություն: Հիմնականում ախտահարվում են երիկամային կծիկների անոթները։ Ունի սուր եւ խրոնիկական ընթացք։

Հիվանդությունն ունի թեթեւ, միջին եւ ծանր ձեւեր։ Ախտանիշներն են՝ արյան ճնշման բարձրացումը, մեզի մեջ սպիտակուցի առկայությունը (ալբումինուրիա), մեզի մեջ արյան առկայությունը (հեմատուրիա), այտուցը։ Ի տարբերություն սրտային հիվանդությունների, այս հիվանդության ժամանակ այտուցվում է սկզբում դեմքը, ապա տարածվում գոտկատեղի շրջան, հետո ամբողջ մարմինը։ Հիվանդության բարդություններից է սրտային անբավարարությունը (ձախ փորոքային), որը կարող է ընթանալ մի դեպքում որպես թոքերի այտուց, մյուս դեպքում՝ որպես սրտային ասթմա։ Ամենավտանգավոր եւ սպառնացող բարդությունը էկլամպտիկ կոման է՝ գիտակցության կորուստ, որի ժամանակ ուղեղն այտուցվում է, խիստ բարձրանում է արյան ճնշումը, որին հաջորդում են ցնցումները եւ հիվանդը կորցնում է գիտակցությունը։

Քրոնիկական գլոմերուլոնեֆրիտը սովորաբար առաջանում է որպես բարդություն սուր, չբուժված գլոմերուլոնեֆրիտի, որը երիկամների երկկողմանի իմունոալերգիկ բորբոքում է եւ տեւում է 5, 10, 15 տարի։ Ունի պարբերաբար կրկնվող սրացման շրջաններ։ Սրացումից սրացում ընկած ժամանակահատվածում հիվանդը սովորաբար չի գանգատվում։ Միայն մեզի քննությունը եւ զարկերակային արյան բարձր ճնշումն են վկայում երիկամներում խրոնիկական գործընթացի առկայությունը։ Ըստ ախտանիշների, հիվանդությունն ընթանում է տարբեր ձեւերով՝ արյան բարձր ճնշումով, այտուցներով, առանց արտահայտված կլինիկական նշանների (գաղտնի ձեւ) եւ խառը, երբ առկա են բոլոր տեսակի ախտանիշները։

hivandutyun2

Հիվանդության արտաքին նշաններն են չոր մաշկը՝ բաց-դեղնավուն երանգավորումով, կնճիռները, այտուցված դեմքը եւ աչքի ճեղքերը նեղացած։ Հիվանդության վերջին փուլում առաջանում է երիկամային անբավարարություն, մեզի մեջ ազոտի պարունակություն։ Այդ ժամանակ տեղի է ունենում երիկամի կծիկների լրիվ եւ վերջնական մահացում, եւ օրգանն այլեւս չի գործում։

Այս հիվանդության բուժումը կատարվում է նաեւ տարբեր դեղաբույսերի հավաքներով` հաշվի առնելով ախտանիշի գերակշռությունը եւ հիվանդության առաջացման պատճառները։ Հարկավոր է պահպանել դիետա եւ որոշակի անկողնային ռեժիմ։
Միզամուղ, հակաբորբոքային, հակաալերգիկ ազդեցություն ունեցող դեղաբույսերի հավաքներից է` 10 գրամ անտառային գետնամորու տերեւներ, 10 գրամ երկտուն եղինջի վերգետնյա մաս, 20 գրամ կեչու տերեւներ եւ 50 գրամ կտավատի սերմեր: Պատրաստել եփուկ եւ խմել օրական 1-2 բաժակ, ուտելուց առաջ: Խորհուրդ է տրվում նաեւ 10 գրամ գիհու հատապտուղներ, 10 գրամ կեչու տերեւներ եւ նույնքան էլ խատուտիկի արմատներ: Մեկ ճաշի գդալ խառնուրդին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր եւ թրմել մինչեւ ջրի սառչելը: Խմել 1/4 բաժակ, օրական 3-4 անգամ՝ ուտելուց 15-20 րոպե առաջ:
Բուժումը սկսելուց չմոռանաք խորհրդակցել ձեզ բուժող բժշկի հետ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
28.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31