Լրահոս
Օրվա լրահոսը

Չիչխան դժնիկանման. օգտակար են ե՛ւ պտուղները, ե՛ւ յուղը

Սեպտեմբեր 05,2015 11:00

Գորշ կարմրավուն գույնով, յուրահատուկ հոտով եւ համով դժնիկանման չիչխանը մինչեւ 2 մետր բարձրությամբ ճյուղավորված փշոտ թուփ է։ Պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Աճում է խոնավ տեղերում՝ ճահճուտներում, գետափերին։ Բուժական նպատակով օգտագործում են բույսի պտուղները եւ սերմերից ստացվող յուղը։ Պտուղները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, ինչպես նաեւ` E, B1, B2, B6, PP, խնձորաթթու, կվերցետին, յուղ, եթերայուղ, միկրոտարրեր։ Սերմերից ստացվող յուղը պարունակում է հետեւյալ արժեքավոր նյութերը՝ տոկոֆերոլ, կարոտինոիդ, վիտամիններ K, B1, B2, B6, ստերիններ, յուղաթթուներ, շաքար, օրգանական թթուներ եւ ֆիտոնցիդներ։

Չիչխանի յուղը արագացնում է վերքերի սպիացումը, ունի հյուսվածքները վերականգնող բարձր հատկություն։ Աչքի է ընկնում նաեւ հակաբորբոքային, լյարդում ճարպային փոխանակությունը կարգավորող, խոլեստերինի քանակն իջեցնող հատկություններով։ Կիրառվում է այրվածքների, տրոպիկական խոցերի, շփաբորբերի, թարախային վերքերի բուժման ժամանակ։ Չիչխանի յուղն օգտագործվում է նաեւ աչքի եղջերաթաղանթի այրվածքները, ինչպես նաեւ սողացող խոցերը բուժելիս։ Մեծ հաջողությամբ բուժում է ստամոքսի եւ տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունները։ Չիչխանի յուղով պատրաստված մոմերը օգտագործվում են թութքի, էրոզիայով ուղիղ աղու բորբոքումը բուժելիս, ինչպես նաեւ խրոնիկական տոնզիլիտների բուժման ժամանակ։ Վերջապես այն անփոխարինելի է աթերոսկլերոզի դեմ տարվող պայքարում։

Յուղամզվածք պատրաստելու համար անհրաժեշտ է հասուն պտուղներից քամել հյութը, մնացորդային զանգվածն առանձնացնել, հետո չորացնել, մանրացնել եւ վրան ավելացնել արեւածաղկի յուղ՝ 1:1,5 հարաբերությամբ։ Թրմել երեք շաբաթ տեւողությամբ, սենյակային ջերմության պայմաններում՝ պարբերաբար խառնելով այն։ Հետո հեղուկ մասը զգուշորեն լցնել այլ ամանի մեջ։ Ստացված յուղամզվածքը օգտագործել բուժման նպատակներով։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930