Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն լեգիտիմացման խնդիր չունի

Սեպտեմբեր 07,2015 15:00

Իշխող կուսակցությունում դրական են
գնահատում ՀԱԿ-ի դիրքորոշման փոփոխությունը

Տեւական ժամանակ ՀԱԿ կուսակցությունը եւ խորհրդարանական խմբակցությունը հայտարարում են, որ իրենց համար անընդունելի են սահմանադրական բարեփոխումները: ՀԱԿ-ը մերժեց Սերժ Սարգսյանի հրավերը` հարցի շուրջ քննարկումներ իրականացնելու: Ասում էին, որ բովանդակային քննարկումների մեջ չեն մտնելու: Ի զարմանս իշխող ՀՀԿ-ի՝ երեկ խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ կազմակերպված լսումներին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ Արամ Մանուկյանը մասնակցում էին: Ավելին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նաեւ հարց տվեց խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին, ինչն, ըստ էության, հենց բովանդակային քննարկում է նշանակում: ՀԱԿ-ի դիրքորոշման այս փոփոխության առիթով, ինչը ողջունեց նաեւ նիստը նախագահող՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ճիշտ է, Աստվածաշնչում գրված է` «այո»-ն «այո» պիտի լինի, «ոչ»-ը` «ոչ», բայց դա ՀԱԿ-ին չի վերաբերում, որովհետեւ երբ հրապարակվեց սահմանադրական բարեփոխումների փաթեթը, նույն ՀԱԿ-ը հրապարակայնորեն հայտարարեց, որ չի մասնակցելու բովանդակային քննարկումներին, բայց այդ նույն հայտարարության մեջ մի քանի բովանդակային առաջարկություններ էր արել: Ես այն ժամանակ էլ ասացի, որ առաջին նախագահի ղեկավարած կուսակցությունում առաջընթաց եմ տեսնում: Քննադատում են:

Դա էլ առաջարկություն է»: Երեկ խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարի հնչեցրած հարցերը, ելույթը, ըստ Էդուարդ Շարմազանովի, նշանակում են մի բան` ՀԱԿ-ը երկրորդ անգամ մտնում է բովանդակային քննարկումների մեջ: Դա էլ իշխող կուսակցության ներկայացուցչին հիմք է տալիս ասելու, որ սահմանադրական բարեփոխումների հարցը Հայաստանում թիվ մեկ օրակարգային խնդիրն է: «Այլապես, եթե դու մի բան մերժում ես, ապա ինչո՞ւ ես դրա մասին խոսում, հարց տալիս, քննարկում: Սա փաստ է ու շատ կարեւոր»,- ասում է ԱԺ փոխխոսնակը` նաեւ տարակուսելով. «ՀԱԿ ասելն էլ մի տեսակ… ո՞վ է ՀԱԿ-ը` կուսակցությունը, խմբակցությունը… ՀԱԿ կուսակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու, բովանդակային քննարկումներ չի անելու, բայց ՀԱԿ խմբակցության պատգամավորներ, նույնիսկ կուսակցությունների ղեկավարներ մասնակցել են, իրենց առաջարկություններն են արել: Բայց ես շատ դրական եմ գնահատում, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաեւ ՀԱԿ-ը, մասնակցում են բովանդակային քննարկումներին»:

Մեր դիտարկմանը` գուցե այս լսումներն առիթ դառնան, որ նախագահ Սերժ Սարգսյանը կրկնի՞ ՀԱԿ-ին արված հրավերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախագահն առաջարկություն արել է, ՀԱԿ-ն ինքը պիտի պատասխանի` մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ: Ու հատուկ վերաբերմունք չպիտի լինի ՀԱԿ-ի կամ այլ կուսակցության նկատմամբ: ՀԱԿ-ն այնպիսի կուսակցություն է, ինչպես պառլամենտում բազմաթիվ այլ կուսակցություններ: Բայց ես չեմ ուզում խոսակցությունը տանել ՀՀԿ-ՀԱԿ հարթությունում: Կներեք, բայց ՀԱԿ-ն այսօր այնքան էլ լավ օրի չէ, ես էլ չեմ ուզում դրա մասին խոսել: Միայն փաստն եմ արձանագրում` իրենք մտել են բովանդակային քննարկման մեջ, եւ դա դրական է: Ամիսներ շարունակ ոչ միայն ՀԱԿ-ը, այլ նաեւ տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ, ովքեր մերժում էին սահմանադրական բարեփոխումների օրակարգային հարց լինելը, այսօր, այս լսումները նաեւ ցույց տվեցին, որ ՀՀ-ում օրակարգային թիվ մեկ հարցը սահմանադրական բարեփոխումների փաթեթն է: ՀԱԿ-ն էլ երկակի մոտեցում ցույց տվեց` ձեւական հանրության առջեւ մերժելով նախագահի հրավերը, բայց այսօր նախագահի ներկայացուցչի հետ քննարկում են, հարցեր են տալիս»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են ՀՀԿ-ում վերաբերվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` սահմանադրական բարեփոխումների հարցի առիթով լռությանը. իշխող կուսակցությունում դրանից կաշկանդվո՞ւմ են, թե՞ ոգեւորվում: Էդուարդ Շարմազանովն ասաց` ոչ ոգեւորվում են, ոչ էլ կաշկանդվում, երկրորդ նախագահն էլ, ինչպես բոլոր պաշտոնաթող պաշտոնյաները, իրավունք ունի եւ լռելու, եւ կարծիք հայտնելու, ու շեշտեց` ՀՀԿ-ն ոչ նախկինում, ոչ այժմ, ոչ էլ առաջիկայում որեւէ մեկի հետ չի պայքարել ու չի պայքարելու. «Մեր խնդիրը երեւույթներն են, գաղափարախոսությունը, սկզբունքները: Մենք գտնում ենք, որ խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական երկխոսության ճանապարհով: Մենք ունենք մեր կարծիքը, մեր օրակարգը, եւ կլինի առաջին, թե երկրորդ նախագահների հայտարարություններ, թե այլ քաղաքական գործչի, մենք շարժվելու ենք մեր օրակարգով: ՀՀԿ-ն ամենաակտիվն է, մենք շուրջ 300 առաջարկ ենք ներկայացրել մասնագիտական հանձնաժողովին, մեր նպատակն է Հայաստանն ավելի ժողովրդավարական դարձնել: Իսկ առաջարկվող փաթեթը ավելի ժողովրդավարական է, մարդու իրավունքներն ավելի կենտրոնում են, ընդդիմությանն ավելի մեծ իրավունքներ են տրված, եւ ընդդիմադիր շատ գործիչներ կերազեին այսպիսի իրավունքներ` Սահմանադրությամբ ամրագրված, փաստ է: Ես 2007 թվականից ականատեսն եմ եղել ընդդիմադիր տարբեր գործիչների ելույթներին` ընդդիմության դերի բարձրացման, պառլամենտական համակարգի, համամասնական ընտրակարգի մասին: Այդ ամենն այժմ ընդգրկված է: Ավելին, իշխանությունների տարանջատման սկզբունքն է հստակեցված, ազգային փոքրամասնություններին են հնարավորություններ տրված եւ այլն: Սա հնարավորություն է ստեղծում ավելի ժողովրդավարական ձեւով եւ անցնցում կառավարելու: Ընդդիմությունն ինչի՞ց պիտի բողոքի: Շատ ընդդիմադիր գործիչներ ասում են` այս-այս բաները լավ են»:

Իշխող կուսակցության ներկայացուցիչը համամիտ չէ, որ բարեփոխումների գործընթացում մի տեսակ շտապողականություն է նկատվում: Ավելին, հիշեցնում է նախագահի հայտարարությունն այն մասին, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը այն հարցը չէ, որ շտապենք:

Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում առաջիկայում զբաղեցնել նախագահի կամ վարչապետի պաշտոնը, իսկ Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահի պաշտոնին էլ չի հավակնում, ընդդիմախոսների հիմնական մտահոգությունը անձի վերարտադրության առումով դուրս եկավ: Վերջին շրջանում բոլորն առավելապես խոսում են հանրաքվեի լեգիտիմության անհրաժեշտության մասին: Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ իբրեւ իշխող քաղաքական ուժ եւ գործընթացի պատասխանատու՝ ՀՀԿ-ն անհանգստություններ չունի. «Միայն այն, որ հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպել են նախագահի հետ եւ քննարկել են սահմանադրական բարեփոխումների փաթեթը, փաստում է, որ լեգիտիմացման խնդիր չունենք: Մի քանի մարգինալացված կուսակցություններ են խոսում, այն էլ այսօր նրանց ներկայացուցիչների ես դահլիճում տեսա` ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարին: Այս նախագծի վերաբերյալ գլոբալ առումով որեւէ բոյկոտ չկա: Մենք էլ ասել ենք` ինչպես ժողովուրդը կորոշի, ոչ այս հանրաքվեն, ոչ էլ որեւէ ընտրություն մեզ համար կյանքի ու մահվան հարց չի: ՀՀ քաղաքացիներն «այո» կասեն` կշարժվենք նոր Սահմանադրությամբ, «ոչ» կասեն` կշարունակենք գործողով»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930