Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորին մտահոգում է ՀԱՊԿ-ի լռությունը` ՀՀ-ի տարածքի ռմբակոծության պարագայում

Սեպտեմբեր 07,2015 14:56

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը` սահմանային լարված իրավիճակի մասին

-Ինչո՞վ բացատրել այն, որ Ադրբեջանն այսքան երկար ժամանակ լարված իրավիճակում է պահում հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանները: Այս անգամ, ինչպես նախորդ տարի այս ժամանակաշրջանում, Ադրբեջանը հայկական սահմանամերձ գյուղերի վրա էլ է կրակում, խաղաղ բնակիչներին է փորձում ահաբեկել, վիրավորներ, զոհեր էլ ունենք: Ո՞ւմ եւ ի՞նչ է ուզում այսպիսով ասել Ադրբեջանը:

– Ցավում եմ, որ լարվածության հետևանքով ունենք մարդկային կորուստներ: Դա ամենաանդառնալին է: Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել իր մոտեցումը՝ անհրաժեշտության դեպքում խնդիրը լուծելու ռազմական ճանապարհով՝ կուտակելով ռազմական մեծ ներուժ: Ժամանակ առ ժամանակ սահմանային նման լարումը, արդեն նոր՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ, նպատակ ունի մի կողմից համաշխարհային հանրությանը և առաջին հերթին միջնորդ երկրներին հղելու ուղերձ, որ հակամարտությունը բնավ սառեցված չէ, այլ այն կարիք ունի լուծման (լուծում ասելով, բնականաբար, հասկանում են այն, ինչ իրենք են պատկերացնում, ինչն իրատեսական չէ), մյուս կողմից փորձում են այդ կերպ հայաստանյան հասարակությանը մոտալուտ պատերազմի վտանգի ու կորուստների զգացում ներարկել՝ ակնկալելով դիրքորոշումների փափկացում, ու նաև ցույց տալ, որ միջնորդ երկրները և միջազգային հանրությունը չեն կարող իրական ազդեցություն ունենալ դեպքերի զարգացման պատերազմական հեռանկարի վրա:

Մի կողմ ենք դնում հանգամանքը, որ այս զարգացումներում ադրբեջանական հասարակությունը վաղուց արդեն գործոն չէ, ուստի ադրբեջանական իշխանությունների հաշվարկներում այն վաղուց չկա, բացի սեփական զինվորներին որպես թնդանոթի միս օգտագործելուց:

Քանի դեռ միջնորդ երկրները, որ հանդես են գալիս միջազգային հանրության անունից, չեն կարողանում կամ չեն ցանկանում Ադրբեջանին պարտադրել այն լուծումները, որոնք կարող են կանխել նման միջադեպերը, հայկական կողմերին մնում է այն, ինչ արվում է այսօր՝ կանխել հակառակորդի ոտնձգությունները, պատճառել անհամաչափ վնաս և մեկ անգամ ևս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի սանձարձակ գործողությունների վրա: Այս տեսանկյունից, ողջունելի է Արցախի պաշտպանության նախարարության վերջին հայտարարությունը և այն գործողությունները, որ կհաջորդեն դրան:

Անշուշտ, պետք է ի նկատի ունենալ նաև հանգամանքը, որ այն, ինչ Իլհամ Ալիևը ներկայացնում է իր հրապարակային ելույթներում՝ կապված արցախյան խնդրի կարգավորման հեռանկարների հետ, որևէ աղերս չունի բանակցությունների սեղանի շուրջ քննարկվող իրական հնարավոր կարգավորումների հետ, և նման լարումներով, Ադրբեջանի առաջնորդը, հավանաբար մտածում է, որ կոշտացնում, ամրացնում է իր դիրքերը բանակցությունների յուրաքանչյուր նոր շրջափուլից առաջ:

-Համանախագահները կրկին սահմանափակվեցին զուտ դատապարտելով, այս անգամ, լավ էր, գոնե մի փոքր հասցեական էր մեղադրանքը: Աշխարհաքաղաքական այս իրավիճակում` ի՞նչ վտանգների կարող է բերել միջազգային հանրության շարունակվող կրավորական կեցվածքը եւ Ադրբեջանի` աճող ագրեսիան:

-Վաղուց ժամանակն է, որ համանախագահ երկրները արձանագրեն, որ դատապարտող հայտարարությունները կարևոր են, առավել ևս հասցեական հայտարարությունները, բայց ոչ բավարար: Ադրբեջանին պետք է գոնե նախ պարտադրվի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմը, ինչի շուրջ համաձայնություն են տվել բոլորը՝ ողջ միջազգային հանրությունը, բացի Ադրբեջանից: Ցավոք, դա չի արվում: Մյուս կողմից էլ հեռու եմ այն մտքից, ու ի դեմս միջնորդ երկրների, մենք գործ ունենք այնպիսի պետությունների հետ, որոնք չեն տիրապետում ամբողջական տեղեկատվության, թե ո՞ր կողմը, ե՞րբ, ինչպե՞ս ու անգամ ի՞նչ կոնկրետ նպատակով է խախտում հրադադարի ռեժիմը:

Ինքնին, հասկանալի է, որ մեր տարածաշրջանում հատվում են շատ խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների շահեր, և ամեն ինչ չէ որ պայմանավորված է մեր կամքով ու ցանկություններով: Հանգամանքը, որ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որտեղ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միասին աշխատում են, լավատեսության որոշակի հիմքեր թողնում է, որ նրանց կհաջողվի խնդիրը տանել խաղաղ, բանակցված լուծման՝ ելնելով իրատեսությունից և հակամարտության բուն էությունից:

Ինձ մտահոգում է մեկ ուրիշ հանգամանք. հակառակորդը հրետակոծության է ենթարկում նաև Հայաստանի Հանրապետության տարածքները: Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է և մենք իրավունք ունենք ակնկալել ՀԱՊԿ-ի առավել գործուն արձագանքը նման դեպքերում: Մեր ՀԱՊԿ գործընկերները պետք է գիտակցեն, որ քաղաքական-դիվանագիտական բառապաշարը մի կողմ, նման իներտությունը բնավ չի ավելացնում մեր ժողովրդի վստահությունը ռազմաքաղաքական այն կառույցի գործունակության հանդեպ, որի լիիրավ հիմնադիր անդամներից մեկը հենց մենք ենք: Այստեղ էլ, եթե պարզ խոսենք, ժամանակ առ ժամանակ կատարվող անատամ հայտարարությունները, տեսնում ենք, որ իրենց նպատակին չեն հասնում, Ադրբեջանը շարունակում է իր լկտի պահվածքը:

Ցույց տվեք մեկ այլ ռազմաքաղաքական դաշինքի անդամ որևէ պետություն, որի տարածքը հրետակոծության ենթարկվի մեկ այլ պետության կողմից և տվյալ դաշինքը չարձագանքի ինչպես հարկն է: Ես նման օրինակ չգիտեմ, և ռազմաքաղաքական դաշինքների ուժը հենց դրանում է:

Քանի դեռ ամեն ինչ այնպես չէ, ինչպես պետք է լիներ, հայկական կողմերին մնում է անել այն, ինչն այլընտրանք չունի՝ կրկնակի պատասխան կորուստներ պատճառել հակառակորդին, փորձելով հասկացնել, որ ռազմական ճանապարհը ոչ միայն լուծում չէ, այլև կարող է բումերանգի նման հարվածել Ադրբեջանի նախագահին, ում հայրը կարողացավ իշխանությունը խլել Ադրբեջանում՝ այդ երկրի տարածքային հերթական կորուստներից հետո, և այնպես չէ, որ դա տեղի ունեցավ առանց միջազգային մեծ խաղացողների լուռ համաձայնության:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930