Լրահոս
Օրվա լրահոսը

Իրատեսական ակնկալիքների պակասը

Սեպտեմբեր 09,2015 12:00

Կարեւորը ոչ թե պաշտոնյայի աչքերի գույնն է, այլ նրա ղեկավարած գերատեսչության աշխատանքի մասին տեսլականը

Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ մեկնաբանությունները լավագույն լուսաբանումն են այն թեզի, թե ինչպես է Հայաստանում ամեն ինչ ընկալվում նեղ անձնական մակարդակով: Չունենալով հստակ չափանիշներ եւ, հետեւաբար, ակնկալիքներ, թե ինչպես պետք է աշխատի արդարադատության նախարարությունը, մենք քննարկում ենք նախարարի տարիքը, սեռը եւ աչքերի գույնը: Քննարկողները չունեն ոչ միայն տեսլական պետական որեւէ ինստիտուտի վերաբերյալ, այլեւ չգիտեն, թե որոնք են այդ ինստիտուտի, տվյալ դեպքում՝ արդարադատության նախարարության պատասխանատվության շրջանակները:
Իհարկե, կարեւոր են նաեւ այդ գերատեսչության ղեկավարի անձնական հատկանիշները, բայց խոսքը գործնական, ոչ թե արտաքին տվյալների մասին է: Մենք հնարավորություն ունենք գնահատելու հիմնականում Արփինեի գործունեությունը որպես պատգամավորի, որովհետեւ հենց այդ աշխատանքն էր առավել հրապարակային: Ինձ համար, օրինակ, կարեւոր է, թե ինչպես է մարդը շարադրում իր մտքերը, նրա ասածները ընթերցողին հասցնելու համար պե՞տք է արդյոք այդ մտքերը խմբագրել եւ կրճատել:

Այդ պատգամավորի դեպքում դրա անհրաժեշտությունը չկար, եւ դա ես աներկբայորեն դրական հատկանիշ եմ համարում: Նաեւ փորձառու աչքը չի կարող չնկատել նորանշանակ նախարարի ձգտումը՝ անընդհատ ինչ-որ բան սովորելու, ինքնակատարելագործվելու: Ցանկալի է, որ պաշտոնից Արփինեի «գլուխը չպտտվի», եւ նա այդ հատկությունը չկորցնի:
Ուրիշ հարց՝ կհաջողվի՞ արդյոք արդարադատության նոր նախարարին կարգի հրավիրել իր համակարգի կաշառակեր «գելուգազանին»: Դա արդեն ոչ թե անձնական, այլ համակարգային խնդիր է: Իսկ համակարգը մենք գիտենք, թե ինչպիսին է: Ժամանակ չկորցնեմ այն ներկայացնելու վրա, փոխարենը երկու բառ ասեմ լրատվամիջոցների դերի մասին: Նման համակարգերի միջին (էլ չեմ ասում բարձր) պաշտոնյաների ամսական եկամուտները տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անգամներ գերազանցում են ցանկացած թերթի, կայքի լրագրողների եւ մանավանդ ֆեյսբուքյան «ստատուսագրությամբ» փող աշխատող անհատների ամսական եկամուտները: Դրա հետեւանքը ոչ միայն այն է, որ դրանց մասին «վատ բաներ» չեն գրվում, այլեւ (ինչն ավելի վտանգավոր է) վարկաբեկվում են նրանք, ովքեր իրենց շահերից ելնելով կամ անկեղծորեն ինչ-որ բան ցանկանում են փոխել դեպի լավը: Այնպես որ՝ մեր արատների «խորապատկերում» եկեք զգանք նաեւ մեր պատասխանատվությունը:

Ակնկալել, որ որեւէ տեղ կգա որեւէ մեկը՝ խելացի, հայրենասեր եւ անկաշառ, ու կկարողանա որեւէ բան շտկել՝ ֆանտաստիկայի ոլորտից է: Միայն ինստիտուտների հետեւողական բարեփոխումն է ի վիճակի շտկել վիճակը: Օրինակ՝ նույն այս ոլորտում պրոբացիայի ինստիտուտը զգալիորեն կսահմանափակի բանտապահների ախորժակը: Հակառակ դեպքում ամեն ինչ վերածվում է «հանցավոր» եւ իբր «ոչ հանցավոր» անձերի ու խմբերի պայքարի:

Հայաստանի ողջ քաղաքական պատմությունը 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո քաղաքական ճգնաժամը հաղթահարելու պատմություն է: Բնակչությունն անձի մեջ է տեսնում իր «փրկչին», այդ անձն էլ, իրենից անկախ, իրեն «փրկիչ» է պատկերացնում, իսկ իշխանությունն ամեն ինչ անում է այդ «փրկչին» չեզոքացնելու համար: Եթե նոր Սահմանադրությունն ընդունվի, կլինի «փրկիչների բրիգադ», իսկ մեկնաբանները կքննարկեն այդ բրիգադի տարիքը, հասակը կամ աչքերի գույնը: Այնպես որ՝ լուծումներն, իհարկե, սահմանադրական փոփոխությունների մեջ չեն: Լուծումները իրատեսական ակնկալիքներ ձեւավորելու մեջ են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ի վերջո, ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու այս նշանակումով: Հանգստացեք: Ո՛չ համակարգի համար է բան փոխվելու, ո՛չ ժողովրդի, ու ո՛չ էլ երեւի թե հենց Ա. Հովհաննիսյանի: Այնպես չէ, որ նա որեւէ բան էր ուզում անել ու չէր կարող, իսկ այ հիմա՛, նախարար դառնալով` արդեն կկարողանա: Հնարավորությունների առումով չեմ կարծում, թե նրա կյանքում բան է փոխվել: Թերեւս կենսագրականում միայն նոր էջ է ավելացել ու վերջ: Ինչի հետեւից եք ընկել:

  2. Մարինա says:

    …միայն անունով դիմելն արդեն իսկ խոսում է ամեն ինչի մասին…
    Լավ եղեք

  3. Զավեն says:

    Մի հին, բայց չհնացած անեկդոտ հիշեցի: Մի գյուղում անարժանի կոլտնտեսության նախագահ են նշանակում: Գյուղացիները սկսում են դժգոհել. -Սրանից ինչ նախագահ, վայն եկել է, մեզ տարել…Սրամիտ գյուղացիներից մեկն ասում է. -Ինչ եք իրար անցել, վախենում եք իր ծառայողական <> ընկնի… Կհասկանա նա, ով ունի բլթակ ականջի,- ասում էր Պ. Սևակը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930