Լրահոս
Օրվա լրահոսը

Դասախոսը չի խրախուսվում դասագիրք գրելու համար

Սեպտեմբեր 09,2015 13:00

Շատ է խոսվում ուսանողակենտրոն ուսուցման եւ մանավանդ` ուսանողի ինքնուրույն աշխատանքի կարեւորության մասին, որը գնահատման համակարգի կարեւոր բաղադրիչներից է: Սակայն պետք է խոստովանենք, որ հայալեզու դասագրքերի քանակական եւ մանավանդ՝ որակական անբավարարվածություն ունենք: Եթե այսօր համացանցը լցված է օտարալեզու ուսումնական գրականությամբ, ապա մենք դեռեւս հայալեզու դասագրքերի եւ ձեռնարկների նորացման խնդիր ունենք: Մի կողմից համալսարանական սուղ միջոցներով հնարավոր չէ լիարժեք քանակով եւ արդիական մոտեցումներով դասագրքեր հրատարակել, մյուս կողմից՝ դասախոսի սեփական միջոցներով հրատարակումները չեն վաճառվում եւ փոշոտվում են գրախանութներում, իսկ բուհերը դրանք գնում են խիստ սահմանափակ թվաքանակով:

Սակայն խնդիրը ոչ միայն անհրաժեշտ քանակով, այլ նաեւ արդիական դասագրքեր ունենալն է: Այսօր միջազգային կրթական միջավայրում բուհական դասագրքերը իրենց ավանդական վիճակից նորարարական փոխակերպումներ են ձեռք բերում: Դրանք հրատարակվում են էլեկտրոնային հավելվածներով, որոնք լրացուցիչ ինքնուսույց տեխնոլոգիաներ են պարունակում եւ օգնում են ուսանողին ինքնուրույն աշխատանք կատարելիս: Ներկայումս ձեւավորվում է մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր արդիական դասագրքի շուրջ ձեւավորվում է մի յուրատեսակ կրթական ինդուստրիա: Դասախոսի կողմից դասագրքի էլեկտրոնային հավելվածը համացանցով է տրամադրվում ուսանողին, ընդգրկելով ստուգողական թեստեր, վարժություններ, դրանց լուծումների նկարագրումներ, նյութին առնչվող հեղինակային այլ հոդվածների եւ մենագրությունների ռեսուրսներ: Բնականաբար, նման պայմաններում ուսանողի ինքնուրույն աշխատանքի համար աղբյուրագիտական լուրջ դաշտ է ձեւավորվում:

Իմիջիայլոց, դասագրքերի շուրջ ձեւավորվող ինդուստրիան այսքանով չի սահմանափակվում: Վերջերս ուսումնասիրում էի արեւմտաեվրոպական համալսարաններից մեկում դասագրքերի օգտագործման փորձը եւ հաճույքով տեղեկացա, որ բուհը հրատարակչությանը պատվիրում է կարդացվող դասախոսության նյութի էլեկտրոնային տեսաշարը, որպեսզի դասախոսը ավելորդ ժամանակ չծախսի տեսապատկերներ (սլայդներ) պատրաստելու վրա:

Եվ վերջապես՝ դասագրքեր ձեռք բերելու մասին: Բնականաբար, արդիական դասագրքերը շատ թանկ են, սկսած 200 ԱՄՆ դոլարի համարժեք գումարից, եւ Արեւմուտքում ուսանողները ոչ թե դրանք գնում, այլ պարզապես վարձակալում են մինչեւ տվյալ առարկայի ուսումնառության վերջը: Դա արդեն մատչելի եւ հասանելի է բոլոր սովորողների համար:

Իսկ հիմա վերադառնանք մեր իրականություն: Այս դեպքում նորից բախվում ենք ավանդականի եւ ոչ թե արդիականի հետ. համատարած թելադրություններ, տետրակների մեջ գրառումներ, դասագրքերից օտարված ուսանողներ, այսինքն այն, ինչ որ ունեինք տասնամյակներ առաջ: Կարծես ոչինչ չի փոխվում: Բուհական համակարգում դասախոսը ոչ բարոյապես եւ ոչ էլ նյութապես չի խրախուսվում դասագիրք գրելու համար, դասախոսությունների ընթացքում ուսանողին հիմնականում բավարարում են թելադրությունները, որովհետեւ առաջնայինը գնահատականն է, ոչ թե գիտելիքը, եւ մեզ մնում է միայն հուսալ, որ կգան այն ժամանակները, երբ համալսարաններում կկիրառվեն արդիական կրթական տեխնոլոգիաներ:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
08.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930