Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղությունը Կովկասում հնարավոր է միայն առանց Ռուսաստանի եւ ի հաշիվ Ռուսաստանի»

Սեպտեմբեր 09,2015 15:30

«Առավոտ»-ի զրուցակիցն է «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարոն Մեհրաբյան, քաղաքական աշնան մեկնարկը տրված է: Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելը կապվում է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հետ: Ինչպե՞ս վարվեն նրանք, ովքեր դեմ են Սահմանադրության փոփոխություններին, բայց իրենց «ոչ»-ը չի ենթադրում, որ պետք է ընդունեն ընդդիմադիր այն ուժերի առաջնորդությամբ շարժումը, որը վստահություն չի ներշնչում:

– Ի սկզբանե հայտնի էր, որ Հայաստանում խնդիրները սահմանադրական չեն, եւ այդ խնդիրների լուծումը, հետեւաբար, կապ չունի Սահմանադրության փոփոխությունների հետ: Գլխացավի դեղն ինֆեկցիա չի բուժում: Իսկ մեր երկիրն այսօր վարակված է համակարգային ախտով՝ տոտալ կոռուպցիայով եւ քրեական օլիգարխիայով՝ իրենց բոլոր բաղկացուցիչներով հանդերձ: Եվ ի՞նչ: Սահմանադրության նոր վարկածը կոչված է կամ ընդունակ է լուծելո՞ւ այդ խնդիրները: Իհարկե, ո՛չ: Սահմանադրության փոփոխության մեջ չե՛ն խնդիրների լուծումները: Խնդիրների լուծման խոչընդոտը Սահմանադրությունը չէ: Խնդիրը քաղաքական է, քաղաքական գործընթացն է ելքը, որն, անշուշտ, կավարտվի վերջում նոր Սահմանադրության ընդունմամբ: Ունենք այն, որ հետխորհրդային համակարգն այլեւս չի գործում, սպառել է իրեն եւ անդառնալիորեն կորցրել իր ինքնաբավության ներուժը: Վերակենդանացման բոլոր փորձերն անիմաստ են՝ լինի դա սահմանադրական փոփոխություններով, Հովիկ Աբրահամյանի վիճակագրական թվանկարչությամբ, թե Եվրասիական միության «կազմում» չգիտեմ ինչը զարգացնելու, խորացնելու կամ ընդլայնելու անկապ խոստումներով: Իշխանությունն է նախաձեռնել այս գործընթացը՝ իր համար թվացյալ կոմֆորտ եւ, իբր, ավելի շահեկան դիրքեր ապահովելու համար:

Բնականաբար, երկրում իրական նպատակներին, իրական խնդիրների լուծմանը միտված քաղաքական գործընթացի պարագայում այս սահմանադրական գործընթացի ողջ ֆիկցիան շատ արագ ի հայտ կգա: Իսկ ինչ վերաբերում է որոշ քաղաքական ուժերի փորձերին «ոչ»-ի շարժում նախաձեռնելու, ապա պետք է նաեւ ասվի՝ իսկ ինչի՞ն «այո՛», եթե նոր Սահմանադրությանը՝ «ոչ»: Իսկ մեզ փորձում են ներքաշել գլխիվայր շուռ տված, սկզբունքորեն անիմաստ գործընթացի մեջ: Իսկ ի՞նչ ունենք հիմա: Համոզված եմ, որ անցած տարիների ընթացքում հասարակությունն իմունիտետ է ձեռք բերել կեղծ-արմատական լոզունգների նկատմամբ, ուստի դա չի կարող որեւէ մոբիլիզացիոն էֆեկտ ունենալ, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե ինչ «համբավ» ունեն այդ քաղաքական միավորները հասարակության մեջ եւ ինչ հիշողություններ են նրանց հետ կապվում: Առավել եւս, երբ այդ ուժերից մի քանիսն էլ կապվում են ուղղակիորեն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերակենդանացման հետ, ապա որեւէ դրական ակնկալիք հասարակությունն այստեղ չի կարող ունենալ: Վերջերս Քոչարյանը սպառնաց նոր հարցազրույցով՝ դրանով իսկ ցույց տալով, թե ինքը մնում է որպես ակտուալ քաղաքական գործիչ, ինչպես նաեւ փորձելով հասարակության մեջ ինտրիգ ստեղծել, խորհրդավորություն, սպասելիք, գուցե: Կամ գուցե այդ ամենն իրար հետ: Ամենավերջին բանը, ինչին սպասում է հասարակությունը, դա Քոչարյանի հարցազրույցն է:

Շատ ավելի հետաքրքիր եւ կարեւոր կլինեն նրա ցուցմունքները մի քանի ուշագրավ եւ շրջադարձային դրվագներով, որոնք Հայաստանը եւ հայաստանցիներին բերեցին այս՝ գրեթե փակուղային վիճակի, որից դուրս գալն ուժերի գերլարում է պահանջելու: Ռոբերտ Քոչարյանն իր լծակներով մնում է ներհամակարգային ազդեցության կարեւորագույն գործոններից մեկը, եւ հասարակության կողմից մերժված լինելն է նրա քաղաքական վերադարձի գլխավոր խոչընդոտը: Իսկ ինչ վերաբերում է «ինչ անելուն», ապա այլ բան չի մնում, քան «ոչ» ասել թե՛ իշխանության հրամցրած Սահմանադրությանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերակենդանացմանը՝ այդ ընթացքում փորձելով ձեւակերպել եւ պաշտպանել հասարակության իրական շահերը՝ զերծ մնալով իշխանական եւ կեղծ-ընդդիմադիր շահարկումներից:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

 

– 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո Հայաստանի նախագահը անակնկալ կերպով հայտարարեց ԵՏՄ-ին անդամակցելու իր որոշման մասին: Հայաստանին ի՞նչ տվեց այս քայլը, ինչպե՞ս եք տեսնում դեպքերի հետագա զարգացումը:

– Եթե մեկ բառով բնորոշենք, ապա տեղի ունեցածի արդյունքն ուղղակի աղետալի է, բոլոր առումներով՝ անվտանգության, քաղաքական, տնտեսական, արտաքին քաղաքական, քաղաքակրթական: Դա դավադրություն էր Հայաստանի դեմ, որին մասնակցեցին քրեաօլիգարխիկ իշխանությունը եւ կոռումպացված «ընդդիմությունը», որոնք միացյալ ուժերով, հետապնդելով իրենց խմբային կարճաժամկետ շահը, ամեն ինչ արեցին հասարակությանն ապակողմնորոշելու, շանտաժի ենթարկելու համար՝ ի լրացումն ռուսական աննախադեպ ճնշման եւ շանտաժի: Հիմա էլ այդ նույն ուժերը փորձում են հասարակության ուղեղը լվանալ սահմանադրական գործընթացի իրենց «այո»-«ոչ»-երով, ինչը նույնպես որեւէ կապ չունի քաղաքացիների շահերի հետ: Ռուսական սողացող օկուպացիան, ռուսիֆիկացիայի լկտի փորձերը, նույնպիսի լկտի հայտարարություններն ընդդեմ մեր երկրի անկախության եւ ինքնիշխանության, քաղաքական դաշտի, պետական ինստիտուտների լռության ֆոնին՝ ցուցիչներն են մի վտանգավոր իրավիճակի, երբ Հայաստանի քաղաքացիները հայտնվել են դեմ-հանդիման մեռնող կայսրության հետ՝ իր բոլոր հնարավոր վտանգներով: Պետք է պատրաստ լինել ցանկացած դրամատիկ շրջադարձի եւ թույլ չտալ, որ կրկնվի 1918, 1991թթ. իրավիճակը, երբ հայերը մեկ էլ «զարմացան», թե ինչպես ստացվեց, որ ռուսական կայսրությունը մեռավ եւ գնաց: Իրավիճակը կարող է կրկնվել, եւ մեր խնդիրն է պատրաստ լինել դրան եւ դուրս գալ դրանից նվազագույն կորուստներով՝ զերծ մնալով համազգային աղետից: Գերխնդիրը սա է:

– ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր, անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման կոմիտեի անդամ Բորիս Ռեզնիկին հարցրել էին` ակնկալվո՞ւմ է սպառազինության նոր խմբաքանակի վաճառք Ադրբեջանին, նա պատասխանել էր. «Եթե անգամ ՌԴ-ն զենքի նոր խմբաքանակ վաճառի Ադրբեջանին, չի նշանակում, որ ՌԴ-ն այլեւս չի կատարելու իր պարտավորությունը: Մենք վերահսկում ենք իրավիճակը, անգամ վաճառված զենքի փամփուշտները, մասերը: Այնպես որ՝ պետք չէ իրավիճակը առավել դրամատիկ դարձնել, քան իրականում կա… Ավելի լավ չէ՞ Ադրբեջանը մեզնից գնի, որ մենք իմանանք՝ ինչքան ենք վաճառել, ինչ ենք վաճառել, ու այդպիսով վերահսկենք իրավիճակը, քան մեկ այլ երկրից գնի, ու չիմանանք»: Այս գնահատականը որքանո՞վ է արդարացված:

– Ռուս պատգամավորի այս հայտարարությունն ինքնին զարմանալի չէ: Զարմանալի է, երբ որոշ հայ քաղաքական եւ հասարակական գործիչներ կրկնում են նույն բանը: Սա ուղղակի վիրավորում է մարդկային բանականությունը: Մնում է փաստ, որ Ալիեւի ռեժիմն այսքան սանձարձակ չէր լինի, եթե Ռուսաստանից չստանար այդքան հարձակողական զենք: Այստեղ Ձեր նշած հայտարարության մեջ առանցքայինը «այդպիսով վերահսկենք իրավիճակը» բառակապակցությունն է: Այն, ինչ ոմանց ուղեղին դեռ չի հասել ու չի էլ հասնի: Իսկ ի՞նչ է նշանակում այդ «վերահսկենք»-ը: Դա նշանակում է՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն», մշտական ճահիճ, զարգացման բացառում, դա նշանակում է Հայաստանի օկուպացիայի, «Հայաստանն առանց հայերի» քաղաքականության շարունակականություն: Դուք լսե՞լ եք որեւէ դատապարտող հայտարարություն պարոնայք Բորդյուժայի եւ Լավրովի հիմնարկներից, երբ հրետակոծության էր ենթարկվում Հայաստանի Հանրապետության տարածքը՝ մի պետության, որ իր հարկատուների բարալիկ դրամապանակի հաշվին պահում է ռուսական բազան՝ ի լրումն ահռելի ռազմական ծախսերի: Ո՛չ, չե՛ք լսել: Եվ չե՛ք էլ լսի, քանզի դա տեղավորվում է հենց այդ «վերահսկենք»-ի տրամաբանության մեջ: Եվ միանգամայն օրինաչափ էր, որ Մոսկվան վերջին պահին պետք է կրակեր բանակցային գործընթացի վրա, որպեսզի թույլ չտա, որ կողմերը ստանձնեն լրացուցիչ պարտավորություններ՝ ուղղված զինադադարի ռեժիմի պահպանմանը եւ ամրապնդմանը, ինչի մասին հայտարարել է Ջեյմս Ուորլիքը: Որովհետեւ դա նշանակում է վերջ տալ ռուսական լծակներին, ռուսական շանտաժին, ռուսական արյունոտ բիզնեսին: Իսկ սա ի՛ր հերթին ակնհայտ է դարձնում, որ այս վիճակի միակ շահառուն Մոսկվան է, հետեւաբար խաղաղությունը Կովկասում հնարավոր է միայն առանց Ռուսաստանի՝ ի հեճուկս Ռուսաստանի եւ ի հաշիվ Ռուսաստանի:

– Իրանը եւ Հայաստանը ստորագրեցին 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման նոր պայմանագիրը: Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռաիսին անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններում առաջացած հնարավորություններին՝ նշել էր, թե հավանական է համարում իրանական գազի տարանցումը դեպի Եվրոպա: Հայաստանով իրանական գազը դեպի Եվրոպա տարանցելու ծրագիրն իրագործելի՞ եք համարում:

– Անկասկած, Հայաստանի Հանրապետության առջեւ բացվել է պատմական հնարավորություն, սակայն այդ հնարավորությունից օգտվելու համար Հայաստանը պատրաստ չէ: Եվ դրա պատճառները քաղաքական են: Եթե ոչինչ չարվի այդ պատճառների շուտափույթ վերացման համար՝ մենք կմնանք ճամփեզրին, եւ ապագայի միջմայրցամաքային հոսքերը կշրջանցեն Հայաստանը: Առաջին հերթին Հայաստանում անհրաժեշտ է վերացնել ռուսական պետական ընկերությունների մենաշնորհները, որոնք պարզապես խեղդում են Հայաստանը: Պետք է կրկնեմ, որ Պուտինի ընկերների կողմից կառավարվող այս պետական ընկերությունները միայն թյուրիմացաբար են կոչվում «ընկերություններ»: Դրանք կազմակերպված հանցավոր խմբավորումներ են, որոնք Հայաստանում զբաղվում են ոչ թե բիզնեսով, այլ լկտի թալանով, եւ չարորակ գոյացության պես թունավորում եւ փչացնում են պետականության ողջ հյուսվածքը: Թող շատ կատեգորիկ չթվա, բայց այստեղ չի կարող լինել որեւէ փոխզիջում. կամ այդ մոնոպոլիաները կոչնչացնեն Հայաստանը, կամ Հայաստանի իշխանությանը հասարակությունը կստիպի վերացնել այդ մոնոպոլիաները: Օրգանիզմը եւ ուռուցքը չեն կարող գոյակցել, եւ կենդանի կմնա կամ մեկը, կամ մյուսը: Այդ մոնոպոլիաներն ամեն ինչ կանեն, որպեսզի թույլ չտան, որ Հայաստանն իր ողջ ներուժով ներգրավվի Իրան-Արեւմուտք ապագա ռազմավարական համագործակցության մեջ, քանզի դա հակացուցված է այդ մոնոպոլիաների գոյությանը Հայաստանում: Ցավոք, այդ մոնոպոլիաները Հայաստանում ունեն դաշնակիցներ. դա քրեաօլիգարխիկ համակարգն է եւ կոռումպացված պետական ինստիտուտները, որոնցից շատերը դրսեւորում են իրենց ոչ թե որպես այդպիսին, այլ որպես Պուտինի ռեժիմի «ժուչոկներ», եւ սպասարկում են նրա շահերը, այլ ոչ թե մեր: Հետեւաբար, այո՛, միանգամայն իրատեսական է եւ իրագործելի, որպեսզի Հայաստանը լինի տարածաշրջանում Իրան-Արեւմուտք համագործակցության առանցքային շահառուներից մեկը, սակայն դրա համար պետք է այդ ճանապարհի վրա թափված այդ աղբը լիովին մաքրել: Իսկ դրա համար նոր մտածողությամբ մարդիկ եւ նոր ուժեր են անհրաժեշտ, անհրաժեշտ է կատարելագործել հանրային ճնշման մեխանիզմները, բարձրացնել քաղաքացիական գիտակցությունն ու ինքնակազմակերպման աստիճանը, ընդլայնել ակտիվ քաղաքացիների շրջանակը՝ աստիճանաբար քաղաքականացնելով օրակարգը: Չկա՛ ուրիշ ճանապարհ, քաղաքացիներն իրենք պետք է վերցնեն թե իրենց, թե պետության ճակատագիրն իրենց իսկ ձեռքը: Կասկած չունեմ, որ Հայաստանի հասարակությունը միանգամայն ընդունակ է մաքրելու մեր «Ավգյան ախոռներն» այս՝ օլիգարխիայի, կոռուպցիայի, հակապետական եւ հակահասարակական քաղաքականության աղբից: Եվ մաքրելու է, այդտեղ էլ կասկած չունեմ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930