Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված գիտաժողով

Սեպտեմբեր 17,2015 16:44

Հոկտեմբերի 17-ին «Մուսալեռ» հայրենակցական միության, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, պատմության ֆակուլտետի կազմակերպմամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կայացավ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված գիտաժողովը, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը ներկաներին՝ ի մասնավորի Այնճարից ժամանած մուսալեռցիներին փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա նշեց. «Վերջին երկու տասնամյակների ընթացքում վերաիմաստավորվել ու վերարժևորվել է հերոսամարտի նշանակությունը հայոց պատմության մեջ: Ուրախալի է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին գումարվել է այսպիսի գիտաժողով: Սա ուրույն հնարավորություն է՝ ցույց տալու, որ 100 տարի առաջ հայ ժողովուրդը ոչ միայն հնազանդորեն ենթարկվել է ջարդարարների կամքին, այլև՝ պայքարել: Հուսով ենք, որ գիտաժողովին հնչած կարծիքները թարմություն և նորություն կբերեն Մուսա լեռան հերոսամարտի մասին արդեն իսկ հավաքված նյութերին»:
Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանը, հերոսամարտի միջոցառումների կազմակերպմանը հավուր պատշաճի աջակցելու համար, շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանը և ՀՀ սփյուռքի նախարարությանը և նշեց, որ առաջին անգամ է Մուսա լեռան հերոսամարտի թեմայով գիտաժողով կազմակերպվում և այն էլ՝ մայր բուհում:

Եսայի Հավաթյանն իր՝ «Մուսա լեռան հայությունը 1850-ական թվականներից մինչև 1915թ.» թեմայով զեկույցում անդրադարձավ մուսալեռցիների կյանքին, խոսեց 1872թ. Մուսա լեռան շրջանում տեղի ունեցած կործանիչ երկրաշարժի ու դրա հետևանքների, 1909թ.՝ Կիլիկիայի ջարդերի, հերոսամարտի շուրջ 45 օր տևած նախապատրաստական աշխատանքների, հերոսամարտի բոլոր 4 փուլերում մուսալեռցիների հերոսական ինքնապաշտպանության կազմակերպման և 1915թ. սեպտեմբերի 12-ին պաշարված մուսալեռցիների փրկության մասին:

Այնճարցի Եսայի Հավաթյանն իր զեկույցում ցուցադրեց հերոսամարտի հրամանատարների բացառիկ լուսանկարներ, մեջբերեց Լիբանանի Այնճար գյուղում հաստատված և փոքրիկ Հայաստան հիմնած մուսալեռցիների բանավոր զրույցների միջոցով հերոսամարտի մասին պահպանված պատմություններ ու մանրամասներ, որոնք նա գրի է առել և տպագրել առանձին գրքով:

«Մուսալեռ» հայրենակցական միության ներկայացուցիչ Անի Փաշայանը հավաստիացրեց, որ հերոսամարտի 100-ամյակը հայ դատի համար պայքարի նոր մեկնարկ է, հատկապես երիտասարդ մուսալեռցիների համար:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Գեղամ Բադալյանն իր «Սուեդիայի հայ բնակչության ժողովրդագրական կազմը առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին» զեկույցում հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց մուսալեռցիների սովորույթների և մինչ օրս Այնճարում նույն ոգով պահպանվող ավանդույթների մասին:
Ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը խոսեց Մուսա լեռան ինքնապաշտպանության գործում կանանց դերի մասին, թե ինչպես նեցուկ կանգնելով իրենց ամուսիններին ու որդիներին՝ հայ կանայք բարձրաբերձ ժայռերից քարաբեկորներով են պաշտպանվել անագորույն թշնամուց:

Պ.գ.դ. պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանն անդրադարձավ հերոսամարտի ընթացքում 20-ամյա հրամանատար Մովսես Տեր-Գալուստյանի կատարած մեծածավալ գործունեությանը և սխրագործություններին:

Զեկույցներով հանդես եկան նաեւ պ.գ.դ. Հարություն Մարությանը («Հայոց ցեղասպանության տարիների ինքնապաշտպանությունները և ապրիլի 24-ի բանաձևումը»), Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի գիտաշխատող Խորեն Գրիգորյանը («Մուսա լեռան հերոսամարտի տոնակատարությունը թանգարանային ցուցադրության համատեքստում»), պ.գ.թ. Սվետլանա Պողոսյանը («Սվեդիահայ/մուսալեռցիների ինքնության դրսևորումները և կենսապահովման մշակույթի առանձնահատկությունները») և Կալիֆորնիայի «Արփա» ինստիտուտի նախագահ Հակոբ Փանոսյանը («Մուսա լեռան հայության բարբառի առանձնահատկությունները»):
Գիտաժողովի ավարտին կազմակերպվեց հյուրասիրություն, որտեղ մատուցվեցին մուսալեռցիների ավանդական ուտեստներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930