Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանի «եռյակի» խայտառակ որոշումը

Հոկտեմբեր 19,2015 20:00

Սույն թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորներ Ա.Խառատյանի, Կ.Հակոբյանի և Տ.Նազարյանի գլխավորությամբ ավարտվեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի երեք աշխատողների վերաքննիչ բողոքի քննությունը: «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը արձանագրում է, որ նման ինքնանպատակ, անարդար և օրենքի կոպիտ խախտմամբ աշխատանքային վեճերով որոշում դեռևս չի եղել:

Վերաքննիչ դատարանը Ա.Խառատյանի նախագահությամբ որոշել է.

«1. Սևակ Հովհաննիսյանի, Անդրանիկ Գևորգյանի և Գագիկ Գալստյանի վերաքննիչ բողոքը մերժել:

2. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 14.02.2014 թվականի թիվ 14-ԿԲ, թիվ 15-ԿԲ և թիվ 16-ԿԲ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամաններն անվավեր ճանաչելու և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Սևակ Հովհաննիսյանի, Անդրանիկ Գևորգյանի և Գագիկ Գալստյանի` որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում նրանց միջին աշխատավարձի հնգապատիկի չափով գումար բռնագանձելու պահանջների մասով բեկանել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2015 թվականի թիվ ԵԱՔԴ/0621/02/14 վճիռը և այն փոփոխել` հայցը նշված պահանջների մասով մերժել, իսկ մնացած մասով` վճիռը թողնել օրինական ուժի մեջ»:

Հիշեցնենք, որ մեր ներկայացրած պահանջը մասնավորապես եղել է.

«աշխատանքից ազատման թիվ 14-ԿF, 15-ԿF, 16-ԿF հրամաններն անվավեր ճանաչելը, նախկին աշխատանքում վերականգնելը և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարելը»:

Վերլուծելով վերաքննիչ դատարանի որոշումը՝ եզրակացնում ենք, որ դատարանը բեկանել և փոփոխել է վճիռը մեր պահանջի երկու մասերով` աշխատանքից ազատման հրամանները անվավեր ճանաչելու և առաջին ատյանի դատարանի կողմից աշխատանքում չվերականգնելու համար սահմանված հատուցումը նրանց միջին աշխատավարձի հնգապատիկի չափով:

Նշենք, որ վերաքննիչ բողոք էին ներկայացրել ինչպես աշխատակիցները, այնպես էլ մետրոպոլիտենը: Մեր պահանջը եղել է բեկանել առաջին ատյանի վճիռը աշխատանքում չվերականգնելու մասով, իսկ չվերականգնման դեպքում` հնգապատիկի մասով սահմանել առավելագույնը` ԱՕ-ի 265-րդ հոդվածով նախատեսված տասներկուապատիկի չափը:

Իսկ մետրոպոլիտենի պահանջը եղել է բեկանել առաջին ատյանի վճիռը և հատուկ շեշտադրումը դրվել է հենց աշխատանքում չվերականգնելու համար վճռով սահմանված հատուցման հնգապատիկի չափի վրա:

Վերաքննիչ դատարանը այնքան զբաղված է եղել իրականությանը չհամապատասխանող փաստեր շարադրելով (ինչը կարող է հիմնավորվել ինչպես դատական նիստերի ձայնագրություններով, այնպես էլ դատական նիստերի տեսաձայնագրություններով), որ անտեսել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարելու պահանջի մասը, որը աշխատանքից ազատման հրամանների անվավերության հետևանք է հանդիսանում, և այդ մասով վճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Դատարանը մասնավորապես մեջբերում է կատարել վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված բազմաթիվ որոշումներին և այդպիսով աշխատակիցների կողմից ինքնախոստովանական ցուցմունքներ դատարանում չտալու հանգամանքներում փորձել է հիմքեր ստեղծել աշխատանքից ազատման հրամաններն անվավեր ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը փորձ է արել հիմնավորել իր որոշումը բացառապես հորինված փաստերով, որոնք գոյություն չունեն թե´ գործի նյութերում և թե´ տեսանյութերում:

Մասնավորապես տվյալ հատվածը մեջբերվում է որոշումից. «…Վերը նշված վերլուծության լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Համահայցվորների` գործի քննության ընթացքում տված ցուցմունքները` մասնավորապես այն, որ նախքան աշխատանքից ազատվելը վեջիններս ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով հրավիրվել են Ընկերություն բացատրություն տալու, սակայն հրաժարվել են` պատճառաբանելով, որ չեն կատարել այնպիսի բան, որի համար պետք է բացատրություն տան, սույն գործով թույլատրելի ապացույցներ են և Համահայցվորների հայտարարությունները, ցուցմունքները և գործում առկա նյութերը համակցության մեջ բավարար են հաստատված համարելու մինչև կարգապահական տույժի կիրառումը Համահայցվորներից կարգապահական խախտման վերաբերյալ բացատրություն պահանջելու փաստը: Հետևաբար` Ընկերության տնօրենի 14.02.2014 թվականի թիվ 14-ԿԲ, թիվ 15-ԿԲ և թիվ 16-ԿԲ հրամանները համապատասխանում են ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներին..», մինչդեռ Դատարանը ոչ միայն չի անդրադարձել նախքան աշխատանքից ազատվելը ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով Համահայցվորների` բացատրություն տալու համար Ընկերություն հրավիրված լինելու փաստին, այլ ընդհանրապես իր վճռում չի անդրադարձել և գնահատել նշված փաստը, որով հաստատված է համարվում մինչև կարգապահական տույժի կիրառումը Համահայցվորներից կարգապահական խախտման վերաբերյալ բացատրություն պահանջելու և վերջիններիս կողմից դրանից հրաժարվելու հանգամանքը»:

Ավելին՝ յուրաքանչյուր նախնական դատական նիստին դատարանը ինքն է փորձել պարզելու, թե երբ են աշխատողները կատարել ենթադրյալ «պարբերաբար» աշխատանքային կարգապահության խախտումները և երբ են «բազմաթիվ անգամ» բանավոր նկատողություններ արվել, որի կապակցությամբ աշխատակիցները հերքել են իրենց նկատողություն տալու հանգամանքը, ինչպես նաև ներկայացվել է ապացույց, որ աշխատանքային կարգապահության համար գրավոր նկատողություն եղել է միայն մեկ անգամ` Գագիկ Գալստյանի նկատմամբ 2012 թվականին և որը ՀՀ ԱՕ-ի 229-րդ հոդվածի հիմքով համարվում է մարված:

Դատարանը միտումնավոր գործը քննել է աշխատանքային կարգապահությունը խախտելու ներքո, որը նախատեսված է ԱՕ-ի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, իսկ ինչպես, հայտնի է, աշխատողները աշխատանքից ազատվել են նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով` վստահությունը կորցնելու հիմքով:

Հատկանշական է այն փաստը, որ վերաքննիչ դատարանի որոշման բովանդակությունը ներկայացված է միայն մետրոպոլիտենի փաստերի շարադրմամբ, իսկ մեր կողմից ներկայացված բողոքի պատասխանը շարադրված է մի քանի էական նշանակություն չունեցող փաստերով, մեր բողոքի հիմնական բովանդակությունն ընդհանրապես բացակայում է՝ այդ մասով որոշակի անդրադարձ կատարելով միայն վերաքննիչ դատարանի եզրահանգումներում:

Ակնհայտ երևում է, որ դատարանը շահագրգռված է եղել գործը ներկայացնելու միայն մեկ տեսանկյունից, այն է` աշխատանքային կարգապահությունը խախտելու տեսանկյունից, որը ամբողջովին հակասում է գործի ողջ քննության ընթացքում ներկայացված փաստերին և մեր կողմից ներկայացված հիմքերին և հիմնավորումներին` վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքից ազատելուն:

Հատկանշական է նաև այն փաստը, որ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից գործի վերսկսելը եղել է օրինական և արդարադատությանը միտված՝ այն պարագայում, երբ բոլոր ապացույցները 10 նիստերի ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրվել են, իսկ գործը վերսկսելուց հետո որևէ նոր ապացույց չի ուսումնասիրվել, ավելին՝ վերսկսելուց հետո ըստ էության քննվող նիստ նշանակված 6-ից եղել են 2-ը և կրկին նշում ենք նույն ապացույցների և նույն հարցադրումների ներքո, ինչը ապացուցվում է նիստերի ձայնագրություններով և տեսաձայնագրություններով:

Հավելենք, որ մետրոպոլիտենի ներկայացուցիչը, մեկ տարի 6 ամսվա ընթացքում չառարկելով նիստերի տեսաձայնագրման կապակցությամբ, դեմ եղավ վերաքննիչ դատարանի նիստի տեսաձայնագրմանը՝ նշելով, որ կարող է այնպիսի բաներ խոսի նիստի ընթացքում, որոնք իբր կարող են մեր կողմից հանրությանը ներկայացվել խեղաթյուրված, ինչի արդյունքում, հակառակ մեր առարկությունների, դատարանը բավարարեց պահանջը, և նիստը չտեսաձայնագրվեց:

Նշենք, որ որոշման մեջ առկա են բազմաթիվ հորինված փաստեր և խախտումներ, որոնց մասին փաստաբանական տակտիկայի տեսանկյունից հարկ ենք համարում չնշել:

Հիշեցնենք, որ աշխատողները աշխատանքից ազատվել են բացառապես նրանց կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ մետրոպոլիտենի 60-ից ավելի աշխատակիցների հետ միասին արտահայտած կարծիքի և ցույցերին մասնակցելու համար:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն, ի դեմս կազմակերպության փաստաբան Քրիստինա Գևորկյանի, միանշանակ ներկայացնելու է վճռաբեկ բողոք, քանի որ կոպտորեն խախտված են մետրոպոլիտենի աշխատողների՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Փաստաբան` Քրիստինա Գևորկյան      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031