COP17-ի համապատասխան քննարկումներում և դիվանագիտական խորհրդակցություններում հնչեցնել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության հարցը։ Այս պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ և հասարակական գործիչներ բողոքի ցույց են անցկացրել Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպանատների դիմաց՝ նամակներով փոխանցելով իրենց պահանջները։
Արցախի հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը համառոտ ներկայացրեց ցույցի մասնակիցների պահանջները։
«Աջակցել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների, վանքերի, գերեզմանատների, պատմական հուշարձանների և ավանդական բնակավայրերի պաշտպանությանը, նպաստել դրանց վիճակի պահպանմանն ու հասանելիության անկախ միջազգային գնահատմանը։
Աջակցել Արցախի բռնի տեղահանված հայերի՝ անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի իրավունքի իրացմանը։ Կոչ անել Ադրբեջանին՝ ապահովելու տեղահանված բնակչության անվտանգության, սեփականության, կենսապահովման միջոցների և համայնքային կյանքի արդյունավետ պաշտպանությունը»,- նշեց Զաքարյանը՝ ներկայացնելով պահանջները։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ ցույցի մասնակիցներն ակնկալում են նաև հանդիպումներ ունենալ դեսպանատների ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանան միջազգային տարբեր հարթակներում արծարծել Արցախի բնիկ հայ ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը։
Զաքարյանի գնահատմամբ՝ այդ հարցը պետք է լինի COP17-ի քննարկումների անբաժանելի մասը, սակայն այն անտեսվում է ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ միջազգային ներկայացուցիչների կողմից։
«Եկել են, բոլորը խոսում են բնիկ ժողովուրդների մասին, իսկ 150 հազար արցախցիների՝ բնիկ ժողովրդի մասին, որը կտրվեց իր ջրից ու հողից, չեն ուզում հիշել»,-ասաց Ալվարդ Զաքարյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































