Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ սոպրանոն ցանկանում է Հայաստանում տեսնել «թեթեւ» օպերաներ

Հունվար 23,2016 13:00

Ֆրանսաբնակ երիտասարդ օպերային սոպրանո Ռուզան Մանթաշյանը վոկալ արվեստի այբուբենը սկսել է ուսումնասիրել նախ Երեւանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցում, ապա ուսանել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Վալերի Հարությունյանի ղեկավարությամբ: 2010թ. երգչուհին կատարելագործվել է Իտալիայում, Գերմանիայում, ապա Ֆրանսիայում: Արվեստագետին հայ օպերային արվեստի սիրահարները կարող են մտաբերել 2014թ. Շուշիում կայացած Ա. Տերտերյանի «Կրակե օղակ» ներկայացումից, իսկ դրանից առաջ Ազգային օպերային թատրոնում Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի համերգային կատարումից: Այս օրերին երգչուհին Մոցարտի տարբեր օպերաներից արիաների կատարումով հանդես կգա Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Ռուզան Մանթաշյանը հիշեց, որ դեռեւս արվեստի դպրոցում ուսանելու տարիներին՝ 2007թ., առաջին անգամ ֆիլհարմոնիկի հետ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ հանդես է եկել Պուչինիի «Ջանի Սկիկի» օպերայից Լաուրետայի արիայի մեկնաբանմամբ: Նա նշեց, որ շուրջ 2 տարի է, ինչ Ֆրանսիայում համագործակցում է հայկական արմատներով մենեջեր Ռենե Մասիսի հետ: Ասաց նաեւ, որ այդ համագործակցության առաջին բեմելը կայացել է 2014թ. Բեռլինի Իվան Ֆիշերի ղեկավարած Konzerthaus-ի նվագախմբի հետ՝ Էխոյի դերերգով՝ Ռ. Շտրաուսի «Արիադնան Նաքսոսում» օպերայից: Ընդ որում, հիշյալ դերերգով մեր հայրենակցուհին 2014-15թթ. թատերաշրջանում հանդես է եկել նաեւ Փարիզի Opera Bastille-ում: Զրույցի ընթացքում երգչուհին նշեց, որ առաջիկայում սպասվում են իր ելույթները եվրոպական տարբեր թատրոններում՝ Ռ. Շտրաուսի «Վարդի ասպետը» եւ Ջոհաննա Լիի «Տունդարձի ճանապարհ» օպերային ներկայացումներում: Ծրագրված է նաեւ Մարիուս Ստիգհորստի ղեկավարությամբ «Գերմանական ռեքվիեմում» սոպրանոյի պարտիայի կատարումը Օռլեանի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Հետաքրքրությանը, թե հայաստանյան համերգային այցերն է՞լ են կայանում մենեջերի միջոցով, եւ որտեղի՞ց սկսվեց իրենց ծանոթությունը, մեր զրուցակիցը նախ նշեց, թե մենեջերը ողջունում է հայաստանյան ցանկացած հրավեր, հետո էլ պատասխանեց. «Ֆրանկֆուրտի երաժշտական բարձրագույն դպրոցում սովորում էի մենեջերիս տիկնոջ՝ վոկալի տեխնիկայի պրոֆեսոր Հեդվիգ Ֆասբենդերի ղեկավարությամբ: Մեր կապը շարունակվում է մինչ օրս: Հենց այդ շրջանում էլ պարոն Մասիսը նկատել է ինձ: Իտալիայում էլ ուսանել եմ Միրելա Ֆրենիի դասարանում: Ինչ խոսք, յուրաքանչյուր արտասահմանյան ելույթ իրականացվում է մենեջերիս միջոցով կամ համաձայնությամբ»: Կանխելով հարցը, թե ինչու որեւէ դերերգով հանդես չի գալիս Երեւանի օպերային թատրոնում, Ռ. Մանթաշյանն ասաց. «Երեւանի թատրոնի խաղացանկում բարդ օպերաներ են: Ես դեռ երիտասարդ եմ եւ ցանկանում եմ երկար ձգվի օպերային երգչուհուս ճանապարհը: Իսկ դրա համար անհրաժեշտ է հանդես գալ, այսպես կոչված, թեթեւ ներկայացումներում, ասենք՝ Մոցարտի, Ռոսինիի, Դոնիցետիի, կամ օրինակ՝ Չայկովսկու «Իոլանտայում»… Բարդ պարտիաներ կատարելու համար տարիներ են պահանջվում: Մյուս կողմից՝ հասկանում եմ, որ խաղացանկային թատրոններում անհրաժեշտ են նույնիսկ բարդ օպերաները, պարզապես պետք է ճիշտ վարել թատրոնի խաղացանկային քաղաքականությունը: Աշխարհում վաղուց հայտնի են երգիչներ, որոնց անվանում են, օրինակ, վերդյան ձայն եւ այլն: Իմիջիայլոց, Ֆրանսիայում իբրեւ Ռոսինիի օպերաների լավագույն կատարող հայտնի է Արտո Սարգսյանը, նրան անվանում են ռոսինիական ձայն…»:

Ռուզան Մանթաշյանը 2011թ. մասնակցել է Պավարոտիի հիշատակի համերգին Մոդենայի Piazza Grande թատրոնում՝ Ալդո Սիսիլլոյի ղեկավարությամբ, որին հաջորդել են ելույթները Բոլոնիայի Mozart Academy Orchestra-ի հետ Բորիս Շեֆերի ղեկավարությամբ: Ի դեպ, 2011թ. նա բեմ է բարձրացել Մոդենայի «Պավարոտտի» թատրոնում՝ Սյուզանի դերերգով՝ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մեջ: Մեր հայրենակցուհին հասցրել է բեմ բարձրանալ նաեւ իտալական Բարիի, Չեսենայի, Միրանդոլայի թատրոններում նույնպես: 2013թ. երգչուհին հաղթել է Տրեւիզոյի Toti dal Monte Singers մրցույթում՝ աչքի ընկնելով հատկապես Մյուզետի դերերգով (Պուչինիի «Բոհեմ»): Հիշյալ դերերգով նա բազմիցս հանդես է եկել նաեւ Տրեւիզոյի, Բոլցանոյի, Ֆերմոյի, Ֆերարայի թատրոններում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031