Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հորդորել են զարգացնել մեր երկրի կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող իրավական դաշտը և միանալ Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ցանցին

Հունվար 25,2016 12:58

Այսօր տեղի է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցել են Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, էթիկայի ոլորտի միջազգային փորձագետներ, գործարար աշխարհի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում քննարկվել են հանրային ոլորտում բարեվարքության խթանման միջազգային լավագույն փորձն ու դրա կիրառման հնարավորությունները Հայաստանում, ինչպես նաև ներկայացվել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ռազմավարության նախագծի կարևորագույն դրույթները:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անտոնի Պյոտր Սվիտալսկին և Հայաստանում Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշել են բարեվարքության առավել բարձր չափանիշներ հանրային ոլորտում հետևողականորեն ներդնելու անհրաժեշտությունը՝ հանրային ինստիտուտների նկատմամբ վստահություն ձևավորելու համար: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը ներկայացրել է դատախազության՝ կոռուպցիոն դեպքերի բացահայտմանն ուղղված ներկայիս ջանքերն ու դրանց արդյունքները:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի նոր ռազմավարության դրույթներին՝ արժեհամակարգ ձևավորող մոտեցումների միջոցով օրինավոր և բարեխիղճ հանրային պաշտոնյաների և ծառայողների ձևավորման կարևորությանը: Նա նաև կարևորել է հանրային բարեվարքությունը որպես առաջնորդության հատկանիշ և արդյունավետ կառավարման հիմնական գրավական:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հանձնաժողովի կողմից մշակված ռազմավարության նախագիծը և առաջիկա տարիների գործունեության հիմնական ուղղությունները:

Խորհրդաժողովին մասնակցել է Եվրոպական հանձնա­ժողովի Խարդախությունների դեմ պայքարի գրասենյակի (OLAF) հետաքննությունների դեպարտամենտի ղեկավար տիկին Պետրա Քնյուերը: Նա իր խոսքում անդրադարձել է Եվրոպական Հանձնաժողովի կողմից որդեգրած կոռուպցիայի նկատմամբ “զրո հանդուրժողականություն” քաղաքականությանը և ընդգծել է, թե հանրային ծառայողներն իրենց վարքագծով պետք է պաշտպանեն հանրային կառույցների հեղինակությունը:

Քրիսթիան Միխելսենի համալսարանի U4 հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Բորիս Դիվժակը շեշտադրել է կրթության կարևորությունը որպես կոռուպցիայի կանխարգելման գործիք և ներկայացրել իր կառույցի ծրագրերը հանրային ոլորտի կազմակերպությունների կարողությունների ձևավորման գործում:

Խորհրդաժողովի բանախոսներից տիկին Էլիզաբեթ Թոյբլը՝ Ավստրիայի Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի աշխատակազմի ղեկավարը, հորդորել է զարգացնել մեր երկրի կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող իրավական դաշտը, ինչպես նաև միա­նալ Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ցանցին և պայմանագրերին:

Խորհրդաժողովին մասնակցում էր նաև համաշխարհային ճանաչում ունեցող Սիմենս ընկերության համապատասխանության հարցերով գլխավոր պատաս­խանատու դոկտոր Անթոնյե Վաուշքուհնը: Նա խոսել է գործարար աշխարհի՝ հակակոռուպցիոն պայքարին մասնակցելու կարևորության մասին, ինչպես նաև անդրադարձել Սիմենս ընկերության հակա­կոռուպցիոն ծրագրերին:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031