Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը բավարար կերպով իրականացրել է GRECO-ի 22 հանձնարարականներից միայն 6-ը․ համապատասխանության զեկույց

Հուլիս 16,2026 12:40 Share

«Հայաստանը բավարար կերպով իրականացրել է 5-րդ փուլի գնահատման զեկույցում ներկայացված 22 հանձնարարականներից 6-ը, մնացած 15-ն իրականացվել են մասնակիորեն, իսկ մեկն ընդհանրապես չի իրականացվել»,- ամրագրված է Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի` (GRECO) 5-րդ փուլի գնահատման համապատասխանության զեկույցում։

Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի՝ (GRECO) Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմնի այսօր հրապարակած զեկույցում գնահատվում են ՀՀ-ի կողմից այս մարմնի՝ ՀՀ-ին ուղղված հանձնարարականների կատարման ընթացքն ու արդյունքները։

Մասնավորապես 22 հանձնարարականներով՝ ԳՐԵԿՈ-ն կոչ է անում Հայաստանին շարունակել իր ջանքերը` կանխելու կոռուպցիան բարձրագույն գործադիր գործառույթներ ունեցող անձանց և ոստիկանության առնչությամբ:

GRECO-ն նշում է՝ անհարկի ազդեցության ռիսկերը կանխելու համար Հայաստանին կառավարման ոլորտում անհրաժեշտ է հաշվետվողականության ավելի ուժեղ համակարգ։ Բարձր մակարդակի կոռուպցիոն դեպքերի և նախորդ ռեժիմների հետ կապ ունեցող ցանցերի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար մի շարք լայնածավալ հետաքննություններ են ընթանում, սակայն մինչ օրս դատավճիռ չի կայացվել։

Ըստ հանձնարարականների՝ հետաշխատանքային դրույթները թույլ են իրենց ծավալի, ինչպես նաև դրանց մշտադիտարկման և կիրարկման առումով։ GRECO-ն նաև նշում է, որ անհրաժեշտ է ավելին անել՝ տեղեկատվության հասանելիությունը բարելավելու և հանրային մասնակցությունը որոշումների կայացման գործում ապահովելու հարցում: Ավելին, դեռ պետք է ընդունվեն արդյունավետ կանոններ լոբբիստական գործունեության համար: Ինչ վերաբերում է ոստիկանությանը, GRECO-ն նշում է, որ այն չունի լավ զարգացած էթիկայի ենթակառուցվածք և այլն։

Ըստ GRECO-ի համապատասխանության զեկույցի՝ ՀՀ կառավարությունը մասամբ է կատարել այն հանձնարարականը, որը վերաբերում է բարձրագույն գործադիր գործառույթներով օժտված անձանց մինչև նշանակվելը կամ նշանակվելուց անմիջապես հետո բարեվարքության ստուգում անցնելուն՝ հնարավոր շահերի բախումները բացահայտելու և պատշաճ կերպով կառավարելու նպատակով։

Նաև մասամբ է կատարվել այն հանձնարարականը, որ պետք է ՀՀ-ն ընդունի բարձրագույն գործադիր գործառույթներով օժտված անձանց վարքագծի կանոնագիրք, այն հրապարակվի և ուղեկցվի դրա նկատմամբ վերահսկողության ու կիրարկման արժանահավատ և արդյունավետ մեխանիզմով։

Ըստ համապատասխանության զեկույցի՝ մասամբ է իրականացվել տեղեկատվության մատչելիության վերաբերյալ օրենսդրության կիրառման անկախ ազդեցության գնահատումը, դրա արդյունքներով անհրաժեշտ օրենսդրական և գործնական միջոցառումների ձեռնարկումը՝ հանրության համար տեղեկատվության մատչելիությունը բարելավելու նպատակով։

ԳՐԵԿՈ-ն գնահատում է, որ ՀՀ-ն բավարար չափով չի իրականացրել տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենսդրության կիրառման համակարգված վերանայում, մշտադիտարկումը։ ԳՐԵԿՕ-ն հանձնարարել էր ՀՀ կառավարությանը ապահովել քաղաքացիական հասարակության բովանդակալից մասնակցությունը, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացի վաղ փուլերում ներգրավելու, խորհրդակցությունների համար բավարար ժամանակ հատկացնելու, ավելի հաճախակի առերես խորհրդակցություններ և հանրային լսումներ կազմակերպելու, ինչպես նաև հանրության կողմից ներկայացված առաջարկությունները հնարավորինս լայնորեն հասանելի դարձնելու միջոցով։

ԳՐԵԿՕ-ն հանձնարարել է էապես ուժեղացնել բարձրագույն գործադիր գործառույթներով օժտված բոլոր անձանց էթիկային, շահերի բախմանը և բարեվարքությանն առնչվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության և պատասխանատվության կիրառման համակարգը՝ ապահովելով, որ բոլոր խախտումները հանգեցնեն համարժեք իրավական հետևանքների։ Սակայն ըստ համապատասխանության զեկույցի՝ այս հանձնարարականը բավարար չափով չի կատարվել։

ԳՐԵԿՕ-ն նաև եզրակացրել է, որ թեև ՀՀ կառավարությանը հանձնարարվել է ապահովել, որ Մարդու իրավունքների պաշտպանի՝ ազդարարների պաշտպանության ոլորտում ունեցած դերը գործնականում լիարժեք իրականացվի, սակայն այս դրույթը չի իրականացվել։ Համապատասխանության զեկույցում մասնավորապես ամրագրված է․ «Հայաստանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի ազդարարների պաշտպանության գործում Մարդու իրավունքների պաշտպանի դերին վերաբերող հանձնարարականին, քանի որ սա միակ հանձնարարականն է, որը չի իրականացվել անգամ մասնակիորեն»։

ԳՐԵԿՕ-ն ողջունում է այն հանգամանքը, որ Հայաստանը պատշաճ ուշադրություն է դարձրել բոլոր հանձնարարականներին և ձեռնարկել է դրական քայլեր դրանց իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ բարձրագույն գործադիր գործառույթներով օժտված անձանց վարքագծի կարգավորմանը, ներկայացուցչական ծախսերի գնումների գործընթացի թափանցիկությանը, քաղաքացիական հասարակության մասնակցությանը, լոբբինգին, բարձրագույն գործադիր գործառույթներով օժտված անձանց շրջանում շահերի բախման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին համապատասխան մարդկային ռեսուրսներով ապահովելուն վերաբերող հանձնարարականները։ Ընդհանուր առմամբ, թեև բարձրագույն գործադիր գործառույթներին վերաբերող գրեթե բոլոր հանձնարարականների ամբողջական իրականացումն ապահովելու համար դեռևս անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք, ԳՐԵԿՕ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել իր ջանքերը և վստահություն հայտնում, որ նախատեսվող միջոցառումների իրականացումը կամրապնդի հակակոռուպցիոն շրջանակը։

Իրավապահ մարմինների առնչությամբ ԳՐԵԿՕ-ն գոհունակությամբ արձանագրում է դրական առաջընթաց՝ մասնավորապես՝ ոստիկանության թափանցիկության և հաղորդակցության, հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ընդունման, ոստիկանության ծառայողների վերապատրաստման և ոստիկանության աշխատակիցների ոչ պատշաճ վարքագծի քննության ոլորտներում։ Ըստ զեկույցի՝ այդ թեմաներին վերաբերող հանձնարարականները պատշաճ կերպով իրականացվել են։

Ավելին, գրեթե բոլոր հանձնարարականների մասով արձանագրվել են դրական քայլեր, այդ թվում՝ ոստիկանությունում կանանց ներկայացվածությանը, բարեվարքության ստուգումներին, աշխատանքից ազատումից հետո սահմանափակումներին և ազդարարների պաշտպանությանը վերաբերող հարցերի շրջանակում։ Չնայած այս զարգացումներին՝ հանձնարարականների ամբողջական իրականացման համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ և ջանքեր։

Զեկույցում նշվում է, որ հաջորդ 18 ամիսների ընթացքում անհրաժեշտ կլինի արձանագրել հետագա առաջընթաց՝ հանձնարարականների կատարման համապատասխան մակարդակի ապահովման նպատակով։ ԳՐԵԿՕ-ն կոչ է անում Հայաստանին մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն չկատարված հանձնարարականների իրականացման վերաբերյալ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել