Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ եզրույթները Ադրբեջանը վաղուց ստացել էր»

Հունվար 29,2016 15:00

ԵԽԽՎ հայկական պատվիրակության 
ղեկավար Հերմինե Նաղդալյանը` ԵԽԽՎ քվեարկության մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում ներառված ոչ հայանպաստ զեկույցներից, թեեւ ձայների 66 «կողմ», 70 «դեմ» հարաբերակցությամբ մերժվեց Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը, սակայն ձայների 98 «կողմ», 71 «դեմ» հարաբերակցությամբ ընդունվեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրով զեկույցը: Այս փաստաթուղթը` 2085 բանաձեւը, ոչ պակաս վտանգավոր ձեւակերպումներ է պարունակում: Մասնավորապես, այստեղ հոդված 4-ում ամրագրված է՝ «Վեհաժողովը դատապարտում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հարակից այլ տարածքների բռնազավթումը»: Հոդված 7.1-ում ամրագրված է. «Վեհաժողովը պահանջում է Հայկական զինված ուժերի անհապաղ դուրսբերում նշված տարածաշրջանից»: Նաեւ կոչ է արվում ՀՀ իշխանություններին դադարեցնել ջրային այս ռեսուրսի օգտագործումը որպես քաղաքական ազդեցություն եւ հակամարտող միայն մեկ կողմի շահերի սպասարկման համար գործիք:

Փաստաթղթում ամրագրված է նաեւ, որ Վեհաժողովը դատապարտում է հայկական պատվիրակությանը եւ ՀՀ իշխանություններին զեկույցի պատրաստման ընթացքում զեկուցողի հետ չհամագործակցելու մեջ: Թեեւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը քվեարկությունից առաջ շուրջ 15 լրացում-առաջարկներ արեց, սակայն դրանք չընդունվեցին, եւ ոչ հայանպաստ զեկույցում ոչ հայանպաստ ձեւակերպումները պահպանվել են: Այն, որ այդ ձեւակերպումները պահպանվել են, «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Հարցին` ինչո՞ւ հնարավոր չեղավ կանխել նաեւ այս զեկույցի ընդունումը, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «ԵԽԽՎ խորհրդարանականների մեծամասնությունը, այնուամենայնիվ, տեսավ գլխավոր խնդիրը` Ուոլթերի զեկույցը, եւ այն համարեց այնպիսի օրակարգային, գլխավոր հարց, որ առաջին հերթին դրա լուծումը տվեցին: Սարսանգի խնդիրը դիտեցին որպես սոցիալական, ջրի, որպես հատվածային, հումանիտար խնդիր, եւ այս իմաստով եվրոպացիները կարծես փոքր-ինչ լոյալ վերաբերվեցին»:

Մեր այն հարցին` հետեւաբար ԵԽԽՎ քվեարկությունը մեզ համար ավելի շատ հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն, տիկին Նաղդալյանը պատասխանեց, թե այդ տերմինաբանությունն այնքան էլ չի ընդունում, քանի որ պայքարն ընթանում է ամեն օր, եւ դա ճակատ է, որտեղ «անընդհատ պետք է պոստում լինել»: Տիկին Նաղդալյանը նկատեց, թե Ուոլթերի զեկույցն ամբողջական, համալիր լուծման փորձ էր Մինսկի խմբին զուգահեռ եւ դրա մոտեցումները մերժող Ադրբեջանի` ժամանակին մերժված բոլոր ցանկությունները համալիր մեկ տեղում ներկայացնելու եւ մեկ փաստաթղթում անցկացնելու: Եվ այդ իմաստով կարեւորությունն այդ զեկույցի համեմատելի չէ Սարսանգի զեկույցի հետ. «Սա կարծես ենթազեկույց լիներ, կարծես զեկույցի հետեւանք կամ ավելի հատվածային խնդիր, քանի որ Սարսանգի զեկույցով փորձ էր կատարվում ջրի խնդիրը բարձրաձայնելու ճանապարհով քաղաքական խնդիրների կամ լուծումներ առաջարկելու հարցը լուծել»: Տիկին Նաղդալյանը նշեց, թե ապրիլից հետո` պայմանավորված ԵԽԽՎ ռուսական պատվիրակության նկատմամբ պատժամիջոցների առաջ քաշմամբ` ադրբեջանցիները գնացին նոր հարձակման, որոնք միացյալ մեկ զեկույցի` Ուոլթերի զեկույցի տեսքով դրվեցին սեղանին: Տիկին Նաղդալյանը մանրամասնեց. «Մինչապրիլյան իրավիճակում Ադրբեջանը ջրի խնդրից այն կողմ որեւէ բան ունենալու հույս չուներ, հետապրիլյան իրավիճակում հույսերը այնքան մեծացան, որ ամբողջական, համալիր, Մինսկի խմբի սկզբունքներն արմատապես մերժող ու հակասող լուծումներ առաջարկող փաստաթուղթ ունենալու հույսը առաջացավ իրենց մոտ, եւ փորձեցին դա իրագործել»:

Մեր այն դիտարկմանը` չնայած հայկական կողմի մեծ ջանքերին՝ Ադրբեջանն, այնուամենայնիվ, հասավ իր նպատակին եւ իր ցանկալի ձեւակերպումներով զեկույց ունեցավ ԵԽԽՎ-ում, տիկին Նաղդալյանն արձագանքեց. «Այդ եզրույթները Ադրբեջանը շատ ավելի վաղ այս կառույցից ստացել է: Սրանց համար հատուկ այս խնդիրը ձեռնարկելը չեմ կարծում, որ իրենց գլխավոր նպատակն էր: Շատ ավելի վաղ այլ փաստաթղթերի մեջ, այն էլ՝ ոչ սոցիալական, հումանիտար խնդիրների, այլ՝ ավելի արմատական խնդիրների վերաբերյալ զեկույցներում այդ ձեւակերպումներն Ադրբեջանը ստացել է»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031