Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն ԱԺ-ում՝ մաթեմատիկայից. Փաշինյանը բողոքում է՝ «1+1 մեզ մոտ 2.5 է անո՞ւմ». (Տեսանյութ)

Հունվար 29,2016 15:22

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում վիճաբանություն եղավ պատգամավորների միջեւ:

Բանն այն է, որ այսօր հանձնաժողովի նիստին մասնակցում էին ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտաշես Գեղամյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Կարեն Բեքարյանը, որոնք հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ կողմ քվեարկեցին կառավարության ներկայացրած նոր վարկային համաձայնագրին: Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն ու Նիկոլ Փաշինյանը դեմ քվեարկեցին:

Artak_Zaqaryan-2Երբ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ նախագիծը քվեարկության արդյունքներով դրական եզրակացությամբ մտնում է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ՝ Փաշինյանն ասաց՝ հոպ, անօրինական քայլ եք անում, որոշումը չի ընդունվել:

Պատգամավորների միջեւ սկսեց մաթեմատիկայի իմացության թեժ վեճ:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «ԱԺ կանոնակարգի համաձայն, հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե կողմ է քվեարկել անդամների առնվազն ¼-ը: Մենք 19 անդամ ունենք, իսկ 19-ի ¼-ը 4-ից շատ է, հանձնաժողովը չի տալիս դրական եզրակացություն: Եթե կանոնակարգն ասում է՝ առնվազն, դա նշանակում է՝ եթե մի խազ էլ պակաս է՝ որոշումը չի ընդունվել: Ինչի՞ վրա եք հիմնվում, երբ ընդունում եք որոշումը»:

Արտակ Զաքարյանը հակադարձեց, թե դա ձեր մեկնաբանությունն է, մարդկանց չենք կարող կիսել. «4.75 է անում, 0.75 մարդ որտեղի՞ց գտնենք: Եթե հանձնաժողովն ունենար 20 անդամ, կլիներ 5 ձայն, բայց 19 անդամի պարագայում 4 է, ունենք 4 կողմ: Եթե կլորացվում է, մարդկանց քանակի հաշվին չի կլորացվում»:

Artak_Zaqaryan-3Փաշինյանը ծիծաղեց. «Մեր հանձնաժողովում ուրի՞շ հանրահաշիվ է գործում: 1+1 մեզ մոտ 2.5 է անո՞ւմ: Բանավեճի իմաստը չեմ հասկանում, արձանագրեք, որ չի անցնում»:

Փաշինյանը, տեսնելով, որ ՀՀԿ-ականները չեն զիջում, դիմեց հաշվիչ մեքենային, հեռախոսի վրա հաշվեց, գումարեց, բաժանեց, թիվը ցույց տվեց՝ 4 հաստատ չէ: Հետո դիմեց նիստին ներկա գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին՝ պարոն Ջանջուղազյան, 19-ի ¼-րդը ինչքա՞ն է անում՝ պետբյուջեն ըտե՞նց եք հաշվում:

Ջանջուղազյանը պատասխանեց, որ մենք փող ենք հաշվում, մարդ չենք հաշվում, որ կարողանամ ասել:

Արտակ Զաքարյանի խոսքերով՝ «Դուք 0.75 մարդ տեսե՞լ եք, ամբողջ թվերով պետք է հաշվել, 4-ի եւ 5-ի արանքում միլիոնավոր թվեր կան, ես ձեզ մաթեմատիկորեն բացատրեմ»: Փաշինյան արձագանքեց՝ բա դուք քառատված հանձնաժողով տեսե՞լ եք. «Ես գիտեմ, որ 19-ի ¼-ը 4-ից շատ է: Հիմա եթե դուք ցույց կտաք մի հաշվարկ, որ կասեք 4-ից շատ կողմ է եղել՝ ես կհամաձայնվեմ: Հիմա ասում եք՝ մարդուն քառատում ենք, Գեղամյանի ձայնը 1.5 եք հաշվում»: Արտաշես Գեղամյանը միջամտեց. «Չէ, իմ ձայնը 1.5 չի, 1.75 է»:

Ըստ Արտակ Զաքարյանի, մաթեմատիկայի տեսանկյունից 19-ի ¼-ը իսկապես 4 չէ, բայց քվե հաշվելու տեսանկյունից 4 է: Փաշինյանն արձագանքեց. «Ա՛յ ըտենց եք հաշվում, որ էս երկիրն էս օրի է»:

Արտակ Զաքարյանը խոստովանեց, որ սա բացառիկ իրավիճակ է, երբեք չի եղել, որ այսքան քիչ թվով անդամներ մասնակցեն՝ 4-ը ԵԽԽՎ-ում գործուղման են, 4-ը՝ հիվանդ պառկած են: Բայց գոյություն ունի մաթեմատիկական ճշգրտություն, մենք գործ ունենք ամբողջական թվերի հետ, հո հումանիտար առարկա չի, որ տարբեր ձեւերով մեկնաբանենք:

Nikol_Pashinyan_1Թեւան Պողոսյանն ասաց, որ Եվրանեսթում օրինակ, փոքր թիվն են ընդունում, բայց մեր Կանոնակարգում նման բան չկա, իրենք հաշվի են առել:

Արտակ Զաքարյանն առաջարկեց, որ Փաշինյանի հետ համահեղինակությամբ նախագիծ մշակեն եւ Կանոնակարգ օրենքում փոփոխություն անեն:

Փաշինյանը չհամաձայնեց. «Եթե սա ընդունում եք որպես դրական որոշում, հատուկ կարձանագրեք, որ ես դեմ եմ, ես դա կհամարեմ բացահայտ ապօրինի որոշում: Եթե դուք դա ընդունում եք, ես ձեզ հետ չեմ կարող համահեղինակ լինել»:

Ըստ Գեղամյանի, եթե 20-ի ¼-ը 5-ն է, ապա 19-ի ¼-ը 5 չի կարող լինել, ուստի պետք է լինի 4, վերջ:

Փաշինյանի դիտարկմամբ՝ «Երբ մեր օրենսդրության մեջ թիվ է գրվում, դա թիվ է մարդկությանը հայտնի՞ իմաստով, թե՞ մենակ ձեզ հայտնի իմաստով:

Artak_ZaqaryanՆիկոլ Փաշինյանը ԱԺ լիագումար նիստերի քվեարկությունից հստակ օրինակ բերեց. «ԱԺ-ում օրենքն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել մեծամասնությունը, եթե քվեարկությանը մասնակցում է առնվազն կեսը: Մեր պատգամավորների կեսը 65.5 է, մեր քվորումն ինչքա՞ն է՝ 66: Բա ինչո՞ւ 65 չի, կեսը ինչո՞ւ չեն հաշվում»:

Ի վերջո Արտակ Զաքարյանը որոշումը համարեց ընդունված ու անցկացրեց:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Dr. Avetis Sadoyan says:

    Բաց նամակ ՀՀ կրթության և գիտության նախարար պրն․ Աշոտյանին
    Հարգելի պրն Նախարար, տեղեկացնում եմ Ձեզ, որ ԱԺ պատգամավորներ
    Արտաշես Գեղամյանը,
    Ռազմիկ Զոհրաբյանը,
    Կարեն Բեքարյանը և
    Արտակ Զաքարյանը
    Չեն կարողացել հաշվել տասնիննը թվի առնվազն մեկ քառորդը և պարզել արդյոք այդ թիվը չորսից մեծ է թե ոչ․․․
    Խնդրում եմ Ձեզ ցուցում տալ Ձեր ենթակայության տակ գտնվող
    -Երևանի Պետական Համալսարանին, ետ կանչելու՝ այսինքն առոչինչ ճանաչելու
    1996թ մաթեմատիկական կիբեռնետիկայի եւ հետազոտումների ավտոմատացման ֆակուլտետ կողմից Արտակ Բորիսի Զաքարյանին տրված մաթեմատիկոսի որակավորմամբ դիպլոմը,
    1993թ․կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ կողմից Կարեն Մանուկի Բեքարյան տրված մաթեմատիկոսի որակավորմամբ դիպլոմը
    ինչպես նաև Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանին՝ նախկինում Պոլիտեխնիկ, ետ կանչելու՝ այսինքն առոչինչ ճանաչելու
    1971թ. էլեկտրատեխնիկական ֆակուլտետի կողմից Արտաշես Մամիկոնի Գեղամյանին տրված Ճարտարագետ-էլեկտրիկի որակավորման դիպլոմը։
    Ամեն մարդ էլ կարող է բանավոր հաշվարկում վրիպել, բայց հանգամանալից բացատրությունից հետո կրկին պնդելը թե տասնիննը թվի առնվազն մեկ քառորդը չորս է խայտառակում է այն բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը որակավորման դիպլոմ է տվել նման անձին․․․․․
    Ձեր կողմից ղեկավարվող նախարարությունը ջանք ու եռանդ չի խնայում նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշը և միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու համար, այնինչ շրջանավարտների շարքերն են սպրդել հատուկենտ անհատներ, որ չեն կարողանում տարրական դպրոցի մաթեմատիկայի դասընթացի խնդրի լուծել։
    Իսկ արդյոք պետք է զրկել վերոհիշյալ անձանց հասունության վկայականից՝ թողնում եմ Ձեր հայեցողությանը։
    Հարգանքներով՝
    Դր․ Ավետիս Սադոյան
    Բեռլին

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031