Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ ենք ուզում Մարդու իրավունքների պաշտպանից. «Հայոց աշխարհ»

Փետրվար 02,2016 12:27

Եթե նայում ենք սահմանադրության մեջ կատարված վերջին փոփոխությունները, որոնցից հետո «Մայր օրենքում» ՄԻՊ-ին վերաբերող առանձին գլուխ կա (10-րդը), 3 հոդվածով հանդերձ, ապա այնտեղ մասնավորապես նշված է. «Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը» (Սահմանադրություն, հոդված 191, կետ 1):

Ըստ որում՝ սահմանվում է նաեւ, որ «Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նա պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն» (հոդված 193, կետ 3):

Ինչո՞ւ ենք սա նշում: Շատ պարզ է: Եթե հարցնեք իշխանավորներին, ապա նրանցից շատերը հոգու խորքում կցանկանային, որ օմբուդսմեն լինի այնպիսի մեկը, որը ավելորդ հարցեր չի տա, չի անհանգստացնի անախորժ հարցումներով ու պահանջներով, մի խոսքով, իրենց հանգիստ կթողնի:

Եթե հարցնեք ընդդիմադիրներին, ապա նրանք էլ կցանկանային, որ օմբուդսմեն լինի այնպիսի մեկը, ով քաղաքականությամբ զբաղվի, օրուգիշեր այպանի իշխանություններին, հակառակը՝ հանկարծ որեւէ թթու խոսք չասի ընդդիմադիրներին, մի խոսքով՝ իրենց կողմնակիցն ու դաշնակիցը լինի:

Հասկանալի է, իհարկե, որ թե՛ մեկ, թե՛ մյուս տարբերակն ընդունելի ու ընկալելի չեն: Օմբուդսմենը չի կարող չանհանգստացնել ամենատարբեր իշխանավորներին, մանավանդ մեր երկրում, որտեղ գործունեության գրեթե ցանկացած բնագավառում մարդու իրավունքներին ուղղակիորեն առնչվող հարցեր կան ու պարբերաբար ծագում են:

Բայց օմբուդսմենը նաեւ չպետք է ընդդիմության խոսափողը լինի: Ավելի պարզ, ինչպես երեկ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն է նկատել, օմբուդսմենը չպետք է լինի ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության կամակատարը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29