Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանում ՀՀ դեսպան. Լեհաստանի և Հայաստանի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցությունը խրախուսվում է երկու պետությունների կողմից

Փետրվար 18,2016 15:02

Փետրվարի 17-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ դեսպան Էդգար Ղազարյանի հանդիպումը Լեհաստանի Զաբժեի քաղաքապետ տիկին Մալգոժատա Մանկա-Շուլիկի հետ: Հանդիպմանը մասնակցեց նաև հայ-լեհական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մաչեյ Բոհոսևիչը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեհաստանի Զաբժե և Հայաստանի Քաջարան քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հետ կապված հարցեր: Երկու քաղաքների միջև համագործակցության շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերվեց 2015 թվականի ընթացքում Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանի Զաբժե կատարած ճանաչողական այցի ընթացքում:

Դեսպան Ղազարյանը ողջունեց երկու քաղաքապետերի նախաձեռնությունը` ընդգծելով, որ Լեհաստանի և Հայաստանի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցությունը խրախուսվում է երկու պետությունների կողմից, և հայտնեց Լեհաստանում ՀՀ դեսպանության պատրաստակամությունն ամենայն աջակցություն ցուցաբերել այդ հարցում: Դեսպանը նաև նշեց, որ երկու քաղաքների միջև կան բազում ընդհանրություններ, ինչը հնարավորություն է ստեղծում ոչ միայն բարեկամության հաստատման, այլև տնտեսության, բնապահպանության, մշակույթի, արդյունավետ կառավարման և այլ ոլորտներում փորձի փոխանակման համար:

Զաբժեի քաղաքապետը, իր հերթին, վստահություն հայտնեց, որ Քաջարանի հետ ապակենտրոնացված համագործակցությանն իր ներդրումը կունենա Հայաստանի հետ բարեկամության առավել ամրապնդման գործում: Այս համատեքստում ընդգծվեց 2016 թվականի ամռանը Կրակովում կայանալիք Երիտասարդության համաշխարհային օրերին Հայաստանից ժամանող երիտասարդների՝ Զաբժե այցելելու կարևորությունը:

Հանդիպմանը նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց ս.թ. աշնանը Զաբժեում «Հայկական օրեր» խորագրով մշակութային միջոցառումներ կազմակերպելու հարցում:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29