Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հայ դատի հանձնախմբերը 135 տարի հանդիսացել են հայ ազգի երկրորդ բանակը, այսօր պարտադրված են լինելու հայ ժողովրդի արտաքին գործերի նախարարությունը»․ Էլիզաբեթ Չուլջյան

Սեպտեմբեր 25,2026 14:54 Share

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության վրա։ Եվ արդարությունը պարտադրում է, որ հայ պատանդներն անմիջապես ազատ արձակվեն, որ ցեղասպանության ենթարկված արցախահայությունը անպայման կարողանա ապահով վերադառնալ իրենց հողերը։ Դա նշանակում է նաեւ, որ ադրբեջանական զորքերը, որոնք շարունակում են հայկական հողերի վրա լինել, անմիջապես պետք է վռնդվեն։ Եթե սա չլինի, չենք կարող տեսնել երկարատեւ խաղաղություն այս տարածաշրջանում»,- ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների համահայկական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

Անդրադառնալով հարցին՝ ՀՀ իշխանության վարած այսօրվա քաղաքականության պայմաններում ինչպե՞ս են պատկերացնում Հայ դատի հանձնախմբերի աշխատանքը տարբեր երկրներում, Էլիզաբեթ Չուլջյանն ասաց․ «Եթե վերջին 135 տարիների ընթացքում Հայ դատի հանձնախմբերը շարունակական հանդիսացել են հայ ազգի երկրորդ բանակը, հիմա իրականության մեջ պարտադրված են լինելու հայ ժողովրդի արտաքին գործերի նախարարությունը։ Այն հարցերը, որոնց մասին խոսում ենք՝ Արցախի հարցը, պատանդների հարցը, դրանք հիմնական են Հայաստանի անվտանգության ամրապնդման համար են։ Երբ այդ հարցերը Հայաստանի պաշտոնական արտաքին քաղաքականության օրակարգում չեն, Հայ դատի հանձնախումբն այսօր իր համաշխարհային ցանցով դառնում է հայ ժողովրդի արտաքին գործերի նախարարությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Խորհրդաժողովում իր ելույթում Էլիզաբեթ Չուլջյանն ասաց, որ այսօր ԱՄՆ 50 նահանգներում կան քաղաքականապես հասուն ամերիկահայեր, որոնք ընտական կշիռ ունեն ու հայկական հարցերն են առաջ տանում։

«Մենք քաջ գիտենք՝ որքան կարեւոր է Հայաստանի պետական արտաքին քաղաքականությունը, բայց միաժամանակ գիտենք՝ որքան կարեւոր են Սփյուռքի մեր քաղաքացիական, քաղաքական աշխատանքները։ Ձեռք ձեռքի տված պիտի կարողանանք մեր իրական գոյատեւումն ապահովել։ Մենք միշտ պատրաստ ենք եղել Երեւանի հետ գործակցելու՝ մեր համայն հարցերը առաջ տանելու։ Բայց երբեք չենք վարանել ինքնուրույն ու ինքնավստահ աշխատելու՝ ի պաշտպան մեր հիմնական հայկական շահերի, մեր գոյատեւման, հայ պետականության ամրապնդման եւ Սփյուռքի հզորացման»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930