Լրահոս
Օրվա լրահոսը

Գորգի զարդանախշերը՝ նորաձևության մի մաս

Փետրվար 18,2016 16:46

Փետրվարի 19-ին «Տերյան մշակութային կենտրոն»-ը «Մեգերյան կարպետ»-ի հետ համատեղ կներկայացնի արդիական հագուստների հավաքածուի ցուցադրությունը «Անցյալի ապագա» խորագրով: Այս մասին այսօր «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում խոսեցին «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ, արվեստագիտության թեկնածու, ՀՊՄՀ դիզայնի ամբիոնի դասախոս, հավաքածուի գաղափարի հեղինակ Լիլիթ Մելիքյանը, Տերյան կենտրոնի ձևարար, ճարտարապետ Թագուհի Սիմավորյանը, գորգն ուսումնասիրող Նաիրա Մխիթարյանը, Տերյան կենտրոնի PR մենեջեր, արվեստաբան Անի Մարգարյանը:

Լիլիթ Մելիքյանը նշեց, որ տարազը դարձել է «Տերյան մշակութային կենտրոն»-ի այցեքարտը, սակայն այս անգամ փորձեցին այլ կերպ ներկայանալ. «Մենք որոշեցինք առաջարկել ժամանակակից հագուստ, որը կապ չունի ո՜չ տարազների ձևվածքների հետ, ո՜չ դրանց հոգեբանության, այլ պարզապես ակտուալ հագուստ, ժամանակակից կտորներով. մենք նույնիսկ տեքստիլն ենք ապահովել: 21-րդ դարի տեքստիլ ենք օգտագործել»:

Թագուհի Սիմավորյանն ասաց, որ հավաքածուն նախատեսված է երիտասարդների համար. «Այսօր ակտուալ և տարածված են էթնիկ թեմայով հավաքածուները: Մենք փորձեցինք ստեղծել հագուստ, որը կկրի նորաոճ երիտասարդը: Ունենք քառասուն հագուստ. գարուն-ամառ հավաքածու է, որն արդեն կարելի է կրել: Հավաքածուն իր մեջ ներառում է հագուստ, զարդեր, պայուսակներ և երկարաճիթ կոշիկներ»:

Դիզայներն ավելացրեց, որ օգտագործել են գորգի զարդանախշերը՝ առանց գիտական մոտեցման. «Դեռ խորքային չենք ուսումնասիրել գորգը. այս հավաքածուն մենք ստեղծել ենք առանց գիտական հիմնավորումների օգտագործման: Մենք օգտագործել ենք այն գորգերը, որոնց նախշերը աչքին հաճելի են եղել և մտածել ենք, որ հայ երիտասարդությունը կկրի այն»:

Նաիրա Մխիթարյանը փաստեց, որ այս հավաքածուի ստեղծման գործին մասնակցել է մեծ սիրով. «Գորգը պատմություն է, որն իր մեջ կրում է ողջ ժողովրդի հոգին և շունչը. խորհրդանշական բնույթ է կրում : Փորձել եմ տալ հնարավորինս շատ տեղեկություններ գորգերի մասին: Մեծ մասամբ օգտագործել ենք Ջրաբերդի, Խնձորեսկի, Ամարասի գորգերի զարդանախշերը»:

Լիլիթը հավելեց, որ հավաքածուն լինելու է մատչելի՝ հայկական շուկայում պահանջարկ առաջացնելու համար: Նա ասաց նաև, որ հավաքածուն միայն կանանց համար չէ նախատեսված. «Ի սկզբանե հավաքածուն կանացի էր, սակայն վերջում որոշեցինք ստեղծել նաև հագուստ տղամարդկանց և երեխաների համար: Եթե հետագայում զգանք, որ հավաքածուն իրոք հետաքրքրություն է առաջացրել, հնարավոր է՝առանձին նաև տղամարդկանց հավաքածու ստեղծենք. գորգի նախշը ավելի համապատասխան է տղամարդկանց հագուստին»:

Վերջում Անի Մեգեյանը տեղեկացրեց, որ չի լինելու միայն հավաքածուի ցուցադրություն. «Լինելու է միջոցառում, որտեղ միավորվելու են հայկական պարը, երաժշտությունը, գորգը և իհարկե հագուստը»:

Հիշեցնենք, որ ցուցադրությունը տեղի կունենա վաղը ժամը 19:00-ին «Մեգերյան կարպետ» արտադրամասի ցուցասրահում:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29