Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղուկասյանները մեր ախպերներն են, ի՞նչ ծեծ ուտել, ի՞նչ մահակ»

Փետրվար 18,2016 20:03

Այսօր Aravot.am  էր զանգահարել Նորայր Գագիկի Սոլոյանը, որի անունը շոշափվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նրա որդու ու բռնցքամարտի մարզիչ  Գարիկ Բաղդասարյանի մասնակցությամբ Գյումրու «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում տեղի ունեցած, այնուհետ Վարդանի Ղուկասյանի գրասենյակում շարունակված միջադեպի հետ՝ ասելով. «Նման վիճաբանություն ու ծեծկռտուք  չի եղել, էդ մարդիկ իմ մանկության ընկերներն են, մենք մանկապարտեզից սկսած իրար հետ ենք մեծացել, ընկերություն ենք անում, ո՞նց կարող ենք իրար ծեծել մահակով ու չգիտեմ ինչով: Մեզ դատական բժիշկն էլ է նայել. սուտ, զրպարտիչ լուրեր են: Ես այդ օրը քնած եմ եղել, սուտկա աշխատող մարդ եմ, ի՞նչ ծեծ ուտել, ի՞նչ ծեծկռտուք, խայտառակ են անում մարդու: Երկու օր է՝ ազգ, բարեկամ, կոլեկտիվ, շրջապատ, բոլորը զանգում, նույնն են հարցնում:

Շատ ենք խնդրում հրապարակեք՝ իրենք իմ ընկերներս են, իմ ախպերներս են, անհնար է նման բան, սա ուղղակի չար մարդկանց գործն է, որ մեր անունը մրեն, սեւացնեն, չգիտեմ ինչ են ուզում սրանով ասել: Ընկերություն կա, սրբություն կա, Գարիկի հետ էլ ես քավոր-սանիկություն ունեմ, մեռոն կա, սուտ զրպարտանքներ են, տելեվիզորներով, սայթերով խայտառակ եղանք, վերջը շրջապատ կա, վերջը ծնող ունենք, տանը կանայք կան, կոլեկտիվ կա, կարդում, զանգում, հարցնում են: Ահավոր վիճակ է. որ չենք բողոքում, ուրիշների պես բռնել չենք տալիս, ով քնից շուտ ելնի, մի բան գրում է, ինչ ասես գրեցին, հիմա էլ անցան մեզ: Ի՞նչն է պատճառը, որ Ղուկասյանները մեզ ծեծի ենթարկեն, երբ որ մանկությունից միասին ենք մեծացել, ախպերն ախպոր վրա ձեռք չի բարձրացնի, ուր մնաց մահակով ծեծի»:

MarzichՀիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, փետրվարի 11-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող, քաղաքի կենտրոնում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում՝ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակի ու նրա ընկերոջ Պատվական Մադոյանի մասնակցությամբ (հայտնի է Պատո անունով): Ըստ այդ տեղեկությունների, վերջիններս վիճաբանել էին բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու նրա ընկերոջ հետ և մահակներով ծեծի ենթարկել նրանց: Նույն օրը գիշերը, բռնցքամարտի մարզիչ Գարիկ Բաղդասարյանը գնացել է Վարդան Ղուկասյանի գրասենյակ, որտեղ դարձյալ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Վարդան Ղուկասյանի թիկնապահները դարձյալ ծեծի են ենթարկել մարզչին:

ՀՀ ոստիկանությունը եւս  հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ փետրվարի 12-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել այս մասին, միայն թե, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ «Փետրվարի 16-ին նյութերի նախապատրաստման ընթացքում Պատվական Մ.-ն, Արթուր Թ.-ն, Նորայր Ս.-ն և Գարիկ Բ.-ն բացատրություններ են տվել, որ փետրվարի 11-ին իրենք որևէ մեկի հետ չեն վիճաբանել, իրենց ոչ ոք չի հարվածել կամ հրել»:  Նշենք, որ Վարդան Ղուկասյանը նույնպես բացատրություն է տվել ոստիկանությանը՝ նշելով, որ դա զրպարտանք է իր ընտանիքի հասցեին, թշնամիներն են իրեն վարկաբեկում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sinar says:

    Այ տղա,դու երբեք ղուկասյանների համար ախպեր չես եղել,չկաս ու չես էլ լինի:վարդանիկը ինքն է ասել,որ ինքը ձեր պապան է,քանի որ ավելի շատ բաներ է ձեզ համար արել քան ձեր սեփական հերերը:Ի՜նչչչչչչ ախպեր…Տղա ջան,ղուկասյանները ձեռք են բարձրացնում նույնիսկ այն մարդկանց վրա,որոնց մոտ ծառայել են՝նրանց շներին են պահել:Սեփական հորտ հարցրա թող պատմի,թե ղուկասյաններն ինչ արեցին Մոսոյի ընտանիքի հետ:Դու ով ես,որ քո վրա ձեռք չբարձրացնի:Սուտի քրիստոնեական կոչերիտ էլ վերջ տուր,չի սազում:Քաղաքը փոքր է ու բոլորն էլ շատ լավ գիտեն,թե ինչ շան ծեծի են ենթարկել ձեզ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29