«Առաջարկում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը մի պահ հետևի, թե ինչ է կատարվում Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում․ այնտեղ տարածում են Կոմունիստական կուսակցության հայտարարությունները, կարծում եմ՝ Լենինը դագաղում շուռ է գալիս»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Նա հայտարարեց, որ Գյումրիում անիշխանություն է տիրում։
Լրագրողների հակադարձմանը՝ բայց Երևանում էլ բազմաթիվ խնդիրներ կան՝ աղբահանություն, խցանումներ, քանդված փողոցներ և այլն և հարցին՝ ՔՊ-ն չի կարծո՞ւմ, որ Երևանում էլ է պետք իշխանափոխություն, Նազելի Բաղդասարյանն այսպես արձագանքեց․ «Ամեն դեպքում չեմ լսել, որ ընդդիմությունը նման օրակարգ առաջ մղի»։
Կարդացեք նաև
Հիշեցմանը՝ իր դեմ մեղադրանքներ են հնչում, որ ժամանակին հիացական հայացքներով հարցազրույցներ էր անում Վարդան Ղուկասյանի հետ, հիմա դեմ է խոսում, նա արձագանքեց․ «Լրագրողը կարող է հարցազրույցներ անել տարբեր մարդկանց հետ․ դա որևէ կերպ, որևէ դեպքում, ժամանակահատվածում չի կաշկանդելու բարձրացնել կնճռոտ հարցեր։ Ես այդ ժամանակ աշխատել եմ հեռուստաընկերությունում, տարբեր մարդիկ են եղել իմ հյուրերը, այս պահին ԱԺ-ում գործող այլ ընդդիմադիր պատգամավորներ»։
ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































