Լրահոս
Օրվա լրահոսը

Առհասարակ ո՞վ է համարվում քաղբանտարկյալ. «Հայոց աշխարհ»

Մարտ 03,2016 12:21

Գեւորգ Սաֆարյանը, որ «Նոր Հայաստանի» ակտիվիստներից մեկն է, կալանքի տակ է հայտնվել ոստիկանության աշխատակցին հարվածելու մեղադրանքով: Գործը նախաքննության փուլում է: Ըստ որում՝ Գ.Սաֆարյանն էլ հակադարձ մեղադրանք է ներկայացնում: Այնպես որ զուտ իրավական տեսանկյունից գոնե մենք կնախընտրենք սպասել դատաքննությանը:

Միաժամանակ, իսկապես հարց է ծագում, թե որքանո՞վ է նպատակահարմար տվյալ անձնավորությանը պահել անազատության մեջ, ասենք՝ ինչո՞վ կամ ինչպե՞ս նա կարող է խոչընդոտել քննությանը, եթե կալանավորված չլինի:

Բայց եթե մեզ դատարանի դեր է վերապահված, ընդունենք, որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը համարժեք չէ նրան մեղսագրվող արարքին, դրանից արդեն հետեւում է, որ նա քաղաքական բանտարկյա՞լ է:

Առհասարակ ո՞վ է համարվում քաղբանտարկյալ: Պարզ տրամաբանությունը հուշում է՝ մարդը, ով անազատության մեջ է հայտնվել իր քաղաքական հայացքների, գաղափարների համար կամ իր քաղաքական գործունեության համար:

Գեւորգ Սաֆարյանը, այո, քաղաքական ակտիվիստ է: Բայց այդպիսի ակտիվիստներ գոնե տասնյակներով կան, բավական ակտիվ էլ գործում են, ակցիաներ են անում, խելքներին փչածը եւ լեզուներին եկածը վանկարկում են եւ այսպես շարունակ: Նորմալ է:

Բայց ի՞նչ է եղել, որ «Նոր Հայաստանի» & ընկերախմբի բնորոշմամբ՝ այս բռնապետության պայմաններում այդ տասնյակները, որ ոչնչով Գ.Սաֆարյանին չեն զիջում, ազատության մեջ են, իսկ ահա այդ մեկ ակտիվիստը կալանավորված է, եւ միանգամից հռչակված քաղբանտարկյալ:

Ի՞նչ է եղել: Հիշյալ «Նոր Հայաստանի» ակցիայի ժամանակ, երբ ուզում էին եղեւնի կամ, որ նույնն է՝ տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում, քաշքշոց է սկսվել ոստիկանների հետ, որի ընթացքում, ըստ ոստիկանության տվյալների, Սաֆարյանը հարվածել է ծառայություն իրականացնող անձնավորությանը։ Ըստ Սաֆարյանի՝ այդ ոստիկանն է իրեն հարվածել:

Լավ, ի՞նչն է այստեղ քաղաքական: Եթե անգամ համարենք, որ «Նոր Հայաստան» խայտաբղետ միավորումը քաղաքական ուժ է, այլ ոչ թե չկայացած չեգեվարաների հայկական ակումբ, էլի՝ ոչ մի քաղաքական բան չի երեւում: Եթե, ենթադրենք, քաշքշուկը պատրվակ էր, այսպես ասած, ռեպրեսիաներ սկսելու եւ այդ սակավ խումբն ընդհանրապես հրապարակից «հավաքելու» համար, էլի հարց է ծագում, թե՝ ինչո՞ւ են միայն մեկին ձերբակալել, իսկ մնացյալին՝ ոչ:

Վերոհիշյալ հայտարարության մեջ նաեւ ասվում է՝ «եւ մյուս քաղբանտարկյալներին»: Անվանապես չեն հիշատակվում, բայց նույն շրջանակների այլ հայտարարություններից հայտնի է, որ քաղբանտարկյալ նրանք համարում են Շանթ Հարությունյանին եւ, օրինակ, Հայկ Կյուրեղյանին:

Շանթ Հարությունյանի խնդրին անդրադառնալու առիթ եղել է: Ուստի հակիրճ նկատենք միայն, որ, այո, նա քաղաքական գործունեությամբ զբաղվող անհատ է, կազմակերպության ղեկավար է: Բայց դատապարտվել է ոչ թե քաղաքական հայացքների, հայտարարությունների ու արարքների համար, այլ այն բանի համար, որ մայրաքաղաքի կենտրոնում ինքնաշեն «գըմփիկներ» էր պայթեցնում ու ոստիկաններին փայտով հարվածում: Ինչ էլ ասվի, դա քաղաքական գործունեություն չէ:

Հայկ Կյուրեղյանի դեպքն ավելի հատկանշական է: Մարդը բողոքում է իշխանությունների, դատարանի, կոնկրետ՝ Շանթ Հարությունյանին դատապարտելու դեմ, եւ ի՞նչ է անում: Շատ քաղաքական վարք է դրսեւորում. Տրավմատիկ ատրճանակը ձեռքին բարձրանում է մեքենաներից մեկի վրա, որից հետո՝ կրակ բացում ոստիկանների ուղղությամբ:

Հա, ոչ մեկին չի սպանել (երեւի պետք է շնորհակալություն հայտնել, որ հրազեն չի ունեցել), բայց այդ արարքի ի՞նչն է քաղաքական: Առհասարակ աշխարհի ամենից դեմոկրատականի համարում ունեցող երկրներում, եթե մեկը նման բան աներ, ապա երեւի բանը դատարան չհասներ, քանզի ոստիկանները տեղում կվնասազերծեին նրան, ըստ որում՝ ոստիկաններին ոչ ոք ոչ մի բանում չէր մեղադրի:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031