Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ի «հեղափոխությունը» զավեշտախաղ էր, ցավոք՝ ողբերգական ելքով․ «Հայացք Երևանից»

Մարտ 03,2024 10:00

Մեզնից շատերն արդեն չեն հիշում, թե 2018-ին որն էր «թավշյա» իշխանության հիմնական կարգախոսը: Դա «Նոր Հայաստանն» էր: Թե որոնք են այդ Նոր Հայաստանի թեզերը եւ/կամ ինչ ասել է՝ Հին Հայաստան, ցայսօր պարզ չէ: Փաստն այն է, սակայն, որ ՔՊ-ն այնպիսի՛ Նոր Հայաստան «կառուցեց», որ մենք հիմա որպես կորուսյալ երազ ենք հիշում Հին Հայաստանը, որի թե՛ սահմաններն էին այլ, թե՛ միջազգային ասպարեզում ունեցած դերն ու վարկը: Ավելին՝ այն ժամանակ ՀՀ քաղաքացին արտերկիր այցելելիս գլուխը չէր կախում, չէր ամաչում իր քաղաքացիությունից, քանի որ պարտված ազգի ներկայացուցիչ չէր եւ աղիողորմ անվտանգություն չէր մուրում աշխարհից:

Բայց այս տխուր պատկերը մի կողմ թողնենք եւ փորձենք հասկանալ, թե որտեղից է գալիս «Նոր Հայաստան» թեզը եւ ինչ է նշանակում «քանդել աշխարհը հին»:

20-րդ դարի սկզբին բոլշեւիկների կարգախոսն էր՝ «Քանդենք աշխարհը հին եւ կառուցենք նոր աշխարհ»: Մինչ այդ հին աշխարհը քանդում էին Ֆրանսիայի հեղափոխականները, մոտ 25 հազար մարդ կառափնարան բարձրացավ, իսկ քաղաքացիական պատերազմների ժամանակ զոհվեց շուրջ մեկ միլիոն մարդ՝ հեղափոխականների պատերազմական զոհերը չհաշված: Ռուսական հեղափոխության զոհերն ու կորուստներն ավելին էին: Առհասարակ՝ հինը քանդելու եւ նորը կառուցելու մոլուցքը բնորոշ է հեղափոխականներին: Սակայն ոչ բոլոր հեղափոխականներն են իրական հեղափոխություն անում: Իրականն այն է, որ բերում է արժեքների ու պետական կարգի փոփոխություն:

Իսկ ո՞րն էր, այսպես ասած, «հայկական հեղափոխության» կարգախոսը: Հնարավոր է՝ դա աշխարհի ամենայուրահատուկ ու ամենագռեհիկ կարգախոսն է. «Քյաբաբ առ քյաբաբ ետ բերել թալանածը»: Ինչպես տեսնում ենք՝ գաղափարախոսության, հեղափոխական թեզիսների, գաղափարախոսների ու հռետորների իսպառ բացակայություն է: Կարելի է ասել, որ նախկինում հեղափոխությունները բերում էին ողբերգություններ, իսկ հիմա վերածվում են զավեշտախաղի:

2018-ի «հեղափոխությունը» զավեշտախաղ էր, ցավոք՝ ողբերգական ելքով: Փորձը կարելի է ձախողված համարել, իսկ այլընտրանքը, թերեւս, հակահեղափոխականների իշխանությունն է, ինչը եւս դասական պարբերափուլի տրամաբանության մեջ է: Սակայն մեծ է վտանգը, որ, ինչպես հեղափոխականներն էին կեղծ ու անիրական, հակահեղափոխականները նույնպես կարող են այդպիսին լինել:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031