Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիայի էլեկտրական ցանցերն ավելի թափանցիկ են ու բաց՝ հասարակության համար»

Ապրիլ 04,2016 13:00

Ֆրանսիայում պրակտիկա անցած
Գեւորգ Բաղդասարյանը զուգահեռներ է տանում

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, մարկետինգի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գեւորգ Բաղդասարյանը, ի թիվս այլ ուսանողների, պրակտիկան անցկացրել է Ֆրանսիայում: Ասում է այն չէր կայանա՝ առանց համալսարանի ղեկավարության եւ մասնավորապես՝ ռեկտոր Ժան Մարկ Լավեստի: Ինքը եւ եւս երեք ուսանող հենց ռեկտորի տանն են ապրել, նրա կապերով էլ կազմակերպվել է իրենց ուսանողական պրակտիկան:

«Առավոտի» հետ զրույցում Գեւորգը պատմեց, որ իր պրակտիկան անցել է Կլերմոն Ֆերան քաղաքում, սակայն ինքն ապրել է Ռիոմում: «Երջանիկ եմ, որ ապրել եմ մի միջավայրում, որտեղ պահպանվել էին ֆրանսիական հին ավանդույթները, ինձ համար բացահայտել եմ իսկական Ֆրանսիան եւ իսկական ֆրանսիացիներին: Օվերն մարզը ռելիեֆով եւ աշխարհագրական դիրքով, սարերով եւ ալպիական բնությամբ շատ նման էր Հայաստանին, դրա համար հոգեհարազատության զգացում ունեի: Բացի այդ, միշտ հավատացած եմ եղել, որ աշխարհագրական դիրքն ուղիղ համեմատական կապ ունի մարդկանց մենթալիտետի հետ: Պրակտիկայի ընթացքում զուգահեռներ եմ տարել Հայաստանի հետ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա հայտնեց, որ իր պրակտիկայի հիմնական մասն անցել է «Ֆրանսիական էլեկտրական ցանցեր» ընկերությունում, մասնավորապես՝ վերջինիս կոմունիկացիայի եւ հեռահար ռազմավարական զարգացման բաժնում: Երիտասարդի ձեւակերպմամբ, հետաքրքիր էր բացահայտել ֆրանսիական գործարար մշակույթը՝ իր այն էլեմենտներով, որոնք բացակայում են հայկական իրականությունում: Գեւորգ Բաղդասարյանը իր ղեկավար Էղվե Պոեղի հետ տարածաշրջանային նշանակության հանդիպումների ու միջոցառումների է մասնակցել, տեսել, թե ինչպես են հարաբերվում տեղական ինքնակառավարման մարմիններն ու բիզնես ոլորտը: «Հետաքրքիր հարթակներ կային, որտեղ համագործակցում էին տարածաշրջանում խոշոր բիզնես վարողները, այդտեղ կային այնպիսի հզոր ընկերություններ, ինչպես համաշխարհային հռչակ վայելող Michelin-ը:

Նրանք փորձում էին նոր արժեքներ ստեղծել, նոր ինովացիոն մտքեր գտնել երիտասարդության շրջանում ու այդ ամենի վրա մեծ գումարներ էին ծախսում»,-հավելում է Ֆրանսիական համալսարանի ուսանողը: Նա ուրախությամբ փաստում է, որ պրակտիկայի ղեկավարը որեւէ տարբերություն չի դրել իր եւ ֆրանսիացի ուսանողի միջեւ, որը նույնպես այդ շրջանում պրակտիկա էր անցնում նույն հաստատությունում: Գեւորգը պատմում է, որ զբաղվել է նաեւ համագործակցության պայմանագրերի վերլուծությամբ, ու պրակտիկայի երկրորդ մասն առնչվել է Հայաստանին: Իր ղեկավարը փնտրել եւ գտել է Կլերմոն Ֆերանում գործող այն ընկերությունները, որոնք կապեր ունեն Հայաստանի հետ: Դրանց թվում էր, օրինակ՝ Fuji electronics-ը: Հայ երիտասարդը օգնել է նրանց հայկական շուկայի վերաբերյալ տեղեկատվությամբ, ավելի կոնկրետ՝ նրանց համար հայկական շուկայի 25 էջանոց վերլուծություն է արել:

Զուգահեռներ տանելով Հայաստանի էլեկտրացանցերի եւ Ֆրանսիական էլեկտրացանցերի միջեւ, երիտասարդը փաստում է, որ Ֆրանսիայում էլեկտրական ցանցերն ավելի սերտ կապեր ունեն հասարակության տարբեր շերտերի հետ, ավելի թափանցիկ են ու բաց՝ հասարակության համար: Նրա խոսքով, Ֆրանսիայում այդ դաշտում չկա մենաշնորհ, եւ 1946-ից գործող Ֆրանսիական էլեկտրացանցերի կողքին գործում են նույն ծառայությունը մատուցող այլ ընկերություններ: «Ի դեպ, հասարակության կողմից «Ֆրանսիական էլեկտրացանցեր» ընկերությունը ընկալվում է որպես ազգային ընկերություն, քանի որ 1940-ականներին ամենաճգնաժամային իրավիճակներում եղել է մարդկանց կողքին… Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի սակագնային տարբեր շեմեր կան: Ինձ նաեւ զարմացրեց էլեկտրաէներգիան խնայելու մարդկանց ձգտումը, մարդիկ գիտակցում էին, որ էլեկտրաէներգիան այն բարիքն է, որը չպետք է շռայլորեն մսխել, ընդ որում՝ դա ոչ թե գումար խնայելու ձգտումն էր, այլ աշխարհն ավելի կատարյալ դարձնելը: Հավելենք, որ Ֆրանսիական էլեկտրացանցերն ինքն էր խրախուսում, որ էլեկտրաէներգիան խնայեն»,- տպավորված է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
02.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930