Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ և Հայաստանի ավելի քան 520 Հ/Կ-ներ համատեղ հայտարարությամբ դիմել են Եվրոպական խորհրդարանին

Ապրիլ 11,2016 22:00

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը ս.թ. ապրիլի 11-ին համատեղ կոչով դիմել է Եվրոպական խորհրդարանին, որում, մասնավորապես, անդրադարձել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններին և չորս հիմնական պահանջ ներկայացրել այդ առնչությամբ: Եվրոպական խորհրդարանին ուղղված համատեղ կոչը ստորագրել են Արցախի և Հայաստանի ավելի քան 520 հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրներ, ովքեր պատերազմական գործողությունների ողջ ընթացքում աշխատել են շփման գծում, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների ղեկավարներ:

Ներկայացված ծավալուն փաստաթուղթը Եվրախորհրդարանի պատգամավորների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաների ու պարտավորությունների կոպտագույն խախտումների վրա` հատուկ ընդգծելով ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի կանխամտածված և հարձակողական  բնույթը, ուղղված քաղաքացիական բնակչության դեմ` ներառյալ երեխաների և ծերերի: «Անհնար է պատկերացնել որևիցե հիմնավորում, որը կարող է արդարացնել խաղաղ բնակչության նկատմամբ նման վայրենի վերաբերմունքը»,-ասված է փաստաթղթում, որում նաև նշված  է ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի, և ևս երկու վիրավորված դպրոցականներ մասին։  Նշվում է նաև Արցախի Թալիշ գյուղում ադրբեջանցի զինվորների կողմից խոշտանգված, խեղված և սպանված Ղափլանյան ընտանիքի երեք անդամների դեպքը:

«Ի դեմս այլ վայրագությունների՝ ԼՂՀ Պաշտպանական բանակի զինվորներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը և Քյարամ Սլոյանը գլխատվեցին և ենթարկվեցին ԴԱԻՇ-ին արժանի սահմռկեցուցիչ կտտանքների: Ադրբեջանական բանակի գործողությունները կոպտորեն խախտում են մարդասիրական կոնվենցիաները, հակասում պատերազմի օրենքներին և սովորույթներին, ինչպես նաև դուրս են ամեն տեսակ քաղաքակրթական նորմերից»,- վկայակոչում է փաստաթուղթը:

Համատեղ կոչով հանդես եկած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում նաև Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմը, որը ներկայացված է տարբեր հասարակական-քաղաքական ճամբարներից 215 ՀԿ-ներով,  ցուցաբերել են աննախադեպ միասնականություն իրենց դիրքորոշման հարցում, հայտարարելով իրենց անվերապահ աջակցության մասին: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և վերջինիս բնակչության իրականացրած վայրագությունները և պատերազմական հանցագործությունները, նրանց Եվրոպական խորհրդարանից պահանջել են.

  • «խստորեն դատապարտել Ադրբեջանի՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և վերջինիս բնակչության իրականացրած վայրագությունները և պատերազմական հանցագործությունները,
  • խստորեն դատապարտել Թուրքիայի և Իսլամական համագործակցություն կազմակերպության կոչերը ուղղված Ադրբեջանին, որով նրանք հորդորում են վերջինիս շարունակել ռազմական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության,
  • վերահաստատել, որ հակամարտության կարգավորման միակ ընդունելի ճանապարհը խաղաղ բանակցություններն են և
  • կոչ անել ԵԱՀԿ Մինսկի խմբին վերականգնել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կարգավիճակը, որպես բանակցությունների լիիրավ կողմ»,- ասված է փաստաթղթում:

Հայաստանի եվրոպացի բարեկամներ (ЕuFoA) միջազգային կազմակերպությունը հպարտ է այս նախաձեռնության մասը լինելու համար և պատիվ ունի փոխանցելու այս կոչը Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ ապրիլի 12-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին լսումներին ընդառաջ։

###

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության  հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և ազգային փոքրամասնությունների համատեղ կոչն ուղղված  Եվրոպական խորհրդարանին» փաստաթուղթը՝ ամբողջական տեքստով և ստորագրած կազմակերպությունների ցանկով հասանելի է այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930