Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկն ապրեց 41 օր

Ապրիլ 12,2016 18:40

Մեր հանրապետությունում ծնված երեխայի հերթական մահը գրանցվեց. Նարեկը ծնվելուց հետո ընդամենը 41 օր ապրեց: Այսօր նորածնի հարազատներն, այդպես էլ չիմանալով, թե ի վերջո երեխան ինչից մահացավ տանում էին նրան հուղարկավորելու: Ախտորոշումը` թթվածնային քաղց: Բայց թե ե՞րբ, կնոջ հղիության որ շրջանում, ինչպես այն զարգացավ, որեւէ մեկը հարազատներին որեւէ բացատրություն չի տալիս: Նարեկը լույս աշխարհ է եկել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատանը: Նրա մայրն իր հղիությունն անցել է բժիշկ-գինեկոլոգ Արմինե Մխիթարյանի մոտ:

Aravot.am-ի հետ զրույցում երեխայի հորական տատիկը` Լիաննա Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ նորածնի մահը բժշկական անձնակազմի մեղքով է. ժամանակին բուժօգնություն չի ցուցաբերվել, մինչդեռ հղի կինը գանգատներով դեռեւս մեկ ամիս առաջ է դիմել իր բժշկին` ասելով որ մեջքի շրջանում ուժեղ ցավեր ունի. հանգստացրել են տուն ուղարկել` ասելով, որ ոչ մի վտանգավոր բան չկա, եւ որ դրանք շաբաթական ցավեր են: Տիկին Մարտիրոսյանը նաեւ պատմեց, որ բժիշկը ցավերը հանգստացնող դեղամիջոց է նշանակել այդ թվում եւ մոմիկներ ու ասել, որ այցելեն հերթական կոնսուլտացիայի օրը:

«Բայց ցավերը չէին դադարում: Առաջին անգամ ցավի գանգատներով փետրվարի 24-ին գնացինք, ցավազրկող նշանակեցին տուն ուղարկեցին, երկրորդ անգամ գնացինք փետրվարի 29-ին: Բուժքույրը լսեց երեխայի սրտի զարկերն ասաց, որ 130 է, բայց միշտ 140 է եղել: Մենք կրկին ասացինք, որ ցավերը չեն դադարել, ասացին գնացեք, երբ իսկական ցավերը կլինի կգաք: Մարտի 1-ին ծննդաբերական ցավերը սկսվեց, արագ` 40 րոպեում, հասցրեցինք հիվանդանոց: Մինչ այդ, նախորդ օրերին, բժշկին զգուշացրել էինք, որ արյուն էլ է գալիս, ասել էր ոչ մի խնդիր չկա, այդպես լինում է: Արդեն հիվանդանոցում ասացինք, որ շտապ բուժօգնություն է պետք, բայց փոխարեն արագ կազմակերպեն, մեզ ասում են, մինչեւ խալաթ չհագնի, ոտքի չգիտեմ ինչերը չհագնի չենք թողնի վերեւ բարձրանաք: Սկզբում, երբ երեխայի սրտի զարկերը լսեցին 80-ն էր, հետո, երբ սարքը դրեց փորին այլեւս զարկեր չէր լսվում: Խառնվեցին իրար, հանեցին վիրահատարան, որտեղ զբաղված էր, տարան մեկ այլ վիրահատարան: Հարսս պատմեց, որ Արմինե Ռուդիկովնան այնպես է խառնված, որ դողում էր, որ անգամ չի կարողացել վիրահատությունն անել եւ ստիպված բաժնի վարիչին են հրավիրել` նա է արել»,-պատմեց Լիաննա Մարտիրոսյանը: Նրա ներկայացմամբ, երեխան ծնվել է կեսարյան հատումով` ամբողջովին կապտուկներով եւ մինչեւ այսօր պարզ չէ, թե ինչ է եղել:

Միայն ասում են, որ Նարեկի մոտ թթվածնային քաղց է եղել, իսկ թե առողջ, ամիսներ շարունակ տարատեսակ հետազոտություններ անցնող եւ հղիության ընթացքում որեւէ լուրջ խնդիր չունեցող պտուղն ինչո՞ւ է թթվածնային քաղցով ծնվել, երեխայի հարազատներին ոչ ոք չի բացատրում: Սկզբում բժիշկներն ասել են` մի անհանգստացեք 2 ժամից երեխայի վիճակը կլավանա, բայց 4-5 ժամ եւ ավել սպասելուց հետո էլ, երբ հարազատները հասկացել են, որ ոչ մի շարժ չկա, որոշել են նորածնին  այլ հիվանդանոց տեղափոխել:

«Դատ եմ տալու»,-ասում է երեխայի տատիկն ու ավելացնում` «Նրանց երեսից երեխան մահացավ, անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ պահվածքից»:
«Սլավմեդ»-ից նորածին Նարեկին, հարազատների պնդմամբ շտապօգնությունով տեղափոխել են Մուրացան կենտրոն, բայց միեւնույն է երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Նա ընդամենը 41 օր է ապրել:

Aravot.am-ը խոսեց նաեւ բժշկի` Արմինե Մխիթարյանի հետ: Բժիշկը պնդում էր, ամեն ինչ արագ եւ ժամանակին արվել է: Մեր այն հարցին, թե նորածնի հարազատները վստահեցնում են, որ հղի կինը նախածննդյան ցավեր, գանգատներ է ունեցել, դեռ մեկ ամիս առաջ, սակայն հանգստացրել տուն եք ուղարկել, բժիշկ Մխիթարյանն ասաց` նման բան չկա. «Նրանք միշտ եկել են իրենց կոնսուլտացիաների օրերին եւ չի եղել, որ եկել են ոչ իրենց օրերին, նայվել է եւ ոչ մի խնդիր չի արձանագրվել»:

Բժիշկ Մխիթարյանն ասաց, որ երեխան ծնվել է թթվածնային քաղցով: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է երեխայի մոտ նման խնդիր առաջացել, ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ «խորը հետազոտություն պիտի անցկացվի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930