Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամուն հաղթելու միակ ճանապարհը մեր մտային ուղղության զարգացումն է». Հայկ Չոբանյան

Ապրիլ 16,2016 23:44

Այսօր կայացավ «Յուքոմ» ընկերության աջակցությամբ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության(ԻՏՁՄ) «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթը: Մրցույթն ավանդաբար անցկացվում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը ապահովող ռազմական կիրառության սարքերի արտադրությանը:скачанные файлы (1)

Մրցույթին ներկայացված էին 11 ռոբոտներ Հայաստանի տարբեր կրթական հաստատություններից: Դրա կանոնների համաձայն՝ ռոբոտները, խոչընդոտները շրջանցելով, պետք է գտնեն մինչև 3սմ խորության վրա արհեստական խոտածածկի տակ պահված ականները, ֆիզիկապես նշեն դրանց գտնվելու վայրը և ականների դասավորվածությամբ էլեկտրոնային քարտեզ ուղարկեն համակարգչին: скачанные файлы

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ իրենց նպատակը երեխաներին վաղ տարիքից ինժեներական կրթության մեջ մտցնելն ու ինժեներական խնդիրներ լուծելն է. «Արդեն 7 տարի է, ինչ մրցույթը անցկացվում է: Այսօր երեխաները լուծել են ռազմական խնդիր, պատրաստել են ական փնտրող ռոբոտներ: Դա այն հիմքն է, որն այս երեխաներին կուղղորդի ավելի լայն, բարդ ու խորը խնդիրների ուսումնասիրության: Սրանք այն երեխաներն են, որոնք հետագայում հիմք կհանդիսանան Հայաստանի նորօրյա ռազմաարդյունաբերական զարգացմանը: Մենք բազմիցս կրկնել ենք, որ թշնամուն հաղթելու միակ ճանապարհը մեր մտային ուղղության զարգացումն է, ու մեր երեխաների ներկայությունն այս ոլորտում ապացուցում է, որ այս ուղին ճիշտ է, ու մենք ապագայում հաղթանակ կարող ենք ապահովել հենց այս ճանապարհով»:

Նա ավելացրեց, որ 11 թիմերից 9-ն այն դպրոցներից են, որտեղ ներդրված են ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաներ. «Հակառակորդին հաղթելու գրավականներից մեկը երեխաների ներկայությունն է ոլորտում. 10-14 տարեկան երեխաները  պետք է սկսեն լուծել տեխնոլոգիական խնդիրներ:Ներկայացված թիմերից երկուսը Երևանից են՝ ուսանողական թիմերը, մյուսները դպրոցականների թիմեր են: Սա էլ է հետաքրքիր, որ դպրոցականները մրցում են ուսանողների հետ»:

Մրցույթին ներկա «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նկատեց, որ այս մրցույթի կարևորությունն ու նշանակությունը շատ մեծ է. «Վերջին շաբաթվա իրադարձությունն ավելի արժևորեց այս միջոցառման կարևորությունը: Մենք բոլորս հասկանում ենք, որ այս մրցույթի տված ծիլերը մի քանի տարի հետո կունենան իրենց ռեալ ազդեցությունը մեր ռազմաարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Մեր ընկերությունը մշտապես փորձել է օգտակար լինել ոլորտին և շարունակելու է աջակցությունը, որ նորարար գաղափարները կյանքի կոչվեն»:

Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ Վեդի քաղաքի ավագ դպրոցի թիմի անդամները տեղեկացրին,որ ական փնտրող ռոբոտ պատրաստելու առաջին փորձն է, բայց մինչ այս էլի ռոբոտներ են ստեղծել: Թիմի անդամ Ալեքսան Ալեքսանյանը պատմեց, որ  ռոբոտներից մեկը Դիջիթեք ցուցահանդեսի բացումն է  կատարել` ժապավենը կտրելով: Երկրորդն էլ պետք է օգներ զինվորներին` հասցնելով առաջին բուժօգնություն: Ուներ երկու դարակ, առաջինը  բացվում  ու նկարում էր հակառակորդի դիրքերը, մյուսն էլ պետք է ռումբ նետեր հակառակորդի սահմանների վրա: Իսկ եթե հայտնաբերվում էր ռոբոտը, իր վրա պետք է լիներ ինքնաոչնչացման համակարգ, որի արդյունքում թշնամուն կտար մեծ մարդկային ու տեխնիկական կորուստներ:

Բանակին օգնական ռոբոտներ պատրաստելու էլի պլաններ ունեն. «Ական փնտրող ռոբոտը  երկաթ է գտնում, սարքի վրայի լույսն անջատվում է, միաժամանակ ազդանշան է գալիս համակարգչին, ու  այդպիսով հասկանում ենք, որ ռոբոտը կատարել է առաջադրանքը: Այն կառավարվում է ինտերնետով»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930