Լրահոս
Օրվա լրահոսը

Շահառուներն ու կատարողներն անտեղյակ են կառավարության որոշումից

Մայիս 05,2016 19:20

Այն զինծառայողները, ովքեր հիվանդության, վնասվածքի, խեղվածքի պատճառով կզորացրվեն զինծառայությունից եւ կդիմեն բժշկասոցիալական փորձաքննության, եթե անգամ հաշմանդամ էլ չճանաչվեն, ապա իրավունք կստանան քաղաքացիական հիվանդանոցների ծառայություններից օգտվել պետպատվերի շրջանակներում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննությունների (ԲՍՓ) գործակալության պետ Արմեն Սողոյանը: Սրա համար ՀՀ կառավարությունը մոտ երկու ամիս առաջ` մարտի 17-ին, փոփոխել է 2004 թվականի մարտի 4-ի  «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» իր որոշումը.

Նախկինում այս քաղաքացիներն իրավունք ունեին անվճար բուժվելու միայն զինվորական հոսպիտալներում, ինչը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում նրանց համար, մեծ դժգոհությունների պատճառ էր դառնում, քանի որ ըստ էության, տվյալ անձը զորացրվել էր զինծառայությունից հիվանդության պատճառով, սակայն հաշմանդամության կարգ չէր ստանում եւ ստիպված էր սեփական միջոցներով հոգալ առողջական խնդիրները:

«Պարտադիր չէ մարդուն հաշմանդամություն սահմանել եւ կարգավիճակ տալ, որպեսզի հնարավոր լինի նրան օգտակար լինել, պետությունն այլ մեխանիզմներ էլ ունի, որոնցով կարող է իր քաղաքացիներին օգնել: Կարեւորը ցանկությունն է, որը կա եւ այն մեխանիզմներին տիրապետելը, որն առկա է նախարարությունում»,- ասաց Արմեն Սողոյանը:

Օրենսդրական այս փոփոխությունից կարող են օգտվել նաեւ մինչեւ այս փոփոխությունները հիվանդության, վնասվածքի, խեղվածքի պատճառով զորացրվածները: «Մինչ այժմ ոչ թե չենք ցանկացել, այլ գործող օրենսդրության սահմաններում հնարավոր չի եղել: Համապատասխան փոփոխություններն այժմ թույլ են տալիս առանց խախտումների, օրինական ճանապարհով օգնել մեր քաղաքացիներին»,- հիմնավորեց մեր զրուցակիցը:

Նման խնդիրներով տարեկան 70-90 շահառու է լինում, որոնցից ոչ բոլորն են դիմում: Բայց եթե հիվանդության պատճառով զորացրված քաղաքացին հինգ տարվա ընթացքում չի դիմում, այս տարբերակով նրան այլեւս հնարավոր չի լինի օգնել: Մինչդեռ վնասվածքների եւ խեղումների պարագայում, այսպես ասած, վաղեմության ժամկետը չի գործում: Մեկ էական հստակեցում եւս`անձն այս կարգից կարող է օգտվել բացառապես այն հիվանդության մասով, որի պատճառով զորացրվել է: Այլ հիվանդությունների պարագայում այս կարգը չի գործում: Արմեն Սողայանն ասում է, որ իրենք փորձել են հասցեական լուծումների գնալ, հին մեթոդներից դուրս գալ`որ հաշմանդամները մի «մեղք» շերտ են, որոնց պետք է միայն խղճալ, օգնել, նրանց համար ինչ-որ բան անել:

Ասում է`ժամանակները փոխվել են եւ ողջ աշխարհում գործում է այն քաղաքականությունը, որ հաշմանդամները մարդիկ են, որոնք որոշակի սահմանափակումներ ունեն եւ նրանք կարեկցանքի ու խղճահարության կարիք ամենեւին էլ չունեն. «Յուրաքանչյուր պետություն էլ պարտավոր է ապահովել իր քաղաքացու համար այն կարիքները, որոնք նա ունի»: Դիտարկմանը, որ սա զուտ լոկալ խնդիր է լուծում, քանի որ չի բացառվում, որ մարդը մեկ հիվանդության համար դիմել է, իսկ հետագայում հենց այդ հիվանդության պատճառով այլ առողջական խնդիրներ էլ է ունենում, մեր զրուցակիցն ասաց, որ եթե իրար հետ կապակցված հիվանդություններ են, կարող են քննարկվել. «Մենք չենք կարող բոլոր քաղաքացիների բոլոր խնդիրներով զբաղվել: Դա առողջական խնդիր է: Մենք կարող ենք միջամտել, երբ այս կամ այն հիվանդության պատճառով որոշակի սոցիալական սահմանափակումներ են առաջացել»:

Թեեւ փոփոխությունների ընդունումից անցել է արդեն երկու ամիս, սակայն շահառուների մեծ մասն անտեղյակ է: Aravot.am-ը զրուցեց Տավուշի, Սյունիքի մարզերի եւ Երեւան քաղաքի յոթ տարբեր շահառուների հետ, որոնցից միայն մեկն էր տեղյակ փոփոխություններից: Տարօրինակ է, բայց բուժհաստատություններում եւս մասամբ էին տեղեկացված: Համենայնդեպս դա փաստեց մեր փոքրիկ հարցախույզը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031