Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնաթիռ եմ բարձրացել, տեսել եմ՝ գործադիրի ներկայացուցիչը բիզնես դասում նստած է». Մարուքյանը՝ ճոխ ծախսերի մասին

Մայիս 12,2016 16:33

Էդմոն Մարուքյանը ԱԺ նիստերից մեկում հրապարակել էր իր ուսումնասիրությունը, թե մեր 18 նախարարությունները քանի տեղակալ, քանի օգնական, խորհրդական, քարտուղարուհիներ ունեն. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ 4 տեղակալ, 3 խորհրդական, 2 օգնական: Առողջապահության նախարարություն՝ 4 տեղակալ, 5 խորհրդական, 2 օգնական: Արդարադատության նախարարություն՝ 3 տեղակալ, 2 խորհրդական, ԱԻՆ՝ 2 տեղակալ, 4 խորհրդական, արտգործնախարարություն՝ 4 տեղակալ, խորհրդականների թիվը չի էլ նշվում: Բնապահպանության նախարարություն՝ 2 տեղակալ, 2 խորհրդական: Գյուղատնտեսության նախարարություն՝ 5 տեղակալ, 3 խորհրդական: Էկոնոմիկայի նախարարություն՝ 5 տեղակալ, 3 խորհրդական: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն՝ 5 տեղակալ, 2 խորհրդական: ԿԳ՝ 2 տեղակալ: Մշակույթի նախարարություն՝ 3 տեղակալ, 2 խորհրդական, 1 օգնական: ՊՆ՝ 4 տեղակալ: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն՝ 3 տեղակալ, 2 խորհրդական, 2 օգնական: Սփյուռքի նախարարություն՝ 3 տեղակալ, 3 խորհրդական, 2 օգնական: Տարածքային կառավարման նախարարություն՝ 3 տեղակալ, 1 խորհրդական, 1 օգնական: Տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ 2 տեղակալ, 1 խորհրդական, 2 օգնական: Քաղաքաշինության նախարարություն՝ 4 տեղակալ եւ ֆինանսների նախարարություն՝ 7 տեղակալ»:

Էդմոն Մարուքյանը նշել էր, որ սրան գումարվում է նաեւ ԱԱԾ-ն, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, ոստիկանությունը, Միջուկային անվտանգության պահպանման պետական կոմիտեն, Պետգույքի կառավարման վարչությունը՝ իրենց պետերով, տեղակալներով, խորհրդականներով, օգնականներով՝ ծառայողական մեքենաներով, վարորդներով, քարտուղարուհիներով: Այս ամենի արդյունքում արդեն պարզ է դառնում այն հսկայական ծախսը, որն արվում է ուռճացված հաստիքների արդյունքում:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը, խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի նոր հայտարարության մասին, որ պատրաստվում են օպտիմալացում անել նախարարություններում եւ կրճատել ծախսերը, ասաց. «Ես ծառայողական մեքենաների եւ ծախսերի խնդիրները հետեւողական բարձրացրել եմ, բայց որեւէ մեկը չի լսել, ընթացք չի տվել, որ ճիշտ է ասում, կարելի է անել: Հիմա այդ հայտարարությունն է արվում, որ ըստ էության կրկնում է այն բոլոր դժգոհությունները, որ մենք տարիներ շարունակ արել ենք: Իրական քայլեր ենք ուզում տեսնել կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք պետք է հետեւենք, անեն՝ կասենք արեցին, չանեն՝ կասենք հերթական անգամ ասացիք ու չարեցիք»:

Մեր հարցին՝ չե՞ք կարծում, որ այս ինքնամաքրման գործընթացը պետք է սկսեն հենց իրենցից՝ վերեւից, այսինքն, Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը նախ պետք է սկսեն իրենցից, իրենց գործուղումներից՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Բոլորինն էլ պետք է վերանայել: Ես չեմ կարծում, որ նախագահի գործուղումները շատ են: Շատ չեն, բայց պետք է վերանայել: Այն, թե ով ինչ գործուղումների է գնում, ինչ կարգով է գնում, ինչքան է գնում, այդ ամենը պետք է ուսումնասիրվի: Եղել է, ես ինքնաթիռ եմ բարձրացել, տեսել եմ՝ գործադիր իշխանության ներկայացուցիչը բիզնես դասում նստած է: Գործուղումը՝ գործուղում, բայց գոնե այդպիսի ծախսերի կրճատում կարելի է անել՝ այս մեր համեստ միջոցների շրջանակում լինի մի քիչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031