Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանին իրավունք կտրվի տնօրինել Հայաստանի օդային պաշտպանությունը. «168 ժամ»

Հունիս 04,2016 10:10

Երեկ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց լիագումար նիստերի օրակարգում «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն ընդգրկելու մասին հարցին:

Առաջիկայում համաձայնագիրը, անկասկած, կընդունվի, նաև Ազգային ժողովի կողմից: Եթե վերանանք իրավական ու մասնագիտական ձևակերպումներից, այս համաձայնագրով հակաօդային պաշտպանության բնագավառում ստեղծվելու է միասնական տարածք` միասնական համակարգող մարմնով, և այդ միասնական տարածքում որոշումների կայացման լիազորությունը, բնականաբար, տրվելու է Ռուսաստանին:

«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է ՌԴ զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը»,- ներկայացնելով համաձայնագիրը՝ երեկ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը` ավելացնելով, որ Հայաստանի համապատասխան մարմինները որոշումների կայացման լիազորություն են ունենալու միայն տեղական նշանակության հարցերում. «Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարմանը, ապա այն իրականացնում է Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը»:

Այս երկարաշունչ ձևակերպումների տակ թաքնված է այն իրողությունը, որ համաձայնագրի գործողությունից հետո հակաօդային պաշտպանության հարցերում որոշումների կայացման ժամանակ Հայաստանի համապատասխան մարմինները համակարգվելու են Ռուսաստանի` վերը նշված ռազմական գերատեսչությունների կողմից: Իսկ դա նշանակում է, որ փոխնախարարի ասածի երկրորդ հատվածը` «հավաքական անվտանգության առանձին շրջանի» վերաբերյալ, ընդամենն իրականությունը լղոզելու փորձ է, քանի որ, կրկնում ենք, այդ ուժերի ընդհանուր համակարգումն իրականացվելու է ռուսական բանակի կողմից:

Ռուսաստանը, որ մինչև այսօր համարյա ամբողջությամբ տնօրինում է Հայաստանում գտնվող գրեթե բոլոր ռազմավարական ու ոչ ռազմավարական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, այսպիսով, առաջիկայում իրավունք է ստանալու տնօրինել նաև Հայաստանի «օդը» կամ օդային պաշտպանությունը:

Դա նշանակում է՝ Ռուսաստանին տալ իրավունք` որոշումներ կայացնել նաև այն դեպքերում, երբ, օրինակ, ադրբեջանական կամ թուրքական ռազմական ինքնաթիռները, անօդաչու սարքերն ու արկերը կուղղվեն Հայաստանի ուղղությամբ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի says:

    Սա վասալություն է: Համագործակցությունն այլ բան է: «Դաշնակից» Ռուսաստանը,որը զինում է Ադրբեջանին: ՀՀ իշխանությունները ազգային արժանապատվոթյուն ու ազգային մտածելակերպ չունեն:

  2. Հ.Շ. says:

    Իսկ որ Ռուսաստանը չստանձնէ Հայաստանի օդային տարածքը պաշտպանելու գործը, ո՞վ է այդ գործը կատարելու:

    Հայաստանի օդուժը քսան րոպէ անգամ չի դիմանար, թրքական-ադրբեջանական ռազմական օդանաւներու յարձակման դէմ: Հակաօդային զէնքերը անբաւարար են կասեցնլու համար այդպիսի յարձակում մը:

    Անդադար ընդգծում էք այս նիւթով Ռուսաստանի տրված իրաւունքը: Մինչ, խորքին մէջ, այդտեղ Ռուսաստանը ստանձնում է պարտականութիւն: Պարտականություն մը, որ միայն ինք կարող է գլուխ հանել:

    Ուզում էք Ռուսաստանի դէմ արտայայտվիլ, շատ բարի: Ազգային մարզանք մըն է Հայաստանում: Սակայն եթէ մի քիչ տրամաբանական եւ ուղղամիտ լինէք, թերեւս աւելի իմաստ կ’ունենայ խօսակցութիւնը:

  3. Աբո says:

    Ռուսաստանը վաղուց է տնօրինում Հայաստանի օդային տարածքին:
    Փորձեք կռահել թե ինչու Գյոմրիի օդանավակայանից ընդամենը մի չորս չվերթ կա այն էլ ՌԴ, Զվարդնոցից անհայտանում են դեպի Եվրոպա չվերթները, իսկ փոխարենը ավելանում են ռուսական ավիոուղիները՝ իրենց բարձր գներով:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930