Լրահոս
Օրվա լրահոսը

13-րդ «Ոսկե ծիրանը» նվիրված է Անկախության 25-ամյակին

Հունիս 15,2016 13:50

«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնը, ՀՀ մշակույթի նախարարության և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ` հունիսի 15-ի մամուլի ասուլիսով ազդարարեց փառատոնի 13-րդ մեկնարկը: Ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը։

«Հնարավոր չէ թերագնահատել «Ոսկե ծիրանի» նշանակությունը, այն բերեց ազատության գաղափարներ, եւ մենք յուրաքանչյուր տարի անհամբեր սպասում ենք այդ տոնին: Ինձ հատկապես՝ որպես մշակույթի նախարարի, հետաքրքրելու է մասնավորապես այն հատվածը, որն ամփոփելու է անկախ Հայաստանի կինոն»,-ասաց մշակույթի նախարարը:

1Ռալֆ Յիրիկյանն էլ հավելեց. «Հաստատակամ աշխատում ենք իրար հետ՝ նայելով դեպի ապագան»: Նա ոգեւորությամբ ասաց, որ փառատոնը կարողանում է Հայաստանի անունը տարածել աշխարհով մեկ:

Հարություն Խաչատրյանը նշեց, որ թվում է, թե փառատոնի 13-րդ տարում բոլորը պետք հոգնած լինեին, մանավանդ բավականին դժվար ժամանակներ են, պատերազմն էլ աչքներիս առաջ, ֆինանսական խնդիրներ կան ամբողջ աշխարհում, սակայն «Արարատ սարի պես կանգնած» Ռալֆ Յիրիկյանը, մշակույթի նախարարությունն ու քաղաքապետարանը սատար կանգնեցին «Ոսկե ծիրանին»:

Պարոն Խաչատրյանը նշեց, որ փառատոնը բացվելու է 1926-ին նկարահանված «Զարե» ֆիլմով, որը թվայնացրել են Մոսկվայում: «Շատ կարեւոր է արտահանել նաեւ հայկական արվեստը, աշխարհին ցույց տալ, որ կա մի փոքրիկ Հայաստան, որտեղ մարդիկ մշակույթով են ապրում»,- ասում է Հարություն Խաչատրյանը:

Միքայել Ստամբոլցյանը վկայեց, որ ծրագրերը շատ են եւ բազմազան: Ասաց, որ մեծ կարեւորություն են տալիս հատկապես «Հայկական համայնապատկերին», որի ծրագիրը այս տարի էլ շատ հարուստ կլինի: «Շատ վաղուց ուզում էինք բարեկամություն հաստատել բասկերի հետ, այս տարի հաջողվեց մի փոքրիկ ծրագիր կազմել»,-ասաց նա՝ ներկայացնելով բասկերի կինոն:

Ralf ErikyanԱնդրադարձավ նաեւ դանիական կինոյին, որը շատ հայտնի չէ Հայաստանում: Պարոն Ստամբոլցյանն ասաց, որ շատերը գիտեն միայն Լարս ֆոն Թրիերին, մինչդեռ շատ այլ հաջող դանիացի ռեժիսորներ էլ կան:

Սուսաննա Հարությունյանը ընդգծեց, որ Անկախության 25-ամյակի տարում սեւեռվել են հայկական կինոյի վրա: Նրա ձեւակերպմամբ, «Հայկական համայնապատկերը» հետաքրքիր անուններ կներկայացնի, որոնք, թերեւս, կհետաքրքրեն այլ փառատոների:

Հավելենք, որ 13-րդ «Ոսկե ծիրանը» կանցկացվի հուլիսի 10-17-ը: Այն նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին: Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:

«Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերում այս տարի ևս կներկայացվեն համաշխարհային կինոյի վարպետների աշխատանքները:

«Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը կներկայացնի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված խաղարկային եւ վավերագրական 17 ֆիլմ: Ծրագիրը կմեկնարկի Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմի ցուցադրությամբ։

«Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին» նվիրված հատուկ ծրագիրն իրականացվում է Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ համատեղ:

«Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ, կբացվի Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» (2015 թ.) ֆիլմի ցուցադրությամբ։ «Դանիական նոր կինո» ծրագիրը փառատոնն իրականացնում է Դանիական կինոինստիտուտի հետ համատեղ: Այս ծրագիրն էլ կմեկնարկի Թոմաս Վինթերբերգի «Համայնք» ֆիլմով։ Ինչ վերաբերում է «Բասկական նոր կինո» ծրագրին, որն իրականացվում է «Epe-Apv» ընկերության աջակցությամբ, կբացվի Լառա Իզագիրի «Աշուն առանց Բեռլինի» ֆիլմով։

«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կկազմակերպվեն հայկական կինոարվեստի երախտավորներ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի, Ռուբեն Գևորգյանցի և Ռոման Բալայանի հոբելյանական երեկոները: Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի և Ալբերտ Յավուրյանի հոբելյանների առթիվ անվանական աստղեր կտեղադրվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930