Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրքերի դեպքում էլ կարելի է ընկնել եւ լավ, եւ վատ շրջապատ»

Հունիս 17,2016 15:30

Երիտասարդ բանաստեղծը՝ գրականության իր «դեղատոմսի» մասին

Վերջին ամիսներին գրական մամուլում ու կայքերում հաճախ ենք հանդիպում Արմեն Սարգսյան անունը: Նրա բանաստեղծությունների մասին արդեն սկսել են խոսել գրական շրջանակներում: Ըստ մեր տեղեկության էլ, երիտասարդ բանաստեղծը պատրաստվում է հրատարակել իր առաջին՝ «Չկարդացած գրքերի փոխարեն» հավակնոտ խորագրով ժողովածուն:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը նշեց, որ ժողովածուում ընդգրկված է մոտ 120 բանաստեղծություն եւ ձգձգվել է տպագրությունը, որովհետեւ շուրջ 1 տարի չէր գտնում համապատասխան խորագիր իր ժողովածուին:
Ինչ-որ տեղ համակարծիք լինելով «հավակնոտ» որակման հետ, բանաստեղծն ասաց՝ «Մարդուն դիմավորում են հագուստով, ճանապարհում խելքով: Նույնը գիրքն է՝ դիմավորում ենք խորագրով ու դիզայնով, ճանապարհում բովանդակությամբ»: Երիտասարդ արվեստագետը մտածել է նաեւ գրքի չափի մասին: Նրա համոզմամբ, ընդհանրապես գիրքը պետք է գրպանում տեղավորվի. սա աշխարհում ընդունված տեսակետ է:

Կարծիք կա, որ արվեստում, մասնավորապես՝ գրական դաշտում, ճանաչում ձեռք բերելու համար տաղանդը բավարար չէ, կարեւոր դեր են խաղում գրականագետներն ու հեղինակին «շրջանառության մեջ դնող» գրական խմբավորումները: Այս դիտարկմանն ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Ճանաչված լինելը, հատկապես փոքր երկրում՝ վատ բան չէ, դժվար է ճանաչված, միեւնույն ժամանակ սիրված լինելը: Ինչ վերաբերում է այս հարցում մասնագետների դերին, նրանք գրքի արժեւորման դիտանկյունից այսօր լծակներ չունեն, որովհետեւ չունենք հեղինակավոր գրականագետներ, եղածներն էլ քիչ են հետաքրքրվում արդի գրականությամբ»:

Արվեստագետի կարծիքով՝ այսօր գիրք կարելի է կարդալ էլեկտրոնային տարբերակով: Երբեմն էլ կոմերցիոն նպատակով պայմանավորված՝ գովազդվում է չգրականություն եւ ընթերցողը, փաստորեն, անելանելի վիճակում է հայտնվում. եթե հավատա ու կարդա գովազդով առաջարկվող գիրքը, բայց հետո հիասթափվի, նա այլեւս չի վստահի գրականագետներին: Այսինքն, անհրաժեշտ են մասնագետներ, որոնք անկախ ամեն ինչից, կառաջարկեն այս կամ այն բարձրարժեք գրականությունը:

Արմեն Սարգսյանը կարծում է, որ այսօր աշխարհում միտում կա՝ գրականությունը գնում է մինիմալիզմի, այսինքն՝ հիմնականում գրողներն ունեն իրենց ֆեյսբուքյան էջերը, բայց դրանց հետեւող ընթեցողները պարզապես ժամանակ չունեն այս կամ այն երկը մինչեւ վերջ կարդալու: Արդյունքում՝ ընթերցողը, դարձյալ ժամանակի սղության պատճառով, նախընտրում է կարճ գործերը: «Մեր իրականությունում տարածված են պարսկական եւ ճապոնական «սպիտակ» ոտանավորի ոճերը. վերջիններս գրված են առանց հանգերի: Սա ողջունելի է, բայց կա մի վտանգ. երբեմն այս մինիմալիզմին հասցված ստեղծագործություններն անասելի պարզունակ են: Այսօր աշխարհում չկա մի գրականագիտական սահմանում, որը կտա բանաստեղծության՝ որպես ժանրի պարզաբանումը: Ասում են, թե բանաստեղծությունը պետք է ունենա սյուժե, պատկեր, միֆ, զգացմունք, միեւնույն ժամանակ՝ ստեղծագործողները պնդում են, որ պահում են այդ բոլորը: Օրինակ, Շպենգլերը իր «Եվրոպայի մայրամուտը» գրքում այն համոզմունքն ունի, որ մշակույթը վերանում է, երբ այն վերածվում է քաղաքակրթության: Այո, երբ գրականությունը վերածվում է ազատության, այն երբեմն բերում է ամենաթողություն»,- հայտնեց բանաստեղծը:

Արմեն Սարգսյանին խնդրեցինք տալ այսօրվա մեր գրական դաշտի մասին իր կարծիքը: «Հայոց լեզուն եւ գռեհկաբանությունը երբեք հոմանիշներ չեն եղել, եթե երիտասարդության «սլենգն» օգտագործելով հեղինակը չի փորձում ինչ-ինչ ոճական լուծումներ տալ: Տեղին է հետեւյալ մեջբերումը. Աբրահամ Լինքոլնի շիրմաքարին գրված է՝ Ես ազատ եմ, որովհետեւ կաշկանդված եմ օրենքներով…»: Հավելեց նաեւ, թե Հայաստանում չկա գրականության հրատարակումը վերահսկող կենտրոն, շուկան ազատ է ընդունել այն, ինչ իրեն առաջարկվում է եւ ով առաջարկում է. «Իհարկե, ես դեմ չեմ, բայց գրքերի շրջապատը նման է մարդկանց շրջապատին. կարելի է ընկնել եւ լավ, եւ վատ շրջապատ»:

Հաճախ նույնիսկ գրականագետներից լսում ենք, որ եթե ժամանակակիցն ու մոդեռնը տեսանելի է, ասենք, պարարվեստում, գեղարվեստում, ապա գրականության մեջ ընթերցողը հազիվ թե տարբերակի, օրինակ՝ մոդեռն ոճը: Այս մասին էլ Արմեն Սարգսյանն ասաց. «Բանաստեղծական ժանրում ժամանակակիցն ու մոդեռնը պայմանավորված է ձեւով, այսինքն՝ այսօր գերխնդիր է՝ ոչ թե ի՞նչ գրել, այլ՝ ինչպե՞ս գրել: Ես ունեմ իմ համոզմունքը. թեմայի առումով հնարավոր չէ գրականություն բերել նոր բան: Օրինակ, Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսում» ոչ թե ինչ-որ բանի մասին է, այլ հենց այդ ինչ-որ բանն է…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

16.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Հա, բայց ինքդ էլ թույլ ես գրում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930