Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ «սահմանադրությունը»

Հուլիս 07,2016 10:00

Այս շաբաթ նշվում էր Սահմանադրության օրը: Մեկնաբանները, քարոզիչները, ֆեյսբուքյան օգտատերերն իրենց արհամարհանքն ու հեգնանքն արտահայտեցին «ոչ մի բան չորոշող եւ կեղծիքներով ընդունված թղթի կտորի» հանդեպ: Ամեն ինչ ճիշտ է` օրենքների համատարած ոտնահարումը չի կարող հարգանք առաջացնել: Բայց ես առաջարկում եմ այստեղ էլ հարցին մոտենալ այլ կողմից:

Մանկուց, մոտավորապես 13-14 տարեկանից ես բակում, դպրոցում եւ զանազան այլ միջավայրերում քննադատություն եմ լսում, որ ես «շուստրի» չեմ, «աչքաբաց» չեմ, «էս դարի մարդ չեմ», եւ, հետեւաբար, ինձ «էս կյանքում դժվար է լինելու»: Առաջին երեք բնութագրերն, իհարկե, ճիշտ են, սակայն հետեւությունը կամ, եթե ուզում եք, «կանխատեսումը» սխալ էր` ինձ այս կյանքում շատ հեշտ է (գիտեմ, որ դա մեզանում ընդունված պնդում չէ, մարդիկ Հայաստանում սովորաբար գերադասում են բոլոր պարագաներում տառապալից տեսք ընդունել), իսկ ինձ հայտնի շատուշատ «շուստրիներին» դժվար է: Որովհետեւ եթե հույսդ դրել ես «աչքաբացության» վրա, ապա, վստահ եղիր, կգտնվեն ավելի «աչքաբացներ», եւ այդ դեպքում, շատ հավանական է՝ սկսեք դժգոհել «կյանքի անարդարություններից»:

Պարզ է, որ Հայաստանի պայմաններում «ամենաշուստրիները» եւ «գերաչքաբացները» հիմա նստած են խորհրդարանում եւ կառավարությունում, ունեն դղյակներ եւ «յաշչիկ» մեքենաներ եւ արժանանում են «պակաս շուստրիների» անեծքին ու նախանձին: Պատճառն այն է, իմ կարծիքով, որ շուկայական բացահայտ հարաբերություններին անցումը մեզ նման երկրում պետք է ուղեկցվի եթե ոչ «պետական», ապա գոնե բարոյական «սահմանադրությամբ», որտեղ խաբելը, «քցելը», թալանելը կհամարվեն խիստ դատապարտելի վարքագիծ: Հակառակ դեպքում սովետի ժամանակ առաջացած «աչքաբացների բանակի» ներկայացուցիչները իրար հետ մտնում են մրցակցության մեջ, որում հաղթում են ամենացինիկները:

Եթե հետաքրքիր է, կարող եմ ասել, թե ինչու չիրականացան իմ «ծանր կյանքի» մասին կանխատեսումները: Որովհետեւ ես ունեմ իմ «սահմանադրությունը».

1/ Ոչ մեկից չնեղանալ եւ ոչ մեկին չնեղացնել:

2/ Ում որ երբեւէ ցավ եմ պատճառել, նրանցից ներողություն խնդրել անձամբ կամ «տարածության վրա».

3/ Ոչ մեկի հետ չմրցել, ոչ մեկի հաշվին չինքնահաստատվել, սեփական ոչ մի հաջողություն չպայմանավորել որեւէ մեկի անհաջողությամբ:

4/ Չփորձել որեւէ մեկին որեւէ բան ապացուցել. ասացի մի անգամ իմ կարծիքը` վերջ, ով ուզում է` համաձայնում է, ով ուզում է` վիճում: Եթե շատ են ուզում վիճել, ասում եմ` «լավ, մնա քո կարծիքին»:

5/ Ամեն օր մի նոր, «ոչ մասնագիտական» բան իմանալ, կարդալ, ուսումնասիրել: Դա օգնում է չսեւեռվել միայն աշխատանքային խնդիրների վրա եւ կյանքի նկատմամբ հնարավորինս «լայն» հայացք ձեռք բերել:

6/ Իմ բոլոր անհաջողությունների, անախորժությունների, խնդիրների արմատը փնտրել իմ մեջ:

Կարողանո՞ւմ եմ ես արդյոք մշտապես կատարել իմ «սահմանադրության» կետերը: Իհարկե՝ ոչ: Բայց, կարծում եմ, ցանկացած մարդ պետք է ունենա նման «կողմնորոշիչ կետեր»: Այս պարագայում պետության Սահմանադրությունը կստեղծվի ներքեւից, ոչ թե կպարտադրվի վերեւից, այն էլ` կասկածելի հանրաքվեների միջոցով:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Ես հարգում եմ Ձեր սահմանադրությունը:
    Իմ սեփական օրենքների ժողովածուն շատ ընդհանուր եզրեր ունի Ձեր օրենքների հետ, բայց նաև շատ տարբերություններ կան՝ իմը մի քիչ ավելի նվազ տոլերանտ է և ավելի պահպանողական՝ որոշ զինվորական կանոնագրքային մոտեցումներով… կան նաև վետոներ:
    Հստակ կանոններով ապրելը ճիշտ է: Տարերայնորեն ապրող և սահմանադրություն չունեցող մարդիկ, ինչպես նաև երկրները, կարծում եմ կայացած չեն, լավագույն դեպքում դրա ճանապարհին են՝ լի մարտահրավերներով ու սխալներով

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031