Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՕՐ

Օգոստոս 05,2016 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ քառասունչորսերորդ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՕՐ

Եվ Վարուժն ինձ հարցրեց՝ «ասածիս հետ համաձայն չե՞ս», եւ ես հարցրի՝ «ո՞ր ասածիդ», եւ Վարուժն ասաց՝ «էն հնարավորությունը, որ արձակն ա տալիս, ոչ նկարչությունը կարա տա, ոչ էլ՝ պոեզիան», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «պոեզիայի տված հնարավորություններն էլ արձակը չի կարա տա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էդպես վերցնենք, նկարչությունն էլ ա մի ամբողջ աշխարհ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «պոետի համար պոեզիայի հնարավորություններն են անսահմանափակ, արձակագրի համար՝ արձակի, նկարչի համար՝ նկարչության» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «էնպես որ՝ քո բախտը բերել ա», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ առումով ա բախտս բերել», եւ ես ժպտալով ասացի՝ «դու, փաստորեն, համ նկարիչ ես, համ՝ պոետ, համ էլ՝ արձակագիր», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց գրամոլ չեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որոշ մտքեր ու զգացողություններ նկարչությամբ չեմ հաջողացնում արտահայտեմ, դրա համար էլ գրում եմ», եւ ես ասացի՝ «բայց ոչ թե արձակ ես գրում, այլ՝ պոեզիա», եւ Վարուժն ասաց՝ «բանաստեղծություններիս գրքից հետո մի հատիկ բանաստեղծություն չեմ գրել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ գրեմ՝ արձակ կգրեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ էն ամենը, որ պոեզիայով ու նկարչությամբ հնարավոր չի ասել, արձակով հանգիստ ասում ես», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «օրինակ, պոեզիա  յով ու նկարչությամբ ի՞նչ չես կարա ասես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «օրինակ, էսօրվա էս ամբողջ պատմությունը մենակ արձակով ա հնարավոր գրել», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ պատմություն», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Շիրակի մեղեդիների» քավոր Սարգսյան Աբոյից սկսած, քո պիվեքով ու սարդելկեքով շարունակած», եւ ես ժպտալով ասացի՝ «գումարած՝ ձեր լիֆտի հովհարային անջատումը», եւ Վարուժը փռթկացնելով ասաց՝ «պիվեքն ու սարդելկեքը որ ասում եմ, էդ հովհարային անջատումը նկատի ունեմ» եւ դիմանկարիս նայելով՝ ինքնագոհ ժպտաց ու ասաց՝ «գումարած՝ էս փառահեղ պորտրետը», եւ ես ժպտալով ասացի՝ «գումարած էսօրվա մեր ամբողջ խոսակցությունը՝ Հրանտի, Վերժինեի, Շիրակի մեղեդիների քավորի, իմ էս պորտրետի ու մյուս բաների մասին», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «ջնջածս նկարը մոռացար», եւ ես ժպտալով ասացի՝ «հազիվ մոռացել էի», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «հազիվ էրեսիդ ժպիտ հայտնվեց, տնաշեն» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կգրես՝ ոնց էիր իմ էդ կիսատպռատ նկարն ինձնից պաշտպանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ հետաքրքիր ու բովանդակալից օր ստացվեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «վաղուց իրար հետ էսքան չէինք խոսել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կգրես՝ ոնց էիր մռթոշել», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ պիտի գրեմ», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «արձակ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «թե՞ մենակ կլյաուզնիկների մասին ես գրում», եւ ես ժպտալով ասացի՝ «ուրիշ բաների մասին էլ եմ գրել», եւ Վարուժը հարցրեց՝ «բա ինչի՞ չես տպում», եւ ես ասացի՝ «մի քանի հատ տպել եմ», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «էդ որտե՞ղ ես տպել, որ չեմ կարդացել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Գրական թերթում» ու «Գարունում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «զարմանալի ա, որ աչքովս չեն ընկել», եւ ես ժպտալով ասացի՝ «ես մեղավոր չեմ, որ աչքովդ չեն ընկել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ուրիշ անտիպ պատմվածքներ էլ ունե՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «լիքը», եւ Վարուժը հարցրեց՝ «բա ինչի՞ չես տպում», եւ ես ասացի՝ «մի օր երեւի բոլորը միասին գրքով կտպեմ»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել