Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հրաշամանուկը ցնցել է Ֆրանսիան

Օգոստոս 15,2016 11:30

13-ամյա Հակոբ Ղասաբյանի՝
2017-ի գրաֆիկն էլ է հայտնի

2015թ. ֆրանսիական երկրորդ հեռուստաալիքի՝ մի քանի անվանակարգերով (այդ թվում՝ վոկալ), «Հրաշամանուկ» մրցույթը հայ մասնակից ուներ: Հաղթող ճանաչվեց եւ ողջ Ֆրանսիան ցնցեց 13-ամյա Հակոբ Ղասաբյանը: Շուրջ 500 պատանի երգիչներից երրորդ փուլում մնացել էին 4-ը: Հենց այդ 4-ից էլ ընտրվել էր հաղթողը: Եզրափակիչ փուլը համացանցում ունեցել է շուրջ 4 մլն դիտում: Իսկ մրցանակը 5000 եվրո էր: Ընդ որում, «Վոկալ» անվանակարգի ժյուրին ղեկավարում էր օպերային դիվա Էլիզաբեթ Վիդալը:
Հայազգի հաղթող պատանին մրցույթի շնորհիվ նաեւ իրավունք ստացավ CD ձայնագրել հանրահայտ Vagner Classic  ստուդիայում: Այդ CD-ում ընդգրկված է 10 ստեղծագործություն: Օպերային դիվան եւս ցանկություն էր հայտնել դուետով հանդես գալ Հակոբ Ղասաբյանի հետ: Նրանք համատեղ ձայնագրել են Էնդրյու Լ. Վեբերի «Աղոթքը» (Pie Jesu) ստեղծագործությունը:

CD-ում, բացի համաշխարհային վոկալ գրականության գլուխգործոցներից, ներառված է նաեւ Կոմիտասի «Հոյ Նազանը»:

Hakob_Kasabyan-4

Էլիզաբեթ Վիդալը եւ վոկալի պրոֆեսոր Ֆրանսուազ Սեմլազը՝ պատանու հետ:

Նշենք, որ ձայնագրված ստեղծագործությունների մի մասում ռոյալ է նվագակցում, որոշ երկերում էլ՝ շվեյցարական հանրահայտ Picardie սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ են կատարվում (դիրիժոր՝ Հարի Վան Բեկ): Ընդ որում, սիմֆոնիկ նվագախմբի համար գործիքավորումները կատարել է կոմպոզիտոր Դավիթ Վոլթերը:
Հայաստանցի հանդիսատեսը հրաշամանուկին առաջին անգամ ունկնդրել է 2016թ. գարնանը՝ «Նոր անուններ» 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում (գեղարվեստական ղեկավար՝ Սիլվա Մեքինյան): Ի տարբերություն մյուս մասնակիցների՝ Հակոբ Ղասաբյանը Հայաստանում 4 մենահամերգ է ունեցել, մեկ համերգով էլ հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան): Վերջին համերգին Հակոբը հնչեցրել է նաեւ Քերուբինոյի արիան՝ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից:

Hakob_Kasabyan_3

Հրաշամանուկը՝ դիրիժոր Հարի Վան Բեկ-ի ղեկավարությամբ՝ ձայնագրման ստուդիայում

Օրերս էլ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացել է պատանու եւ սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի համերգը՝ կոնցերտմայստեր Մարինա Վարդանյանի նվագակցությամբ: Երեկոյին, բացի առանձին կատարումներից, Հակոբն ու Հասմիկ Բաղդասարյանը դուետով են հանդես եկել:
«Առավոտի» հետ զրույցում, պատանին պատմեց, որ սկսել է ուսում առնել Լիլ քաղաքի կոնսերվատորիայում՝ ջութակի, դաշնամուրի, վոկալի դասարաններում: Վերջերս էլ պատանուն ձգում է դիրիժորությունը:

«Այժմ ես դիսկանտ եմ: Այս տարիքում՝ մինչեւ մուտացիոն շրջանը, դիսկանտ ձայնը հնչում է շատ լուսավոր, մաքուր տեմբրով… Դեռ չգիտեմ՝ մուտացիոն շրջանն ավարտվելուց հետո կշարունակե՞մ զբաղվել վոկալով, բայց որ ընտրել եմ երաժշտարվեստը, միանշանակ է»,- ասաց Հակոբ Ղասաբյանը:

Hakob_Kasabyan_2

Հակոբ Ղասաբյանը` Շուշան Պետրոսյանի հետ

Պատանուց հետաքրքրվեցինք՝ իր տարիքում հանրահայտ զգալը բա՞րդ բան է: Մեր զրուցակիցը պատասխանեց, որ ճանաչված լինելուն հանգիստ է վերաբերվում, ուղղակի հոգնում է ճանապարհների վրա շատ ժամանակ ծախսելու պատճառով. «Հիմա պատրաստվում եմ վերադառնալ Ֆրանսիա, բայց սեպտեմբերի 20-ին կլինեմ Երեւանում, եւ մեկ երեկոյի ընթացքում հանդես կգամ հանրահայտ երաժիշտներ՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ… Հրավերները շատ են, նույնիսկ 2017-ի գրաֆիկս է կազմված: Իմիջիայլոց, մասնակցելու եմ նաեւ Էլիզաբեթ Վիդալի 2017-ին կայանալիք մենահամերգին»: Պատանին հիշեց իր առաջին մեծ բեմելը՝ 2014թ. Լիլի Nouveausc sieche սրահում (3000 հանդիսատես), հանդես է եկել գլխավոր դերերգով Անս Քրազայի մանկական «Բրունդիբար» օպերային ներկայացման մեջ:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

13.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031