Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ. եթե ձեր երկրում լիներ նման հարց, դուք ինչպե՞ս կանեիք նման պարագայում

Օգոստոս 16,2016 12:40

Քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած իրադարձությունների, ինչպես նաեւԱրցախի հարցի ուղղությամբ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ:

– Արցախյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործվել են մի շարք պատերազմական ոճրագործություններ: Այդ ձեռագիրը ոչնչող չի տարբերվում ԻՊ-ի ձեռագրից: Ի՞նչ է արվում ՀՅԴ Եվրոպայի գրասենյակի կողմից եվրոպական բարձր ատյաններում այս հարցը Հայ Դատի բարձրացնելու ուղղությամբ:

– Այդ ամենը տարածվեց իրենց՝ադրբեջանցիների կողմից, որովհետեւ հենց իրենք սկսեցին ամեն տեղ հրապարակել իրենց «քաջագործությունները»: Մայիսին, երբ այստեղ էինք գործակիցներիս՝ Պետո Դեմիրճյանի եվ Աշխեն Ֆիքսովայի հետ, հանդիպեցինք ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ եւ հրավիրեցինք Բրյուսել, որպեսզի նա անձամբ ներկայացնի հարցը: Մենք, անշուշտ, ներկայացրել էինք, սակայն, հաշվի առնելով, որ մենք մասնագետ չենք, անհրաժեշտ համարեցինք մասնագիտորեն ներկայացնել հարցը: Ռուբեն Մելիքյանի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում կազմակերպեցինք մի շարք քաղաքական հանդիպումներ: Նրան միացավ, քաղաքական հանդիպումներին, մեր գրասենյակի Եվրոպական հարցերի պատասխանատու Հեղինե Եվրիյանը եւ միջանկյալ զեկույց ներկայացվեց , ուր գրքույկի էր վերածված հրապարակված լուսանկարները : Այն ամբողջությամբ ներկայացնում էր, թե ինչ վայրագություններ են իրականում տեղի ունեցել:

Հանդիպումներ եղան մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ՝ ներկայացնելով ամբողջ իրականությունը: Չեմ կարող ասել, որ բոլոր հարթակներում կարողացանք ներկայացնել հարցը, սակայն մի շարք կարևոր աշխատանքներ տարվեցին:

Այսօր բավական տեղեկություններ կան Ադրբեջանի գործած ոճրագործությունների , մարդկային իրավունքների խախտման մասին: Հայկական կողմն այդ հարցով դիմել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարան : Ադրբեջանն էլ փորձում է հայկական կողմին մեղադրել ինչ-ինչ ոճրագործությունների մեջ՝ թե իբր ռմբակոծվել են իրենց խաղաղ բնակավայրերը: Սակայն Ադրբեջանն ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ, եթե իր զորանոցները տեղակայել է իր իսկ գյուղաբնակ վայրերում եւ այնտեղից է մեզ ռմբակոծում: Դա անհերքելի փաստ է, եւ ըստ այդմ էլ նա լուրջ փաստարկներ չունի հայկական կողմին մեղադրելու վերաբերյալ:

– Ադրբեջանը հրաժարվում է սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմներ կիրառելուց: Որոշ քաղաքագետների կարծիքով մոտակա տարիներին դա գրեթե անհնար է իրականացնել: Արդյո՞ք հնարավոր է որեւէ կերպ ազդել Ադրբեջանի վրա՝ ստիպելով նրան գնալ այդ քայլին:

– Հարցն ավելի խորքային է, եւ նման մեխանիզմների կիրառումն ինքնին հարցի լուծում չէ: Պարզապես պիտի ստեղծվեն հարմար պայմաններ, որպեսզի հնարավոր լինի երկխոսություն ծավալել կողմերի միջեւ: Քառօրյա պատերազմի ընթացքում երկու կողմից այսքան զոհեր ունենալուց հետո հարցի լուծումն ավելի խորքային է դարձել (չնայած՝ չեմ կարծում, որ Ալիեւը մտահոգված է իր կողմի զոհերով, նա ավելի շատ մտահոգված է, թե որքան գումար կարող է մտնել իր կնոջ գրպանը): Մեզ համար մարդկային կորուստներն աղետալի նշանակություն ունեն: Այս պայմաններից ելնելով՝ չգիտեմ, թե սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմների կիրառումը որքանով կարող է նպաստել հարցի լուծմանը: Ադրբեջանը չի հարգում իր իսկ համաձայնությունները: Ինչի՞ մասին կարող է խոսք լինել, երբ բանակցելուց մի քանի րոպե հետո նորից զոհ ենք ունենում Արցախի սահմանին:

Սխալ հասկացողություն կա Արցախի հարցի էության վերաբերյալ: Շատերի կարծիքով դա միայն հողային հարց է , եւ Ադրբեջանը իր քարոզչությունն այդպես է կառուցել տարիներ շարունակ: Մենք բոլորս, իբրեւ հայ ժողովուրդ, տարիներով թերացել ենք մեր գործում: Մտածել ենք, որ պատերազմում հաղթելով հարցը վերջացրինք, սակայն դա այդպես չէր: Տարիներով մենք չենք զբաղվել մեր հարցերով, եւ երբ Ադրբեջանը փող ունեցավ եւ անցավ հարձակման՝ մենք արթնացանք, հետքայլ արեցինք՝ մնալով պաշտպանողական դիրքում: Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը շատ կարծր աշխատանք է տարել վերջին 6-7 տարիների ընթացքում, որպեսզի այս պատկերը փոխվի: Ինչ վերաբերում է Եվրոպական Խորհրդարանին, ապա դա մեզ հաջողվեց: Նույնը չէ պատկերը ԵԽԽՎ-ում, ուր պայմաններն ամբողջությամբ տարբեր են: Ունենք լուրջ հարցեր, սակայն այդ ուղղությամբ եւս աշխատում ենք Ստրասբուրգում Հայաստանի պատվիրակության հետ, քանզի այսօր այնտեղ հավասարակշռությունը մեր դեմ է:

Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը առանձին անձերի հետ հանդիպումների ժամանակ փորձել է համոզել, որ Արցախի հարցը հողային հարց չէ, այլ Արցախի ժողովրդի կյանքի եւ գոյության հարց. այստեղ հարցը մարդկային է: Արցախում 150000 կյանք կա, ովքեր հազարավոր տարիներ այստեղ են ապրել, նրանց տունն այստեղ է, ընտանիքն այստեղ է, ապագան՝ այստեղ: Ինչպե՞ս եք կարծում՝ սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հողա՞յին հարց է, թե՞ 150000 մարդու կյանքի հարց է: Եւ նրանց հարց է տրվում, եթե ձեր երկրում լիներ նման հարց, դուք ինչպե՞ս կանեիք նման պարագայում: Սակայն այս ուղղությամբ տակավին շատ աշխատանք պետք է կատարենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031