Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական հայազգի ունիվերսալ երաժիշտը

Օգոստոս 20,2016 13:30

Ֆրանսաբնակ Սուրեն Շահիջանյանը Երեւանում է

Երաժշտարվեստում հաճախ է պատահում, երբ որոշակի ժամանակահատված անց ճանաչված արվեստագետներին հանդիպում ենք այլ կարգավիճակում: Օրինակ, ջութակահար Վլադիմիր Սպիվակովը, փաստորեն, զուգահեռեց իր արվեստը դիրիժորության հետ կամ նույն ճակատագրին արժանացավ նաեւ Յուրի Բաշմետը… Օրինակները շատ են: Նույնիսկ ապագա արվեստագետը, երբ ընտրում է, ասենք՝ ջութակահարի մասնագիտությունը, տարիներ անց դառնում է օպերային դիվա՝ ինչը պատահեց մեր երգչուհու՝ Հասմիկ Պապյանի դեպքում: Այս օրերին Երեւանում է ֆրանսաբնակ օպերային երգիչ, բաս Սուրեն Շահիջանյանը: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ երգչի կարիերայի սկզբում մտքով իսկ չէր կարող անցկացնել, թե իրեն կգայթակղեն կոմպոզիտորական եւ դիրիժորական արվեստները:

Սուրեն Շահիջանյանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսը պրոֆեսոր Մարիաննա Հարությունյանի դասարանն ավարտելուց հետո, 1993թ. մեկնել է Փարիզի բարձրագույն կոնսերվատորիա, ուսանել աշխարհահռչակ մեցցո սոպրանո Ժան Բերբյեի ղեկավարությամբ եւ իբրեւ երգիչ կարիերան սկսել այնտեղ, իսկ հետո ստեղծագործական կյանքը կապել արվեստների քաղաքի հետ:

Արվեստագետը հիշում է, որ կոնսերվատորիան ավարտելուց հետո (1996թ.) անմիջապես համալրում է Փարիզի օպերային թատրոնի երիտասարդ մեներգիչների ցանկը: Հավանաբար այստեղ մեծ դեր է խաղացել 1995թ. Եղիսաբեթ թագուհու հեղինակավոր մրցույթի դափնեկրի կոչմանն արժանանալու փաստը: Մեր հայրենակցի մրցանակները դրանով չեն ավարտվում: Ընդամենը մեկ-երկուսը նշենք, որպեսզի ամբողջական դառնա երաժշտի նախ՝ իբրեւ վոկալիստի ստեղծագործական դիմանկարը, նաեւ դեպի կոմպոզիցիա եւ դիրիժորական արվեստ տանող ճանապարհը: 1996թ. Փարիզի օպերայում 26-ամյա հայ երգիչը գլխավոր դերերգերով հանդես է գալիս օպերային գրականության հանրահայտ ստեղծագործություններում, այդ թվում՝ Վագների «Պարսիֆալ», Մոնտեվերդիի «Պոպպեայի թագադրությունը», Մոցարտի «Առեւանգում Սերալից» օպերային ներկայացումներում:

Ֆրանսիայի օպերային թատրոնում նա առաջին մեներգիչն էր, որն արժանանում է «Ֆրանսիական երգեցողության վարպետ» տիտղոսի, քանի որ մինչ այդ դա շնորհվում էր բացառապես բալետի արտիստներին: Հետագայում Փարիզի «Լիրիկական CD ակադեմիան» Չայկովսկու ռոմանսների CD-ի համար հայ կատարողին շնորհում է Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուի «Ոսկե Օրփեոս» մրցանակը: Հիշատակման են արժանի երգչի 1998 թ.-ից սկսած քառամյա մասնակցությունը Զալցբուրգի հանրահայտ փառատոնին, որտեղ գլխավոր դերերգերով հանդես է եկել Վերդիի «Դոն Կառլոս», Դեբյուսիի «Դելլեա եւ Մելիզանդ» օպերային ներկայացումներում, որտեղ նա աշխատել է մեծանուն երաժիշտների՝ դիրիժոր Լորին Մազելի, ռեժիսորներ Ռոբերտ Ուիլսոնի, Արմին Ջորդանի հետ, տարբեր դերերգերով բեմ է բարձրանում հեղինակավոր օպերային թատրոններում՝ «Լա Սկալա», Ստոկհոլմի, Լոս Անջելեսի, Մյունխենի եւ այլն:

Suren_Shahijanyan_1

Տեսարաններ Սուրեն Շահիջանյանի «Այգու տիրակալը» օպերայից:

Suren_Shahijanyan_3
Մեզ հետ զրույցում Սուրեն Շահիջանյանը նշեց, որ 2015թ. հատկանշական էր իր համար. այդ տարի նա ստացել է պրոֆեսորի կոչում: Փարիզի պետական «Opera Peniche»-ում բեմադրվել է իր «Այգու տիրակալը» հեքիաթ-օպերան, իսկ որպես դիրիժոր՝ դեբյուտը կայացել է 2010թ.՝ փարիզյան 8/5 սիմֆոնիկ նվագախմբի հետ: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ ժամանակին ֆրանսաբնակ բարիտոն Մկրտիչ Մկրտչյանի մատուցմամբ հանդիսատեսը ոգեւորությամբ է ընդունել իր՝ Թումանյանի 5 քառյակների հիման վրա գրված ստեղծագործությունը, հիմա էլ օպերայի տեսքով ուզում է բեմ բարձրացնել Վիկտոր Հյուգոյի «Սատանայի վերջը» երկը եւ այլն:

Հետաքրքրվեցինք՝ ինչպես եղավ անցումը վոկալից դեպի կոմպոզիցիա ու դիրիժորություն: Սուրեն Շահիջանյանը նշեց, որ անցում բառը տեղին չէր, քանի որ ինքը գործող երգիչ է, հետո էլ մանրամասնեց. «Մի անգամ զանգ ստացա ֆրանսիացի ճանաչված հոգեբան տիկին Դանիել Դալոզից, որը ուսումնասիրում էր տարբեր ժողովուրդների հեքիաթներ եւ խնդրեց թարգմանել «անմահական» բառը, որին հանդիպել է հայկական հեքիաթներից մեկում, որտեղ այդ բառը թարգմանված չէր եւ գրված էր ֆրանսերենով: Խոսակցության ընթացքում տիկինն ասաց, թե սիրով լիբրետոյի կվերածի այս հեքիաթը, եթե մեկը երաժշտություն գրեր: Այդ մեկը եղա ես, եւ ստեղծվեց «Այգու տիրակալը» օպերան՝ առաջին մասշտաբային գործս: Ես մշտապես ձգտել եմ դիրիժոր դառնալ, Փարիզի օպերայում դիրիժորական գաղտնիքներին ինձ ծանոթացրել է պրոֆեսոր Պատրիկ Սամերսը, փաստորեն դառնալով իմ առաջին ուսուցիչը: Հետո արդեն շփվել եմ մեծանուն դիրիժորների հետ, այդ թվում՝ Սիլվան Կամբրելենի, Արմին Ջորդանի, ի վերջո՝ Լորին Մազելի: Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր Բրունո Ժիլեն ինձ ծանոթացրել է գործիքավորման գաղտնիքներին»:

Սուրեն Շահիջանյանը, սկսած 2000-ից, հաճախ է հանդես գալիս հայրենիքում, հիմնականում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հրավերով: Նա մասնակցել է ֆիլհարմոնիկի նախաձեռնությամբ կայացած օպերային նախագծերին՝ Վերդիի «Աիդա», «Ռիգոլետտո», Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ», մեկ-երկու անգամ էլ հանդես եկել իբրեւ դիրիժոր: Հարցին, թե՝ հայ հանդիսատեսը ե՞րբ կտեսնի ձեզ դիրիժորական վահանակի մոտ կանգնած կամ հնարավորություն կունենա՞ ծանոթանալ մանկական օպերային, արվեստագետը նախ նշեց, թե Երեւանից հետո մեկնում է Փարիզ, որտեղ պետական կամերային թատրոնում կղեկավարի Գլյուկի «Օրփեոսը», իսկ երկար մտածելուց հետո էլ առանց մանրամասնելու ասաց. «Հավանաբար առաջիկայում Երեւանում կղեկավարեմ մի մասշտաբային ստեղծագործություն»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

19.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031