Լրահոս
Օրվա լրահոսը

Կին դատապարտյալը 7 օր անցկացրեց պատժախցում

Սեպտեմբեր 23,2016 13:03

 

Ստորեւ ներկայացնում ենք արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, դատապարտյալ Սոնա Մալումյանի պարզաբանումը:

Շատ խոչընդոտների միջով անցած քրեակատարողական հիմնարկների բնակիչները դեռեւս ի վիճակի են հավատալու յուր երկրի օրենքներին, որոնք ամրագրված են միայն թղթերի վրա, եւ որոնց կիրառումն այնքան անհավանական է, որ նշված բնակիչներն արդեն համակերպվել են «ներքին կանոնակարգ» ասվածին, ինչով մեզ կերակրում են տարիներ շարունակ:

Հերթը հասել է համաներմանը, որն իբր Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է հայտարարի սեպտեմբերի վերջին, ինչը որպես յուրատեսակ զսպաշապիկ են օգտագործում էլ ոչնչի չհավատացող դատապարտյալներիս համար:

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ստանձնել է բանսարկու որսորդների դերակատարումը: Այսինքն՝ որսում է դատապարտյալների, որոնք փոքրիշատե հասկացել են խաբված լինելու հանգամանքը, մեր լեզվով ասած՝ այնպիսի նախանձելի սցենարներով են գլխներիս սարքում եւ տույժի ենթարկում, որ  իսպառ կորցնում ենք ոչ միայն նախագահի մենաշնորհային ընծայից օգտվելու հնարավորությունը, այլեւ մտածում ենք՝ պատժաչափն էլ ավելի չավելանա:

Ահավասիկ նշվածի վառ կրողը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Մանուկ Միքայելյանն է: Նրա աշխատաոճը շատ նման է ստալինյան ռեպրեսիայի ժամանակաշրջանին, երբ մարդը զրկված էր ոչ միայն խոսքի ազատությունից, այլեւ լավագույն դեպքում ազատությունից եւ, Աստված մի արասցե, բարեկամների գլխին սարքելուց:

Բոլորս էլ ունենք մեր երազանքները: Մանուկ Միքայելյանի երազանքն էլ Աղվան Հովսեփյանի ներկայիս աթոռն է: Քանզի նա «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը վերածել է քննչական կոմիտեի, որտեղ օպերբաժնի պետը կատարում է իրեն ընձեռված գլխավոր դերը՝ քննության հրավիրելով քաղաքացիական անձանց, որոնց թե՛ քննելու, թե՛, առավել եւս, քրեակատարողական հիմնարկ հրավիրելու իրավունք չունի: Կամ էլ իր ասելով՝ ունի, պարզապես ոչ ոք չտեսավ նրա այդ իրավունքը:

Կամ էլ տեսավ՝ կանանց հաշվին ինքնահաստատվող դաբրոների տեսքով, էժանագին սցենարներ հորինելով, խամաճիկների մասնակցությամբ տույժի է ենթարկում մեզ:

Նա այնքան չարացած է կանանց վրա, որ հայտնվելով ՔԿՀ-ում՝ կարող է վրեժ լուծել մեզնից:

Բացելով չակերտները՝ ներկայացնեմ իրավիճակը: Ըստ էության, իրավիճակ ստեղծողները նրանք են, մենք էլ դերակատարներն ենք:

Օրերս ինքնակամ փոխել էի տարիներ շարունակ պայմանավորվածության արդյունքում ինձ վիճակված մահճակալս: Այսինքն՝ մի պատից անցել էի մյուս պատը, ինչի մասին օրեր հետո հայտնեցի կանանց տեղամասի ավագ մասնագետ Ա. Հարությունյանին: Վերջինս շատ բորբոքվեց: Եվ մեր խոսակցությունը, որը ընդամենը տեւեց հինգ րոպե, վերածվեց իսկական մղձավանջի: Հարությունյանը պահանջեց, որպեսզի կատարեմ օրենքի պահանջները, ինչին հակադարձեցի՝ եթե օրենքի տառ եք պահանջում, ապա այսօր պետք է վիճեիք ոչ թե գաղութային տեղերի, այլ բաց ուղղիչ հիմնարկում տեղակայված տեղերի վերաբերյալ, ինչի ժամկետը լրացել է վեց տարի ութ ամիս առաջ:

Բնականաբար, խոսակցությունը տեղի ունեցավ բարձր ձայների ներքո, բայց՝ փակ դռան ետեւում: Ես ու Հարությունյանը չէինք կարող իմանալ, թե ով կա դռան ետեւում, այլ պատուհանի տակ: Ասվածի կապակցությամբ Հարությունյանը չկարողացավ ոչինչ ասել, սպառնաց, թե կգրի վրաս: Ճիշտն ասած՝ չհավատացի, քանզի դատապարտյալի հաշվին ամեն վայրկյան հյուրասիրվող Հարությունյանը այն հեղինակությունը չուներ, որպեսզի բան գրեր: Բայց արի ու տես՝ կատուն էլ է երազում վագր դառնալ, եւ իմ վրա Արթուր Մարգարյանի հետ այնպիսի գործ էին «թխել», որ երկարատեւ ազատազրկման մեկնածս հնարավորություն չունեցավ եռօրյա բացակայությունից հետո իրերս դասավորել, քանզի կես ժամ հետո կրկին ուղղորդվեցի քննչական սենյակ: Այնտեղ Արթուր Մարգարյանը մեկ այլ բացատրություն պահանջեց, ինչից վատ հոտ զգալով՝ ասացի, թե իրենց հետ կխոսեմ միայն պաշտպանի ներկայությամբ:

3 ժամ քննչական սենյակում մնալուց հետո Արթուր Մարգարյանը օրվա պատասխանատու Ա. Հակոբյանի հետ ներկայացրեց պատժի ենթարկելու մասին Մանուկ Միքայելյանի մակագրությամբ  արձանագրությունը: Ըստ նշյալ արձանագրության՝ վիճել էի Ա. Հարությունյանի հետ, հայհոյել տեղաբաշխման հանձնաժողովին, քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, կառավարությանը, ինչի համար ինձ 7 օրով տեղափոխեցին պատժախուց: Բնականաբար, չստորագրեցի արձանագրությունը, ես պահանջեցի հիմնավորում: Թե’ Մարգարյանը, թե’ Հարությունյանը  հայտնի անեկդոտի նման պատասխանեցին՝ պատժախցից հետո կստանամ բոլոր հարցերիս պատասխաններն ու կվերականգնեմ արդարությունը: Պահանջեցի, որ թույլ տան գնալ կանանց տեղամաս, վերցնել անհրաժեշտ իրերս, զանգահարել ամուսնուս՝ տեղեկացնելու կատարվածի մասին, որպեսզի չանհանգստանա: Սակայն մերժվեցի՝ «նման իրավունք չունես» պատճառաբանությամբ: Առարկեցի, թե կա կառավարության համապատասխան որոշում, ինչին Մարգարյանը խոստացավ՝ կբերի պահանջս: Բայց մինչ օրս ձայն բարբառոյ հանապատի: Ուղիղ 4 օր պատժախցում ինձ չէին տրամադրում եւ ոչ մի փոխնորդ համազգեստ, այլ միջադիրներ, որը ոչ մի իրավունքիս հետ կապ չուներ:

7 օր պատժախցում անցկացնելուց հետո ինձ դուրս գալուց հանձնեցին եւս մի գրավոր նկատողություն, որտեղ սեւով սպիտակի վրա նշված էր՝ պատժախուց ուղղորդվելիս իմ կողմից հնչել են անհասցե հայհոյանքներ: Իսկապես հայհոյել եմ, բայց հասցեով, քանզի եթե պատժվեցի չարածիս համար, էլ ինչու չիրականացնեմ երազանքներս: Քանզի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը ոչ միայն Մանուկ Միքայելյանի հիմնարկը չէ, այլ մեր երազանքների օրրանն է: Պարզապես հասկացա, որ ես այն քիչ մարդկանցից եմ, որ նույն մեղքի համար պատժվում եմ երկու անգամ: Ապա իր մոտ հրավիրեց հիմնարկի պետը՝ սպառնալով, թե ամուսնուս կներգրավեն որպես մեղադրյալ կամ սատարող իմ բազմաբնույթ խարդախություններին, որոնք շարունակում եմ իրականացնել քրեակատարողական հիմնարկում: Դիմել եմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ բողոքով, որպեսզի կայացնի կրկնակի քննություն, անվավեր համարի Մանուկ Միքայելյանի որոշումը, ծանոթացնի իմ անձնական գործի նյութերի հետ: Բողոքն ուղարկել եմ փակ ծրարով: Չնայած հեռախոսազրույց ունեցա մեկ շաբաթ հետո, պարզվեց՝ բողոքիս հետ չի ծանոթացել նույնիսկ ԱՆ վերահսկողության վարչության աշխատակից Դ. Աղազալյանը:

«Առավոտ» օրաթերթ

22.09.2016թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930