Լրահոս
Օրվա լրահոսը

Մականունավոր արտիստը դադարից հետո սիրած դերապարով հանդես կգա

Հոկտեմբեր 06,2016 14:30

Կան արվեստագետներ, որոնց տեւական ժամանակահատված ասպարեզում չերեւալը երեւում է, մանավանդ, երբ արտիստը ճանաչված է կամ մականունավոր: Այս դեպքում խոսքը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Արմեն Գեւորգյանի մասին է, որը եւ շուրջ 20 տարի բեմում է, եւ նույնիսկ պրոֆեսիոնալ հանդիսատեսը նրա մասին խոսելիս հաճախ է օգտագործում «Գիժ» մականունը:

Արմեն Գեւորգյանին հանդիսատեսը լավ է ճանաչում. նա զբաղված է թատրոնի բոլոր խաղացանկային ներկայացումներում, այդ թվում՝ Խաչատրյանի «Սպարտակում» (Կրասոս), «Գայանեում» (Գիքո), Ադանի «Ժիզելում» (Ալբերտ), Ռոդիոն Շչեդրինի «Կարմենում» (Էսկամիլիո) եւ այլն: Արվեստագետը թատրոնի բալետային խմբի կազմում հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Քաթարում, Հնդկաստանում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում եւ այլուր:

armen-3

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ արտիստը նշեց, որ իսկապես շուրջ մեկ տարի մեջքի հատվածում վնասվածքի պատճառով բեմ դուրս չի եկել, բուժվել է եւ նոյեմբերի սկզբում պատրաստվում է ներկայանալ Գիքոյի դերապարով: «Գիքոն թատրոնում իմ առաջին մեծ կամ գլխավոր դերապարն է եղել: Կարոտել եմ թե Գիքոյին եւ թե հանդիսատեսին: Ինչ վերաբերում է մականունիս, այն «կնքել» են դեռեւս պարարվեստի քոլեջում… Պիտի նշեմ, որ դրա մեջ ես մի լավ բան եմ տեսնում, ինչպես մեծ բանաստեղծն է ասել՝ առանց գժվելու չես ծնի նոր մարդ, իսկ իմ դեպքում՝ նոր կերպարներ…»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշեց, որ քոլեջն ավարտելիս, պետական քննության ժամանակ հարցաթերթիկում Յուրի Գրիգորովիչի կյանքին ու ստեղծագործական ուղուն վերաբերող հարցի է պատասխանել եւ երբեք չի պատկերացրել, որ տարիներ անց թատրոնում «Սպարտակի» բեմադրական աշխատանքներում պետք է շփվի կենդանի լեգենդի հետ: «Միշտ աշխատել եմ ճանաչված խորեոգրաֆների հետ, այդ թվում՝ Վիլեն Գալստյանի, Հովհաննես Դիվանյանի, Արմեն Գրիգորյանի: Բախտս բերել է նաեւ կոլեգաների առումով: Այս պահին անուններ չեմ տա, որպեսզի թվարկելիս հանկարծ որեւէ մեկի անունը չմոռանամ»,- ասաց մեր զրուցակիցը:

armen-2

Դիտարկմանը՝ մի կարճ ժամանակահատված հրավերով աշխատել եք Իսրայելում եւ կարող էիք երկարաձգել պայմանագիրը, մանավանդ որ, նման առաջարկ եղել է, Արմեն Գեւորգյանը պատասխանեց. «2001 թվականից շուրջ 2 տարի աշխատել եմ Իսրայելի Հայֆա քաղաքի բալետային խմբում, հանդես եմ եկել դասական եւ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններում գլխավոր դերապարերով: Մինչ այդ՝ 1999թ., պարարվեստի քոլեջն ավարտելուց հետո, կատարելագործման նպատակով մեկնել եմ Մոնակո՝ Princesse Grace ակադեմիա… Եղել են նաեւ այլ հրավերներ ու տարբեր առիթներ, բայց ինձ միանշանակ ձգել է Երեւանն ու մեր օպերային թատրոնը»:
Թատրոնում գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի խորեոգրաֆիայով ընթանում են Խաչատրյանի «Դիմակահանդեսի» բեմադրական աշխատանքները, պրեմիերան էլ նախատեսված է դեկտեմբերին:

armen-4

Հետաքրքրվեցինք՝ զբաղվածություն ունի՞ այդ ներկայացման մեջ: «Ես դեռ ապաքինման շրջանում էի, երբ դերաբաշխումը կատարվել էր, հետեւաբար զբաղված չեմ: Բայց ժամանակին «Դիմակահանդեսում» ներկայացել եմ Զվեզդիչի դերապարով, որը 1980-ականների սկզբին մեր թատրոնում բեմադրել են ռուս խորեոգրաֆներ Նատալյա Ռիժենկոն եւ Վիկտոր Սմիրնով-Գոլովանովը»,- հայտնեց արտիստը: Ռեպլիկին՝ ձեր ընտանիքը պարային «շեղում» ունի (կինը՝ Լիլիթ Փալանջյանը, բալետի պարուհի է, դուստրը ուսանում է պարարվեստի քոլեջում), Արմեն Գեւորգյանը ժպտալով պատասխանեց, թե չի էլ պատկերացնում՝ ինչ կաներ ընտանիքը, եթե մշակույթի այս ոլորտը չլիներ… Հետո էլ ասաց. «13-ամյա դուստրս՝ Սյուզաննան ուսանում է պարարվեստի քոլեջում՝ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանի դասարանում, որը թատրոնում իմ փորձավարներից է: Օրերս Սյուզաննան առաջին անգամ իր մասնակցությունը բերեց մենապարուհի Ժակլին Սարխոշյանի երեկոյին…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Արմեն Գեւորգյանը՝
կնոջ եւ դստեր հետ:

 

«Առավոտ»

05.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31