Լրահոս
Օրվա լրահոսը

Աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանն առաջնորդող է տարածաշրջանում

Հոկտեմբեր 13,2016 21:12

Հոկտեմբերի 13-ն աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրն է: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, օրվա առիթով տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում, թեմատիկ հանդիպում-քննարկումներ, ընտրված կարգախոսով պատրաստվում են հասարակության ուշադրությունը տարբեր խնդիրների վրա հրավիրող ուղերձներ:

2016թ. ԱՌՆ միջազգային օրվա կարգախոսն է. «Հանուն մարդկային կյանքերի փրկության. հանրային իրազեկում և մահացության նվազեցում»:

Այսօր Երևանում տեղի ունեցավ «Աղետների ռիսկերի կառավարումը Հայաստանում» թեմայով սեմինար-քննարկում: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ, ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչներ, ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմինների և միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը: Ներկայացնելով ՀՀ ԱԻՆ ձեռքբերումներն ու աղետների ռիսկի կառավարման ձևավորված մեխանիզմը` նա նշեց, որ ԱԻ նախարարությունը ոլորտ է ներգրավել բազմաթիվ գործընկերների, որոնց հետ էլ ձեռնամուխ են եղել աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության մշակման աշխատանքներին:

– Աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային օրը ևս մի առիթ է մեկ անգամ ևս հիշեցնելու ամբողջ հասարակությանը, պետություններին, կառավարություններին, տարբեր նախարարություններին, գերատեսչություններին ու բոլոր թիրախային խմբերին՝ աղետների ռիսկերի կառավարման կարևորություն-անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ ոլորտում պետական, հասարակական և մասնավոր կառույցների լայն ներգրավվածության ապահովումը: Կայուն զարգացումը չի կարող լինել առանց աղետների ռիսկի կառավարման, առանց դիմակայունության հզորացման: Մենք դատապարտված ենք ստեղծել դիմակայուն երկիր, դիմակայուն համայնք, դիմակայուն դպրոց, դիմակայուն կազմակերպություն, ինքներս դառնանք դիմակայուն, որպեսզի պատուհասող աղետները մեզ համար չդառնան փորձանք, այլ` մենք կարողանանք հաղթահարել դրանք որպես հերթական փորձություն:

Ն. Գրիգորյանը խոսեց ԱԻՆ շոշափելի ձեռքբերումների՝ բոլոր մարզերում տեղակայված ճգնաժամային կառավարման կենտրոնների և «911» ծառայությունների, ԻՆՍԱՐԱԳ միջազգային չափանիշներին համապատասխանող, տեխնիկապես հագեցված ու բարոյական նկարագրով փրկարարական ստորաբաժանումների, սեյսմիկ պաշտպանության ու հիդրոմետ ծառայության մասին, ԱԻՆ-ի նկատմամբ ժողովրդի վստահության ու հավատի մասին: Ինչպես նաև Դեկտեմբերի 7-ին կազմակերպվող երկրաշարժի սցենարով համապետական ուսումնավարժության ու հանրային ազգային լրարշավի մասին, որը կեզրափակվի դեկտեմբերի 13-14-ը Երևանում անցկացվող հանրային իրազեկման արդեն 4-րդ միջազգային կոնֆերանսով:

Համաշխարհային բանկի փորձագետ Արա Նազինյանը խոսեց Սենդայի համաժողովի մասին և ներկայացրեց ՀԲ մի շարք ծրագրեր ու մոտեցումներ:

Բնական աղետների 90 տոկոսը կապված է կլիմայի փոփոխության հետ, մնացածը՝ մարդկային գործոն է: Մյուս կողմից՝ կլիմայի փոփոխությունը նույնպես որոշ չափով կապված է վնասակար գործունեության հետ: Կարո՞ղ են արդյոք մարդիկ ազդել բնական աղետների վրա, ինչպես նվազեցնել դրանց թիվը եւ որ աղետներն են հատկապես սպառնում Հայաստանին:

Հաջորդիվ ՀՀ ԱԻՆ բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման վարչության պետի տեղակալ Արա Ասլանյանը ներկայացրեց ՀՀ ԱԻՆ կողմից պատրաստված «Աղետների ռիսկերի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը:

ԱՌԿ ազգային ռազմավարության ձևավորման և զարգացման հիմնական նախադրյալներից է Հայաստանի` աղետներից խոցելի լինելու հանգամանքը: ԱՌԿ ռազմավարությունը բխում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից, համահունչ է Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին և ուղղված է կայուն զարգացման նպատակների իրականացմանը:

ԱՌԿ ռազմավարության նպատակն է պաշտպանել մարդկանց և նրանց առողջությունը, ունեցվածքը, ապրուստը և արտադրական, ինչպես նաև մշակութային ու բնապահպանական ակտիվները` միաժամանակ խրախուսելով և պաշտպանելով մարդու բոլոր, այդ թվում` զարգացման իրավունքը:

Առաջին անգամ Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգազգային օրը նշվել է 1989թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի թիվ 44/236 հռչակագրով սահմանված 1990-1999թթ. ԱՌՆ միջազգային տասնամյակի շրջանակում:

2001թ. որոշվում է ՄԱԿ-ի օրացույցում յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 2-րդ չորեքշաբթին ամրագրել որպես ԱՌՆ միջազգային օր, որպեսզի այն ծառայի որպես տարերային աղետների վտանգի նվազեցման գլոբալ մշակույթի ձևավորմանը, դրանց կանխարգելմանը և պատրաստվածության բարձրացմանն աջակցող միջոց:

Հաշվի առնելով ԱՌՆ կարևորությունը` 2009թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան որոշում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 13-ը նշել որպես ԱՌՆ միջազգային օր:

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի ԱՌՆ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Գլասերն իր ԱՌՆ միջազգային օրվան նվիրված ուղերձում նշում է. «Չնայած բազմաթիվ հաջողություններին` կանխատեսելի իրադարձությունների հետևանքով դեռևս չափազանց շատ մարդկային կորուստներ են լինում վաղ ազդարարման համակարգերի և անցյալից քաղած դասերի ձախողման, կլիմայի փոփոխության ահագնացող վտանգի ընկալման ու եղանակային պայմանների վրա դրա ազդեցության պատճառով` ներառյալ փոթորիկները, ջրհեղեղներն ու երաշտը:

Լայն հասարակության շրջանում ռիսկի ընկալումն այս 7-ամյա արշավի կենսական թեմաներից է, որը գտնվում է 7 թիրախների կենտրոնում և որին համաձայնություն են տվել ՄԱԿ-ի անդամ երկրները:

Սենդայի ծրագրի նպատակները նույնպես ուղղված են մինչև 2020թ. տեղական և ազգային ԱՌՆ ռազմավարությունների մշակմանը, զարգացող երկրների միջև համագործակցության սերտացմանը և վտանգավոր երևույթների վաղ ազդարարման համակարգերի հասանելիության մեծացմանը»:

Այս տարի ԱՌՆ միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ը նախաձեռնել է 2016-2022թթ. իրականացվող «Սենդայի յոթնյակ. 7 թիրախ` 7 տարում» արշավը, որն ուղղված է Սենդայի Գործողությունների Ծրագրի 7 թիրախային նպատակների իրականացմանը:

2016թ. – Թիրախ 1.                Մինչև 2030թ. նվազեցնել համընդհանուր մահացությունն աղետներից

2017թ. – Թիրախ 2. Մինչև 2030թ. նվազեցնել տուժած մարդկանց թիվը

2018թ. – Թիրախ 3. Մինչև 2030թ. նվազեցնել աղետների պատճառած ուղղակի տնտեսական վնասը՝ համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ

2019թ. – Թիրախ 4. Մինչև 2030թ. կրճատել կարևոր նշանակության ենթակառուցվածքներին աղետների պատճառած վնասը և հիմնական ծառայությունների, այդ թվում` առողջապահական և կրթական հաստատությունների աշխատանքի խափանումը, որը կիրականացվի դիմակայունության բարձրացման միջոցով

2020թ. – Թիրախ 5. Մինչև 2020թ. ավելացնել ազգային և տեղական աղետների ռիսկի նվազեցման ռազմավարություններ ունեցող երկրների թիվը

2021թ. – Թիրախ 6. Մինչև 2030թ. զարգացող երկրներում հզորացնել միջազգային համագործակցությունը

2022թ. – Թիրախ 7. Մինչև 2030թ. մեծացնել տարատեսակ վտանգների համար նախատեսված վաղ ազդարարման համակարգերի թիվն ու հասանելիությունը, ինչպես նաև աղետների ռիսկի մասին տեղեկատվության և գնահատումների հասանելիությունը բնակչությանը:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31