Ազգային Ժողովի նախագահ Ռուբինյանը հայտարարում է, թե չի բացառվում, որ Սահմանադրության հարցով քննարկումներ կլինեն Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով, ընդդիմությունը բարձրացնում է հարցեր, որոնք իրենք համարում են լեգիտիմ հարցեր, եւ փորձում են տալ դրանց պատասխանները, որովհետեւ դրանից են կախված հետագա զարգացումները։ Ռուբինյանի այս հայտարարությունը բավականին հետաքրքրական է։ Նախ, ստացվում է, որ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը կամա, թե ակամա հերքում է պաշտոնական Երեւանի այն պնդումները, թե Սահմանադրության փոփոխությունը ոչ մի կապ չունի Ադրբեջանի պահանջի կամ պայմանի հետ, ու առհասարակ չկա այդպիսի խնդիր։ Այդ դեպքում առհասարակ ինչո՞ւ պետք է որեւէ քննարկում լինի Ադրբեջանի հետ, թեկուզ «չբացառելու», ոչ թե անպայման այդպիսի քննարկման հնարավորությունը պնդելու տարբերակով։ Տրամաբանությունը, առավել եւս «ինքնիշխանության» ջատագով իշխանության տրամաբանությունը հուշում է, որ պետք է ոչ թե «չբացառվի քննարկումը» Ադրբեջանի հետ, այլ հակառակը՝ այդ քննարկումը պետք է բացառվի։
Բայց եթե մի կողմ թողնենք հռետորաբանությունը, ապա նույնիսկ մանկապարտեզի երեխային էլ պարզ է, որ Սահմանադրության փոփոխության օրակարգը գալիս է Ադրբեջանի պայմանից, որն, ի դեպ, երեկ հերթական անգամ բարձրաձայնել է այդ երկրի ԱԳ նախարարը Անկարայում՝ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում, ասելով, թե Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր անի խաղաղության պայմանագիրը ստորագրելու ուղղությամբ։ Իսկ այն, որ Ադրբեջանի համար ստորագրման պայման է Սահմանադրությունը, օրերս հերթական անգամ խոստովանել է նաեւ արտաքին գործերի նախարարը։ Հետեւաբար, պարզապես ծայրահեղ անհամարժեք ու նույնիսկ՝ անգրագետ է պետք լինել, կասկածելու համար, որ Հայաստանում Սահմանադրության հանրաքվեն լինելու է Ադրբեջանի պահանջ կամ պայման։
Ու թերեւս հենց դրա համար էլ ԱԺ նախագահը «չի բացառում» քննարկումը Ադրբեջանի հետ։ Երեւանն ըստ ամենայնի փորձելու է Բաքվին համոզել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում հրաժարվեն այդ պայմանից։ Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունը սկսել է մտածել, որ այդուհանդերձ ավելի դյուրին կլինի այդ հարցում համոզել Ադրբեջանին, քա՞ն Հայաստանի հանրությանը համոզել կամ հավաստիացնել, որ հանրաքվեն Բաքվի պահանջ չէ։ Այստեղ ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանին համոզելը՝ եթե դա անգամ համարենք իրատեսական, ենթադրելու է գին։ Ըստ այդմ, ի՞նչ գին է դրա դիմաց մտադիր վճարել Երեւանը։
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ



















































