Հերթական անգամ ականատես դարձանք ողբերգական դեպքի՝ ոչ մարտական պայմաններում զինծառայողի հերթական մահվան մասին։
Թվում էր, թե զինծառայողների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները կանխելու և նման ողբերգական դեպքերը բացառելու նպատակով իրականացվող բարեփոխումները, ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև պաշտպանության նախարարության ղեկավար կազմի՝ զորամասեր կատարած չհայտարարված այցերը պետք է նպաստեին խնդրի համակարգային լուծմանը։ Սակայն, ցավոք, մինչ օրս արձանագրում ենք, որ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ ձեռնարկվող քայլերը հիմնականում կրում են ձևական բնույթ։
Փաստացի, զինծառայողների կյանքի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը շարունակում է մնալ խիստ կասկածելի, իսկ ակնկալվող արդյունքները՝ անտեսանելի։ Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, պաշտպանության նախարարության ղեկավար կազմի՝ զորամասեր կատարած չհայտարարված այցերը, զինվորական ողջույնի ժամանակ գլխարկ կրելու կարգի փոփոխությունը և այլ ցուցադրական նախաձեռնությունները չապահովեցին ակնկալվող արդյունքը։
Թերևս, ժամանակն է հանրային կապերի ապահովման, ցուցադրական ակտիվության և բարեփոխումների իմիտացիայի փոխարեն կենտրոնանալ խնդրի իրական պատճառների բացահայտման և դրանց վերացման վրա։
Կարդացեք նաև
Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը, ինչպիսի՞ն է նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու ծառայողական անցած ուղին, ի՞նչ սկզբունքներով են իրականացվում ղեկավար կադրերի ընտրությունն ու նշանակումները, և, ամենակարևորը, որքանո՞վ են այդ անձինք համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին։
Պետք է հստակ գնահատական տալ ոչ միայն արձանագրված ողբերգական դեպքերին, այլև դրանց հանգեցրած կառավարման թերություններին, պատասխանատվության շրջանակներին և վերահսկողության մեխանիզմների արդյունավետությանը։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել գործնական ու արդյունավետ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի իրական կանխարգելմանը, այլ ոչ թե պարզապես կստեղծեն խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու տպավորություն։
Պետք է գիտակցել, որ զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի։ Յուրաքանչյուր ողբերգական դեպք պետք է դառնա ոչ թե հերթական հայտարարության կամ ձևական քննարկման, այլ կոնկրետ պատասխանատվության, հետևությունների և համակարգային փոփոխությունների պատճառ։
Զինծառայողների կյանքի պահպանությունը պետական կառավարման համակարգի առաջնահերթ պարտավորություններից է, և այդ պարտավորությունը չի կարող սահմանափակվել հայտարարություններով, հանձնաժողովների ստեղծմամբ կամ ցուցադրական այցելություններով։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը խորին ցավակցություն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին՝ կիսելով նրանց վիշտն ու անդառնալի կորստի ցավը։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
01.11.2026 թ.



















































